Արցախում հայտնի զումբայի մարզիչ Իննա Գրիգորյանի սեպտեմբերի 19-ը սկսվել է սովորականի պես՝ տնային մարզումներով։ Նախօրոք պլանավորած կարևոր անելիքներ կային, որ այդ օրն անկատար մնացին:
Ստեփանակերտում մի խումբ երիտասարդներ կամավորությամբ էին զբաղվում․ ոտքով կամ հեծանիվով սնունդ էին առաքում կամ աշխատում պահեստում։ Իննան նրանցից մեկն էր։ Այդ չարաբաստիկ օրն էլ 5-6 ընտանիքներ ճաշի ժամին սպասում էին հերթական այցին: «Արդեն պատրաստվում էի տնից դուրս գալ, երբ լսեցի բարձր ձայներ և հայրիկիս դեմքին նայելով հասկացա, որ նորից սկսվել է․․․Զանգեցի իմ թիմակիցներին, և բոլորս որոշեցինք սպասել․․․»,-ասում է նա:
Այստեղ՝ Երևանում, իր պարային ունակություններին և սպորտային գիտելիքներին համապատասխան աշխատանք են առաջարկել ֆիթնես ակումբում: Իննայի խոսքով՝ ընտանիքի բոլոր անդամները, ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետք է շուտափույթ աշխատանք գտնեն: Ինչքան էլ ջերմությամբ և հոգատարությամբ են շրջապատել մեր հայրենակիցները, բայց հայրենիքի և նույնիսկ՝ շրջափակման օրերի կարոտն ուժեղ է:
«Ուտելիք գրեթե չկար, բայց մի կերպ գտնում էինք և հասցնում կարիքավորներին: Ոտքով քայլելուց ուժասպառ էինք լինում: Սկզբից այդ ամենին դժվար էր հարմարվել, բայց հետո արդեն հաճույք էինք ստանում՝ փորձելով բացասականի մեջ էլ դրական բան գտնել»,- հավելում է նա:
Շրջափակման բոլոր նեղությունները հաղթահարել են առանց նվնվալու, դիմացել առանց էլեկտրականության, գազի, մի կտոր հացը կիսել դրացու հետ՝ հույս ունենալով, որ վերջը լավ կլինի:
Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամների հետ նկուղում էին․ «Զոհերի մասին էինք մտածում: Հեռախոսակապ և համացանց չկար, փորձում էի բոլորի հետ կապվել, գրում էին նաև դրսի հարազատներս․․․ Մեր տունը գտնվում էր Հայկավանում, իսկ թշնամին արդեն մտել էր Կրկժան …Մարդիկ խուճապահար դուրս էին գալիս: Զանգեցի 911 ու հարցրի էվակուացիայի մասին: Ասացին, որ այդպիսի բան չկա, իսկ մեքենայում բենզին չկար: Ճշտեցինք, որ բենզին էլ չեն տրամադրելու: Ականատես եղանք գյուղերից տեղահանված ոտաբոբիկ մարդկանց: Ոչինչ չէին հասցրել վերցնել։ 2-3 օր այստեղ էինք, բակում վառարանների վրա հաց էինք պատրաստում։ Մարդիկ ահավոր վիճակում էին, նեղվածք էր, պիտի բոլորս դուրս գայինք․․․Մինչև քաղաքի կենտրոնը մեքենաները կանգնած էին՝ խցանում էր: Սարսափելին դեռ առջևում էր:
Սեպտեմբերի 25-ին երեկոյան ժամերգության ժամանակ ուժեղ պայթյուններ լսվեցին: Կարծեցինք՝ կայծակի ձայներ են: Սոցցանցերից իմանալով վառելիքի բաքի պայթյունի մասին, վազեցինք հիվանդանոց: Այդ օրն առաջին անգամ ասացի, որ հայտնվել եմ դժոխքում․․․»: Բժիշկների մի մասն արդեն հեռացել էր քաղաքից և հիվանդանոցում կամավորների խիստ կարիք կար: Դեղորայք նույնպես առկա չէր՝ նույնիսկ պանտենոլ դժվար էին գտնում: Պետք էր անջատել զգացումները և գործել սառը ուղեղով»,-այդ օրերին կանգուն մնալու մասին պատմում է Իննան:
Կամավորները թեթևություն զգացին միայն այն ժամանակ, երբ իմացան, որ ուղղաթիռները ժամանում են: «Միշտ ասել եմ՝ ինչ ուզում է լինի, միայն թե ստիպված չլինենք կորցնել մեր հայրենիքը, այստեղից հեռանալ․․․»,-խոստովանում է նա:
Սեպտեմբերի 25-ին վերջին անգամ մենակ է մտել տուն և չի հասցրել վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը: Ըստ սովորության դուռը կողպել է, բանալին վերցրել և մեքենայի կողային ապակիով երկար նայել հեռվում մնացող տանը:
Այդտեղ արդեն առաջին անգամ ազատություն է տվել արցունքներին: Արցախից դուրս եկան սեպտեմբերի 27-ին՝ վերջին ալյուրով թխած կարկանդակները ձեռքին: Մեքենան ինքն էր վարում և ստիպված էր «Արցախ» մակագրությամբ եկեղեցու պատկերով գեղեցիկ դիզայներական պիտակը պոկել, որպեսզի վտանգի տակ չդնի իր ընտանիքի անդամներին:
«Սահմանն անցնելու պես կորավ մտերիմներիս համար անհանգստությունը, բայց իսկույն եկավ կորստի, ցավի զգացողությունը: Այն, որ հայրենիքը մնացել է հետևում: Ինձ հույս է տալիս մի բան, որ բոլոր արցախցիներն այստեղ են»,- խոստովանում է Իննան:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: