Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցության նոր ծրագիր է սկսում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:
Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:
Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում եւս կաջակցի նրանց»,- գրել է Փաշինյանը:
Մինչ այս Հայաստանի կառավարությունը սկսել էր ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձանց միանվագ 100 հազարական դրամ հատկացնելու ծրագիրը։ Կառավարությունը սկսել է նաև նրանց բնակության և կոմունալ ծախսերի համար յուրաքանչյուր անձի հաշվով 50 հազարական դրամ հատկացնելու ծրագիրը, որը կշարունակվի 6 ամիս։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: