Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է ակնկալում «3+3» ձևաչափով հանդիպումից, որն անցկացվելու է Թեհրանում հոկտեմբերի 23-ին։
«Ակնկալում ենք տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալը, որովհետև մասնակցում են հիմնականում տարածաշրջանի երկրները՝ գումարած Ռուսաստանի Դաշնությունը, որն այսպես թե այնպես տարածաշրջանում է։ Այնպես որ, մենք մեր իրավունքները այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի են՝ դա Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև թույլ չտալ, որպեսզի չլուծված խնդիրներին փորձեն լուծումներ տալ Հայաստանի հաշվին։
Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: