Վերածնվում ենք. Արցախից Հայաստան տեղափոխված մի շարք ընկերություններ ներկայացված են «ԴիջիԹեք» էքսպոյում

  • 19:33 14.10.2023

Բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մի շարք ընկերություններ նոր գործընկերներ, համագործակցություն ու ներդրումներ գտնելու ակնկալիքով ներկայացված են հոկտեմբերի 13-15-ն անցկացվող 18-րդ «ԴիջիԹեք» էքսպոյին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տվյալ ընկերությունների ներկայացուցիչները շեշտեցին, որ վերածնվելու հստակ նպատակ ու պլաններ ունեն:

«Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը պատմեց, որ տեղահանման ժամանակ մի կերպ կարողացել են իրենց գույքի մեծ մասը դուրս բերել ԼՂ-ից, բայց ամենակարևորը, որ բերել են՝ իրենց երազանքներն ու նպատակներն են։ Տեխնոլոգիական կրթություն առաջարկող «Մունք»-ում վստահ են՝ լավ հայրենիք ունենալու ճանապարհը կրթությունից է սկսվում։

«ԼՂ-ում ծրագիրը գործում էր 7 համայնքներում։ Երկու տեխնոդպրոց ունեինք, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ 250-ից ավելի ուսանողներ ունեինք, իսկ ամենամեծ ձեռքբերումը շուրջ 40 շրջանավարտներն էին, որ, վստահ եմ՝ արդեն այս տարի կտեղավորվեն աշխատանքի հայաստանյան ՏՏ ոլորտում և որոշ դեպքերում, նույնիսկ լինելով անչափահաս, կդառնան տան կերակրողը»,- նշեց տեխնոդպրոցի ծրագրերի ղեկավար Սասուն Դավիդյանը։

Դպրոցը ԼՂ-ից տեղահանվելուց հետո հաստատվել է Լոռու մարզում։ Արդեն որոշակի տարածք ունեն, որտեղ կարող են վերսկսել աշխատանքները: Միակ խնդիրը ընթացիկ ծախսերի համար գումար ու ներդրողներ գտնելն է։

Ներդրումների ու նոր գործընկերների հետևից «ԴիջիԹեք» են եկել նաև մարտակերտցի մի խումբ երիտասարդներ։ Լեռնային Ղարաբաղում ծրագրում էին նորարարական լուծումներով երիտասարդական կենտրոն բացել ու զարգացնել համայնքը: Հիմա մտադիր են կիսատ թողած գործը Հայաստանում շարունակել:

«Երկու հարկանի շենք ունեինք Մարտակերտում, որ պետք է վերածվեր Beety co-working տարածքի ու համայնքային զարգացման ինկուբատորի, սակայն, երբ արդեն «ռեԱրմենիա»-ում դրամահավաք պետք է սկսվեր շինարարությունը սկսելու համար, սկսվեց շրջափակումը ու չհասցրինք դրամահավաք անել։ Այդ ընթացքում փորձում էինք ակտիվացնել Մարտակերտը, երիտասարդների ներգրավել մեր թիմ»,-պատմեց Beety կազմակերպության համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը։

ԼՂ-ի միակ ու առաջին Մարքեթինգային ընկերությունը՝ BIB-ը, որը համագործակցել է աշխարհի տարբեր երկրների հետ, վերածնվելու հաստատակամ պլաններով է առաջ շարժվում: Ուզում են ապացուցել, որ իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել և խանգարել զարգանալու և երկրին աճ ապահովելու գործում: Այս պահին բաց են ընկերությունների հետ համագործակցության համար:

f