Ադրբեջանի իշխանությունները մանրամասն նախապատրաստվել են այս տարվա սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թաթոյան» իրավունքի և արդարադատության հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Տվյալները հիմնված են մոնիտորինգի և փաստերի հավաքագրման արդյունքների վրա: Հիմնադրամի խմբերն աշխատել են Կոռնիձորում և Գորիսում, սերտ համագործակցել են փորձագետների, Արցախի օմբուդսմենի հետ և վերահսկել Ադրբեջանի ղեկավարության հանրային քաղաքականությունը։
Հարձակման նպատակներից մեկն Արցախի բնակեցված տարածքներն իրարից կտրելն էր՝ Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին ու Ստեփանակերտը։ Միաժամանակ խաղաղ բնակչությունը շարունակաբար գնդակոծվել է։ Միաժամանակ, բնակչության խուճապը մեծացնելու նպատակով դադարեցվել է կապը զինվորականների և բնակավայրերի միջև։ Բնակչությունը շատ դեպքերում չի իմացել, թե ինչ է կատարվում, և մարդիկ իրենց հագածով փախել են։
Բացի այդ, հարձակումը սկսվել է ցերեկը՝ կեսօրից հետո, երբ երեխաներն ու ուսանողները դասի էին: Դրան նախորդել էր 9-ամսյա շրջափակումը։ Ընտանիքները բաժանված էին, ծնողները չգիտեին, թե որտեղ են իրենց երեխաները։ Սա նաև դիտավորյալ արարք էր՝ լրացուցիչ տառապանք պատճառելու և քաոսի վիճակը մեծացնելու համար, ընդգծել է Թաթոյանը՝ քարտեզի վրա ցուցադրելով վերը նշվածը։
«Մարտակերտի վրա հարձակումը եղել է չորս կողմից: Ճանապարհներն ու կոմունիկացիաները կտրվել են»,- թվարկեց Թաթոյանը։
Քարտեզներում հստակ երևում են ադրբեջանական ուժերի տեղաշարժը և փախչող հայ բնակչության շարժման ուղիները։ Թաթոյանն արցախահայության «կամավոր գաղթի» մասին Բաքվի հավաստիացումները ցինիզմի բարձրակետ է անվանել։ «Եթե ինչ-որ մեկը չի հասցրել փախչել, սպանվել կամ գերվել է։ Գետավանում խաղաղ բնակիչների սպանության դեպքեր կան»,- ընդգծեց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բնակչությունը փախչելու համար ուներ կես ժամից մեկ ժամ, և ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ ադրբեջանական զորքերը բնակչությանը պարզապես քշել են մի անկյուն և տարածքից «ելք»-ի մղել: «Ինչ կամավոր ելքի մասին կարելի է խոսել նման պայմաններում»,- ընդգծեց Թաթոյանը։
Նման իրավիճակ էր նաև Մարտունիում և Ասկերանում։
«Բոլորն են հիշում փախստականների ամբոխի սարսափելի պատկերներն օդանավակայանում»,- հիշում է Թաթոյանը։ «Այս շրջանի Սառնաղբյուր գյուղում զոհվել է 5 խաղաղ բնակիչ, որոնցից երեքը երեխաներ են եղել, երկուսը՝ նույն ընտանիքից։ Երեխաներին սպանել են դպրոցում», -ընդգծեց Թաթոյանը։
«Ստեփանակերտի մեկուսացումը ռազմավարական նշանակություն ուներ այլ շրջանների հետ կապը խզելու համար, որպեսզի Արցախի իշխանությունները զրկվեն կառավարելու և պաշտպանվելու հնարավորությունից»,- նշել է Թաթոյանը։ Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել Արցախի մայրաքաղաքի հեռավոր շրջան, ինչի պատճառով էլ Ստեփանակերտում կրակոցների մասին տեղեկություններ են ստացվել։ Կրկժան թաղամասի բնակիչները հոկտեմբերի 19-ի կեսօրին չեն կարողացել հասնել իրենց տներ և ստիպված են եղել վերադառնալ կենտրոն։ Ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցրել նաեւ ֆիլտրման կայանը։ «Մեզ բերել են այս «խմելու» ջրի նմուշները։ Տեսեք, թե որքան պղտոր է ջուրը։ Սա եւս վկայում է ադրբեջանցիների հանցավոր գործունեության մասին։ Նրանք հենց այդպես էլ անում են, երբ ագրեսիվ են դառնում, փորձում են բնակչությանը ջրից զրկել։ Նպատակներից մեկն էլ հնարավորինս շատ վնաս պատճառելն ու խուճապ առաջացնելն է»,- նշել է Թաթոյանը։ Նրա խոսքով, ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտի բոլոր ելքերը, որպեսզի ոչ ոք չկարողանա հեռանալ։ Նա մեջբերեց մի դեպք, երբ 19-ին մի պապիկ երկու փեսայի հետ, չիմանալով ստեղծված իրավիճակի մասին, գնացել է քաղաքից դուրս՝ թոռանը վերցնելու։ Ադրբեջանցիները կրակել են մեքենայի վրա։ Տարեց տղամարդը մահացել է. «Իսկ ինչպե՞ս կարելի է նման պայմաններում խոսել էթնիկ զտումների բացակայության մասին։ Ընդհակառակը, թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները, դպրոցի հետ տեղի ունեցած միջադեպը նույնն է վկայում»,- ասաց Թաթոյանը։
«ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը, մեղմ ասած, զարմանալի է», -ասաց Արման Թաթոյանը։
«Առաքելության արդյունքում հայտարարվել է, որ առաքելության անդամներն էթնիկ զտումների ականատես չեն եղել։ Մինչդեռ առաջին հերթին` ՄԱԿ-ը պետք է կանխեր տեղի ունեցածը, երկրորդ՝ առաքելությունը պետք է գար Կոռնիձոր և Գորիս և խոսեր փախստականների հետ, հետո գնար Արցախ և ամեն ինչ տեսներ, այլ ոչ թե գործեր Բաքվի հրամանով»,- նշել է Թաթոյանը։
Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր ազգի հետ կապված միջազգային կառույցների գեղեցիկ խոսքերն ուղղակի խոսքեր են, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գործում են քաղաքական դրդապատճառներով։ «Դա վերաբերում է ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանին», -պարզաբանեց Թաթոյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը խարխլում է ողջ միջազգային իրավական համակարգը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: