Հայաստանի և Արցախի միջև տիրող քաղաքական և իրավական խառնաշփոթը, որը տիրում է 32 տարի (այն օրվանից, երբ Հայաստանի իշխանությունները, անտեսելով ՀԽՍՀ և ԼՂՀ Գերագույն խորհուրդների համատեղ որոշումը, թույլ չտվեցին ԼՂՀ, այսինքն՝ ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանի բնակիչներին մասնակցել Հայաստանի անկախության հանրաքվեին), այսօր դրսևորվում է իր ողջ մերկությամբ և հակապետականությամբ։
Հայ հասարակության մեջ (ներառյալ Արցախի բռնի տեղահանված բնակիչները) ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն պատժի մասին, որին պետք է ենթարկվեն Արցախի իշխանությունները։ Ոմանք պնդում են, որ պաշտոնյաները պետք է պատժվեն դե ֆակտո կայացած պետության քաղաքական համակարգը քանդելու համար, մյուսները՝ տնտեսական հանցագործությունների, յուրացումների և այլնի համար։ Հանուն արդարության պետք է ասել, որ Արցախի իշխանությունների կողմից կատարված հանցագործություններն այնքան շատ են, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն համազգային դատաստանի։
Բայց այստեղ առաջանում է ամենամեծ հարցը՝ ո՞ր դատարանը պետք է դատի մեր 25-ամյա պետականությունը քանդած ու Հայաստանը աղետի եզրին հասցրած պետական հանցագործներին։
Ադրբեջանն ապօրինի առևանգել է և պատրաստվում է դատել Արցախի նախկին բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարներին՝ դրանով իսկ հետապնդելով հայկական պետականությունն ամբողջությամբ ոչնչացնելու հեռահար նպատակը։ Սակայն հայ հասարակությունը դեռ չի գիտակցում այս ձեռնարկման վտանգավորության աստիճանը՝ մնալով չարախնդման մակարդակում. ասում են՝ մարդիկ, ովքեր ժամանակին Արցախում հանցավոր կարգ են հաստատել, տարեցտարի վերընտրվել են իրենց բարձր պաշտոններում՝ կաշառակերության, շանտաժի, ընտրողների նկատմամբ հալածանքների միջոցով, արցախյան հասարակության քայքայված քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունն՝ բոլորն այսօր պատասխանատվություն են կրում։
Բայց միևնույն ժամանակ չկա գիտակցություն, որ Բաքվում նրանց դատելու են ոչ թե սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունների համար՝ հօգուտ հայ ժողովրդի «դաշնակցի» և բացահայտ թշնամու, այլ այն բանի համար, որ Արցախն իր ժամանակակից պատմության ընթացքում ֆինանսավորվել է Հայաստանի բյուջեից, թեկուզ միջպետական վարկով։ Քանի որ Ադրբեջանը Արցախի բոլոր բնակիչներին համարում է ահաբեկիչներ, նրանք փորձում են Հայաստանը ներկայացնել որպես ահաբեկչության հովանավոր։
Եվ ահա, Բաքվին օգնության են հասնում ոչ միայն Արցախի նախկին ղեկավարները, այլեւ այն պատգամավորները, վերջին ոչ լեգիտիմ նախագահը, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք մեղսակից են եղել յուրացումներին, ապօրինություններին ու պետական միջոցների չարաշահմանը։
Ադրբեջանն, իհարկե, թքած ունի, որ այդ մարդիկ երկրում բացահայտ խառնաշփոթ են ստեղծել՝ չկարողանալով կազմակերպել 9-ամսյա շրջափակման մեջ գտնվող մարդկանց կյանքը և անգամ չկարողացան ապահովել բնակչության, այդ թվում՝ անպաշտպան արցախցիների բնականոն տարհանումը՝ հաշմանդամների, տարեցների, միայնակների։
Ադրբեջանին չեն հետաքրքրում Արցախի ապաշնորհ իշխանությունները, որոնք լափեցին վերջին բյուջեն և այսօր թողեցին իրենց տներից փախածներին ու բառիս բուն իմաստով փողոցում հայտնվածներին՝ առանց աշխատավարձի նույնիսկ աշխատած մեկ ամսվա համար, թեև ի սկզբանե հայտարարվում էր, որ Արցախի Հանրապետությունը կլուծարվի 2024 թվականի հունվարի 1-ից, և բնակիչները կպահպանեն 4 ամսվա աշխատավարձը։ Այսօր ամենադժվար վիճակքւմ թոշակառուներն են, ովքեր չեն կարողանում իրենց ապրուստի սուղ միջոցները ստանալ։
Բայց այս իրավիճակում ամենադժվարն այն է, որ մարդիկ չգիտեն, թե ում դիմեն այս խնդիրները լուծելու համար։ Իշխանական ո՞ր մարմինը կարող է այսօր պատասխանատվության ենթարկել Արցախի պաշտոնյաներին։ Արդյո՞ք Հայաստանն իրավունք ունի դա անել։
Այս ամենը հարցեր են, որոնք հայ հասարակության մեջ չեն քննարկվել ավելի քան 30 տարի և այժմ չեն քննարկվում։ Եվ դա կարող է հանգեցնել նույնիսկ ավելի մեծ անախորժությունների, քան նրանք, որոնք մենք ստացանք անցած 3 տարիների ընթացքում․ երկու աղետալի պատերազմներ, Արցախի հայ բնակչության լիակատար տեղահանում, իսկ իրականում նրա ֆիզիկական կորուստ։ Ֆիզիկական, քանի որ քաղաքական ու իրավական պայքարը շարունակվելու է գոնե հանուն հայոց պետականության պահպանման։
Մարգարիտա Քարամյան