Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այցելել է Ստեփանակերտ, սակայն պաշտոնական զեկույցում նշվում է, որ նա այցելել է «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան»։
Արցախի հայ բնակչության ցեղասպանությունից և տեղահանությունից հետո Բաքուն սկսեց միջազգային պաշտոնյաներին թույլ տալ Արցախ, բայց ոչ բոլորին, միայն նրանց, ովքեր պատրաստ են «հաստատել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»: Սա է հիմնական կանոնը։ Նախ ՄԱԿ-ի երկու առաքելություններ այցելեցին ուրվական քաղաք դարձած Ստեփանակերտ, իսկ այժմ՝ ԵԽ հանձնակատարը։
«Նա ցնցված էր՝ տեսնելով Խանքենդի քաղաքը գրեթե ամբողջությամբ ամայացած այն բանից հետո, երբ սեպտեմբերին բնակչությունը հեռացավ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Խանքենդի, Ադրբեջանի շրջան և այլն. հետաքրքիր է, ի՞նչ իրավական հիմքի վրա են Դունիան և մյուսները օգտագործում այս տերմինաբանությունը: Կարծես, ոչ ոք այս հարցում որևէ որոշում, պայմանավորվածություն չի կայացրել։ Այսինքն, փոփոխությունները կարող են պայմանավորվախ կինել միայն վճարման չափով: Ասում են, որ նույնիսկ հաստատված «սակագներ» կան, որոնց համաձայն Բաքուն վճարում է իր գոյություն չունեցող իրավունքների «հաստատման» համար։
«Այցի ընթացքում Միյատովիչն ընդգծել է բոլոր տեղահանված անձանց մարդու իրավունքների, ներառյալ նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքի ապահովման… զոհերին համարժեք և արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը: Նա ընդգծել է, որ այժմ, առավել քան երբևէ, բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին», – ասվում է Միյատովիչի այցի մասին հայտարարության մեջ:
Դա ծաղրի պես է հնչում՝ ամայացած Ստեփանակերտ այցելած եվրոպացի հանձնակատարը խոսում է համակեցության ու հաշտեցման մասին՝ քաղաքական եւ իրավական գնահատական չտալով ավելի քան 100 հազար հայերի գաղթի պատճառ դարձած կողմին։
Նա հայտարարեց, սակայն, որ «ղարաբաղցի հայերի համար «զանգվածային գաղթը դեպի Հայաստան միակ ելքն էր», բայց դա նույնպես ծաղրի պես հնչեց։
Հերթական ծաղրի արարք է՝ Հայաստանում ընդունում են Հունգարիայի արտաքին գործերի նախարարին, մի երկրի, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չուներ այն բանից հետո, երբ Բուդապեշտը Բաքվին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել է հայ սպային։ Այժմ հունգարացի նախարարն առաջարկում է ղարաբաղցի երեխաներին հունգարական ճամբարներ և հիվանդանոցներ ուղարկել։ Որ ի՞նչ անեն, կացնահարե՞ն։