«Մտածում էի՝ նկուղից դուրս գամ ողջ մարդ չեմ տեսնելու, ահավոր էր, կյանքում չեմ մոռանա այդ օրը»

  • 21:18 24.10.2023

Forrights

«Ահավոր էր, կյանքում չեմ մոռանա»,-արցախցի Անուշ Ավետիսյանը չի մոռանա այն դաժանությունները, որ սկսվել են սեպտեմբերի  19-ին և դեռ վերջ չունեն։

Ժամկետային զինծառայողի մայր ու կամավորականի կին է Անուշը։ Ասում է՝ ադրբեջանական հրթիռակոծությունները հենց սկսվեցին միայն երկու ուղղությամբ սկսեցի մտածել՝ Մարտակերտի ու Մարտունու․ այս հատվածի դիրքերն էին պաշտպանում տղան ու ամուսինը։

«Կամոն (ամուսինը) Մարտունիի պոստերում էր, այնտեղ շատ վտանգավոր էր, Արմանն (որդին) էլ Մարտակերտում էր՝ զինվոր էր, 18 տարեկան, վտանգավոր էր։ Ոնց որ խելագարված լինեինք, որ պատերազմը սկսվեց։ Այնքան էին կրակում, որ մտածում էի՝ նկուղից դուրս գամ էլ սաղ մարդ չեմ տեսնի, ասում էի՝ ավելի լավ է մենք էլ նկուղում մեռնենք, որ չիմանամ, թե դրսում ինչ է կատարվում»,-պատմում է սարսափի միջով անցած կինը։

Սեպտեմբերի 20-ին, երբ հայտարարվել է հրադադարի մասին, կանայք, երեխաները և տարեցները դուրս են եկել նկուղներից ու փորձել դիրքերում գտնվող իրենց հարազատների մասին տեղեկություններ ճշտել։ Տիկին Անուշն ասում է՝ հրադադար կար, բայց միայն համացանցում, Ստեփանակերտում կրակոցները շարունակում էին լսել։

Նա էլ հրադադարի մասին պաշտոնական տեղեկությանը հավատացած հասել է Ստեփանակերտի Արմենավան թաղամասի իրենց տունը, բայց այնտեղ թշնամական կողմի զինվորականների են նկատել, որոնք անկանոն կրակոցներ են բաց թողել։

«Գնացինք մեր տուն, տեսանք, որ արդեն մտել են սեփական տների թաղամասերը՝ Արմենավան, Կրկժան, Հայկավան։ Հասանք տուն, ասացինք մի հատ կրակ անենք, թեյ խմենք, տաքանանք։ Նկուղում, որ ամբողջ գիշեր մնացել էինք, մրսել էինք։ Սկսեցին մեր թաղամասում կրակել, հենց կրակը վառեցինք, սաղ թողեցինք փախանք հրապարակ։ Ասում էին՝ հրադադար է, ինտերնետում կարդում էինք, որ հրադադար է, բայց կրակում էին»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է նա։

«Փախուստ էր սկսվել»,-ասում է նա՝ նկարագրելով անելանելի իրավիճակում հայտնված անպաշտպան արցախցիների գործողությունները։

«Սաղ փախնում էին, ասում էին գնացեք ռուսների մետ՝ Իվանյան, մամաս էլ դժվար է քայլում, ահավոր վիճակ էր։ Մեզ ասում էին տուն մի գնացեք, չեք կարողանա թուրքերին պահել, որ առաջ չգան, դրա համար մի շաբաթ մնացել ենք հրապարակում։  Ես Արցախից փախնելու մասին չէի մտածում, իմ տղան ու ամուսինը չկային, սաղ փախնում էին, ասում էի՝ էս ո՞ւր եք գնում, որ տղեքը չեն եկել, դիրքերը չեն բերել»։

Երկու օր շարունակ որդուց և ամուսնուց որևէ լուր չունենալով գրեթե ամբողջ Ստեփանակերտը ոտքով է անցել, հասել տարբեր պետական գերատեսչությունների դռների մոտ, որ մի տեղեկություն տան, սակայն, անտարբեր վերաբերմունքի է արժանացել։ Ասում է՝ չկար որևէ պաշտոնյա, որ կլսեր արցախցիներին և հույս կտար։

«Ամեն օր՝ մեկ շաբաթ, գնում էի ԱԱԾ, կառավարություն, շտաբ, ասում էի այնպես արեք, որ ճանապարհները բացվի, զինվորները գան։ Ո՛չ ԱԱԾ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ շտաբում մի պաշտոնյա մարդ չենք տեսել, որ մեզ պատասխան տա, գոնե հույս տա, որ մեր տղաներին հանելու էին բերել։ Նախագահականում ախրանան չէր թողնում, ահագին կռվեցինք, լացեցինք, ասում էին՝ գնացեք այստեղից, որ նախագահը դուրս գա, գնա, մի գոռգոռացեք»,-պատմում է արցախից բռնի տեղահանված կինը։

Ստեփանակերտով շրջած կինը որդու և ամուսնու փնտրտուքների ընթացքում տեսարաններ է արձանագրել, որոնք ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ։

«Հրապարակը լիքն էր, էրեխեքը տափերին պառկած, կառավարության շենքի աստիճաններին նստած, ահավոր էր։ Մարդիկ այնքան էին ամեն ինչից հոգնել, անձրևի տակ ձեդոները նստած սպասում էին․․․»։

Վերջին բռնի տեղահանվածներից  են Անուշն ու իր ընտանիքը։ Հիմա Գառնիում են, բնակիչներից մեկը ժամանակավոր իր տունն է տվել՝ երկու-երեք ամիս ապրելու համար, հետո յոթ հոգանոց ընտանիքը չգիտի, թե ուր է գնալու։ Տիկին Անուշն Արցախի իրենց տունն է նախընտրում։

«Տեղ չունենք գնալու։ Մի ձև գոնե այս ժողովրդին հետ տանեն Ղարաբաղ։ Մամաս էլ է ուզում գնա, ինքը ռուս է, ասում եմ՝ կգնաս Կալինինգրադ, ասում է՝ չէ, Ղարաբաղ եմ ուզում գնամ»։

Ընտանիքին անհրաժեշտ են կենցաղային իրեր, սակայն, անասելի բարդ է նրանց հետ սոցիալական խնդիրների մասին խոսելը։  Նրանց յուրաքանչյուր նախադասության միտքն ավարտվում է հայրենիքի կորստյան ցավի մտքերով։

Նարեկ Կիրակոսյան

f