Այսուհետ Հայաստանի իշխանությունն է զբաղվելու է Արցախի ժողովրդի սոցիալական խնդիրներով։ Հայտարարվել է, որ Արցախի իշխանությունների կազմակերպած օպերատիվ շտաբը փակվելու է, և այս շաբաթվա ընթացքում գործերը կտեղափոխվեն ՀՀ կառավարությանն առընթեր Հումանիտար կենտրոն։
Հենց «հումանիտար» անվանումը հուշում է, որ արցախցիների հարցը Հայաստանում այսուհետ կրելու է զուտ մարդասիրական բնույթ՝ առանց իրավական և քաղաքական հարցերի։ Առավել եւս այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը Թեհրանում իր հայ գործընկերոջ ներկայությամբ հայտարարեց, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, ուստի հարցը մեծ հաշվով լուծված է»։
Արարատ Միրզոյանը չառարկեց, միայն ասաց, որ սրանից հետո տարածաշրջանում հարաբերությունները պետք է կառուցվեն «ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառման, պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա», ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության»։ Միրզոյանը, իբր պատահաբար, չհիշեց ինքնորոշման սկզբունքը, ինչպես Փաշինյանը Եվրախորհրդարանում չհիշեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով միայն «ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը»։
Տարածքներն ու ինքնորոշումը՝ դա Հայաստանի իշխանության մասին չէ։
Երևանը վաղուց չի խոսում Արցախի ինքնորոշման մասին։ Ավելին, Արդարադատության միջազգային դատարանին ուղղված իր հայցով Երևանը հենց Ադրբեջանից է պահանջել ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության (ներողություն, Լեռնային Ղարաբաղի՝ Փաշինյանի մամուլի քարտուղար) կողմից տրված քաղաքացիական կացության վկայականները։ Այսինքն՝ արցախցիների փաստաթղթերը պետք է ճանաչի Բաքուն, ոչ թե Երևանը։
Այժմ Երևանը արցախցիներին վերաբերվում է որպես «եղբայրների և քույրերի», ովքեր օգնության կարիք ունեն մի քանի ամիս գոյատևելու համար, մինչ աշխատանք գտնեն և սկսեն զրոյից կառուցել իրենց կյանքը։ ՀՀ կառավարությունը հայտնել է, որ Արցախի բնակիչներին սեպտեմբեր ամսվա և այլ աշխատավարձեր վճարելու պարտավորություն չունի, և պարզ չէ, թե արցախցիները կստանա՞ն իրենց վաստակածը։ Չի խոսվում նաև թոշակների և սոցիալական այլ արտոնությունների մասին։ Բոլոր օրինական վճարումները, որոնք մարդիկ վաստակել կամ ստացել են օրենքով, փոխարինվել են երկու ամսով մեկ անձի համար 50 հազար դրամով։
Ճիշտ է, ՀՀ կառավարությունն արձանագրել է, որ մշակում են «երկարաժամկետ հումանիտար ծրագրեր», սակայն մինչ օրս կոնկրետ որոշում չկա, թե արդյոք կլինի՞ ՀՀ անձնագրերով արցախահայերի ամբողջական ինտեգրում Հայաստանի Հանրապետությանը։ Թե արցախցիները կմնան անիրավ՝ լինելով ոչ ներքին տեղահանվածներ, ոչ փախստականներ։
Ինտեգրումը որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, որոնց սոցիալական պաշտպանությունը կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը, ամենաօպտիմալ տարբերակն է, բայց դա պահանջում է քաջություն իրավական և քաղաքական խնդիրների լուծման համար։
Հայաստանի իշխանությունը դեռևս պնդում է, որ Ղարաբաղի հարցը՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է։ Լավրովն ու Բաքուն ասում են, որ սա Արցախի տարածքի պատկանելիության հարց է։ Տարբեր բաներ են ասում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: