Անգելինա Հայրապետյանը աշխատում էր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում: Ինչպես 44-օրյայի ժամանակ, այդպես էլ այս պատերազմի ժամանակ ամուսնու հետ մինչև վերջին օրը հիվանդանոցում էր:
Պիտի ամուսնանային հոկտեմբերի 10-ին։ Շրջափակմանը համահունչ փորձում էին ինչ-որ ուտելիք գտնել, նույնիսկ հաջողվել էր 10.000 դրամով 15 հատիկ բադրջան գտել։ Նաև բարեկամ ունեին, որ Երևանում էր։ Խոստացել էր Կարմիր խաչով հարսանիքի կոնֆետը բերել:
Բայց սկսվեց պատերազմը, ամեն տեղ հիասթափություն և քաոս էր, բայց ամենադաժանը՝ էլի մահեր տեսնելն էր։ Առավել դաժան էր, երբ երեխաներ էին մահանում, ու դու չես կարող օգնել:
Վերջին օրերին հիվանդանոցում մի քանի հոգով էին մնացել, փորձում էին աշխատանքը շարունակել: Հիշում է պայթյունի օրը․ ամենուր վիրավոր մարդիկ էին, չնայած որ բժշկական անձնակազմը արդեն քիչ էր, բայց նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի փրկեն ավելի շատ մարդկային կյանքեր:
Ասում է, որ բժիշկներ կային, որոնք մինչև վերջին վարկյանը պայքարում էին՝ նույնիսկ չմտածելով սեփական ընտանիքի անվտանգության մասին:
Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 28-ին։ Մեքենան ինքն էր վարում: Ամուսնացել են Երևանում, ծիծաղում է՝ ասում է, գնացել են ԶԱԳՍ հերթագրվելու համար, բայց աշխատողները ասացին, որ հիմա տենց բաներ չկան։ Եկել են՝ պիտի ամուսնանան:
Ասում է, որ ուրախ է, որ այդպես անակնկալ ձևով ամուսնացան՝ հիշելու բան կունենան:
Այժմ աշխատանք և բնակարան են փնտրում, որպեսզի կարողանան նոր կյանք սկսել:
Քրիստինա Ալահվերդյան
Ֆոտո Մարութ Վանյանի
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: