Ստիպված հեռանալով իր նախնիների հազարամյա հայրենիքից՝ արցախցիները տագնապով են լսում լուրերն ու պաշտոնական տեղեկություններն առ այն, որ Բաքուն Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ կարող է ներխուժել Հայաստան և կտրել ոչ միայն Սյունիքն ու Վայոց ձորը, այլեւ Տավուշի ու Գեղարքունիքի մի մասը։
Փաշինյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ «մեր ընդդիմախոսներն ասում են՝ ոչ, Հայաստանի Հանրապետությունը 29800 քառ. կմ չէ։ Նրանք կարծում են, որ, ասենք, Հայաստանի տարածքը 5000 քառակուսի կմ է, բայց այս նրբությունների մեջ շատ դեպքերում ոչ ոք չի խորանում»։
Այսինքն՝ Փաշինյանն ակնարկում է, որ Հայաստանի տարածքը կարող է սահմանափակվել 5000 հազար քառակուսի կիլոմետրով, եւ այս ուղղությամբ “աշխատանքներ են տարվում”։
Իր հերթին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը պարզաբանում է խնդրել Պետդեպարտամենտից Politico-ի այն հոդվածի առնչությամբ, որ պետքարտուղար Բլինքենը կոնգրեսականներին զգուշացրել է Բաքվի կողմից հայկական տարածք մոտալուտ ներխուժման մասին։
Ի պատասխան՝ Պետդեպարտամենտը նշել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելու արժանապատիվ և տեւական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Ուժի կիրառումն անընդունելի է, իսկ ուղղակի երկխոսությունը էական է հակամարտության երկարաժամկետ լուծման համար»։
«Ադրբեջանը նաև պատասխանատվություն է կրում ապահովելու, որ իր զինված ուժերը պահպանեն միջազգային իրավունքը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, որը կարգավորում է ռազմական գործողությունների ընթացքը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և մարտիկների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», – ասվում է Պետդեպարտամենտի պատասխանում:
Այսինքն՝ Պետդեպարտամենտը չի հերքում, որ պետքարտուղար Բլինքենը նախազգուշացրել է մի խումբ օրենսդիրների՝ «առաջիկա շաբաթներին» ադրբեջանական Հայաստան հարավ ներխուժման մասին։ Պետքարտուղարությունը միայն հորդորում է Բաքվին պահպանել «ներխուժման միջազգային կանոնները»։
Բաքուն չի թաքցնում «սահմանազատումից» առաջ իրեն անհրաժեշտ սահմանները գծելու մտադրությունները։ «Ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ պատասխանելով Ալմա-Աթայի հռչակագրի և 1975 թվականի քարտեզների մասին հարցին, որոնք Փաշինյանն առաջարկում է որպես 29.8 հազար քառ. կմ Հայաստանի սահմանազատման հիմք:
Ռուսաստանը Բաքվին խոստանում է «Զանգեզուրի» հարցերը լուծել նույնքան «խաղաղ», ինչպես Արցախում՝ իր օկուպացիոն ուժերի միջոցով, բայց պայմանով, որ հենց Մոսկվան «միջնորդ» կլինի Թուրքիայի հետ միասին «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցում, իհարկե՝ 5000քմ. կմ սահմաններում։ Ալիեւը նույնպես պնդում է միայն ռուսական միջնորդությունը։ Բայց քանի որ Արևմուտքը պնդում է իր միջնորդությունը (արդեն պայմանավորվածություն կա Փաշինյան-Ալիև ամսվա վերջին Բրյուսելում հանդիպման մասին), “ոչ խաղաղ” ներխուժումն անխուսափելի է դառնում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որը կիրառում էր Մոսկվան Ուկրաինա ներխուժելուց առաջ, երբ [Մոսկվան] խոսում էր Արևմուտքի ռազմական օգնության մասին [Կիևին]»,- գրում է ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ Ադրբեջանը «ցանկանում է դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան օգնության ընդլայնումը` միաժամանակ պահպանելով կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հայկական տարածք հնարավոր ներխուժման կենսունակությունը»: Stratfor-ի վերլուծաբանները նաև մեջբերում են Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական ներխուժումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին:
Շատ բան, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում: Բայց ամեն դեպքում, Հայաստանը պետք է պատրաստվի Ռուսաստանի «խաղաղ» ներխուժմանը կամ Թուրքիայի ռազմական ներխուժմանը։ Արևմուտքը միայն պահանջում է «մարդկային վերաբերմունք» պահպանել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: