Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառում իրականացնել արդեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները դրա շնորհիվ կկարողանան հաշվառել իրենց ավտոմեքենաները, ստանալ վարորդական վկայականներ և այլն։
«Փաստեմ նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք, ըստ էության, օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որոնք ունեն փախստականները միջազգային ասպարեզում, և, որոնք ամրագրված են նաև ՀՀ օրենսդրությամբ»,-հավելել է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարության որոշումը հստակ կանոնակարգել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման հետ կապված հարցերը։
Նրա խոսքով՝ այդ առումով կարևորվել է այն հանգամանքը, որ հնարավորին անխոչընդոտ իրականացվի նրանց անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը և նաև թույլատրվի որպեսզի ավելի ճկուն համակարգով կատարեն իրենց գործարքները։
«Ըստ այդմ՝ կառավարությունը անձը հաստատող երկու տեսակի փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում։ Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են՝ 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթն, ըստ էության, ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող, փախստականի կարգավիճակի մասին վկայականն է։ Նշեմ, որ ներպետական մակարդակում երկու փաստաթղթերն էլ ազատորեն կարող են կիրառել մեր հայրենակիցները՝ տարբեր գործարքներ կատարելիս»,-ներկայացրել է ՆԳՆ նախարարի տեղակալը՝ շեշտելով՝ կառավարության որոշումը նախատեսում է 3 ամիս հետո ուժի մեջ մտնող դրույթ առ այն, որ ՀՀ տարածքից դուրս գալիս՝ այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ։