Սուրբ Սարիբեկ կամ Սրաբեկ, ծառի պաշտամունք․ կորուսված հայրենիք

  • 15:31 28.10.2023

Արցախի սիրված ուխտավայրերից մեկը Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Սուրբ Սարիբեկ կամ Սրաբեկ սրբավայրն է, որտեղ արցախցիները գալիս էին մատաղ մատուցում Աստծոն, աղոթում ծառին, հույսով որ հիվանդը կբուժվի, չբերը երեխա կունենա, նեղության մեջ հայտնվածը կազատվի։ Սա մի վայր է, որտեղ քրիստոնեությունն ու հեթանոսությունը միախառնվել և հաշտ ու համերաշխ էին։ Արցախում մեր օրերում դեռ շարունակվում էր ծառերի պաշտամունքը և այդ “սրբադասված,”ծառերից էին տնջրին կամ սոսենին, փռշնին։ Դաշուշենի սուրբ ծառը փռշնին էր։

Առհասարակ ծառերի պաշտամունքը գալիս է նախապատմական ժամանակաշրջանից: Սուրբ ծառերի առաջ աղոթում էին, աքաղաղ, ոչխար մատաղում։ Հիվանդները իրենց հանդերձներից կտորներ են պատռում ու կապում ծառի ճյուղերից, որպեսզի իրենց հիվանդություններն էլ այդ շորերի հետ մնան այդտեղ: Ոչ մեկը չէր համարձակվում վնասել այդպիսի ծառերին, նրանցից մի ճյուղ, մի տերև անգամ կտրելը մեծ մեղք է համարվում և մեղավորները, ինչպես պատմում են, սովորաբար սաստիկ պատժվում էին: Սուրբ համարված ծառերն իրենց սրբությունը պահպանում են նաև չորանալուց հետո, ոչ ոք չի կտրել կամ օգտագործել այն։

Սուրբ Սարիբեկը/Սրաբեկ սրբավայրը, Արցախի ամենահարգի և պաշտված սրբատեղիներից է: Սրբավայրը գտնվում է Ստեփանակերտից 5 կմ հարավ-արևելք, Դաշուշեն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, սրբացված աղբյուրի շրջակայքում: Սրբավայրը իրենից ներկայացնում է աղբյուրի վերևի հրապարակի մեծ ծառի (փռշնի) տակ դրված երկու խաչքար: Երվանդ Լալայանը սրբավայրի մասին հետևյալ ժողովրդական ավանդազրույցն է ներկայացնում՝ «Թուրք քույր ու եղբայր հյուրընկալելով Երուսաղեմից եկած մի վարդապետի, դռան բացվածքից նկատում են, թե ինչպես է նա օդի մեջ կախված աղոթում: Այս հրաշքից հափշտակված նրանք ընդունում են քրիստոնեություն և մի նորահավատ ծառայի հետ փախչում Վարանդա: Թուրքերը հետևում են նրանց և նահատակում՝ Շուշիից մոտ 10 վերստ հեռավորության վրա, մի լեռան վրա, ուր այժմ գտնվում է նրանց ուխտատեղին: Եղբոր անունը Մարտիրոս է եղել, բայց սրով նահատակվելու պատճառով վերակոչվել է Սրաբեկ, իսկ ժողովուրդը աղավաղելով կոչել է Սարիբեկ: Սարիբեկից ոչ բարձր գտնվում է քրոջ նահատակության տեղին, որտեղ դրված քարը տեղափոխվել է Սարիբեկ»:

Մի այլ ավանդապատում, որ պահպանվել է ժողովրդի մոտ, բերում է Ի. Պետրուշեվսկին, ըստ որի Սարիբեկը մի բարեկիրթ մարդ է, որ ապրում էր Թեմուրի արշավանքների ժամանակ: Զինվորները ցանկացել են ստրկության տանել ու պատվազրկել նրա քրոջը, բայց եղբայրը հետ է նվաճել քրոջը և մահացել ստացված վերքերից: Նա թաղված է վերոհիշյալ սրբատեղիում: Բուն սրբավայրի վերևը, ժայռոտ բլրի գագաթին գտնվում է Բոզուն տափ կոչված գյուղատեղին իր եկեղեցիով, որին ավանդազրույցը վերագրում է Սրաբեկի քրոջ նահատակության և թաղման վայր: Եկեղեցին հիմնավեր է՝ երևում են պատերի ուրվագիծը կազմող փլատակները: Դատելով եկեղեցու մոտ պահպանված խաչքարի բեկորից, գյուղատեղին պետք է որ բնակեցված լիներ մինչև 13-14րդ դարը:

2011թ. հունիս-հուլիս ամիսներին Սարիբեկ հնավայրում իրականացվել են պեղման-մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Սրբավայրը օկուպացված է, ճակատագիրը անհայտ։

Արմինե Հայրապետյան

f