Արցախի իշխանությունները հայտարարում են, որ լուծարել են Արցախի Հանրապետությունը. «կարող ենք համարել, որ միացած ենք Հայաստանին, մեզ մնում է հետ բերել օկուպացված հողերը՝ սեփական ուժերով»

  • 14:20 19.10.2023

Արցախից բռնի տեղահանված բնակիչները կվերադառնան միայն ու միայն այն պայմանով, եթե Արցախում լինի հայկական իշխանություն։ Այս մասին այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նա նշեց, որ խնդրի լուծման ցանկալի թիվ մեկ տարբերակը Արցախի միացումն է Հայաստանին, ինչի համար էլ սկսվել էր մեր պայքարը։ «Մենք Արցախի հարցում ունենք երկու իրավական որոշում, մեկը 1989 թվականի Արցախ-Հայաստան վերամիավորման ակտն է, որը ոչ մեկը չի բեկանել, մյուսն  էլ Անկախության հռչակումը։ Հիմա, եթե Արցախի իշխանությունները սխալ քայլ են արել, հայտարարում են, որ լուծարել են Արցախի Հանրապետությունը, կարող ենք համարել, որ միացած ենք Հայաստանին, մեզ մնում է հետ բերել օկուպացված հողերը՝ սեփական ուժերով եւ միջազգային հանրության հետ ճիշտ համագործակցելով։ Եթե անկախ Արցախը լուծարվում է, պետք է վերադառնալ 1989 թվականի որոշմանը՝ Արցախը միացնել Հայաստանին»,- հայտարարեց Լեւոն Հայրյանը։

«Ես անձամբ մինչեւ կյանքիս վերջ պայքարելու եմ, որ եթե Արցախում հայկական սուվերենիտետ չլինի, որեւէ հայ չվերադառնա այնտեղ։ Աշխարհի բոլոր ժամանակների ցեղասպանությունները, այդ թվում՝ հայոց ցեղասպանությունը, առաջացել են սուվերենիտետ չունենալու հետեւանքով։ Այսինքն՝ արցախցուն առանց հայկական սուվերենիտետի ուղարկել Արցախ, դա նշանակում է ուղարկել սպանդանոց կամ հաջորդ ցեղասպանությունը նախապատրաստել»,- ասաց Հայրյանը՝ արձագանքելով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, ով հայտարարել էր Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին։ «Նա այդ հայտարարությունն անում է ռուս պապային ու թուրք հոպարին դուր գալու համար»,- նշեց Հայրյանը։

Նա ասաց, որ տեղյակ է՝ Արցախի մի քանի կենտրոններ փորձում են բեկանել Արցախի նախագահի ստորագրած այդ թուղթը, որն իրականում փաստաթուղթ էլ չէ եւ իրավական հիմք չունի։ «Իրավական հիմք չունի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Ադրբեջան է, բայց ռուսական ու թուրքական քաղաքական ուժերն իրենց համար մատի փաթաթան են արել դա։ Նրանք չունեն որեւէ իրավական փաստաթուղթ, եթե ունենան, դրանից կկառչեն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից»,- ընդգծեց Հայրյանը։