Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ուզում եմ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում եւ պարզ է, որ վերջին իմ ընտրվելուց հետո չէ մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը: Դա նախօրոք մշակված, պատրաստված էր եւ դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ: վերջին ամիսներին ես որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը:
Մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով: Նաեւ ծանր տեխնիկա, հրետանի, բավականինմեծ քանակի անձնակազմ, այդ թվում հատուկ նշանակության, գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ: Խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել եւ ընտրությունների հետ է կապված այդ հարևձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է»,-ասաց նա:
Թեզեր են շրջանառվում, որ որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունը առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում. Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականությանը, նշեց Սամվել Շահրամանյանը:
«Իրականում հարցը հետեւյալն է, որ Արցախի ԱԺ-ում 4 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես Հանրապետության նախագահ: Դուք էլ եք հիշում, որ 2020-ի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնել իր վրա: Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը, եւ ինչքան ես տեղյակ եմ եւ ինչպես հետո պարզվեց, նաեւ Սամվել Բաբայանի թեկնածությունը, որը նաեւ իրեն չի առաջադրել իր կուսակցությունը. Որը համարում է իրեն հանրապետությունում երկրորդ ուժը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես իմ անցած ճանապարհով, Արցախում իմ ապրած տարիները երեւի թույլ են տվել այն ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը, հաշվի առնել, որ ես չունեմ հանցավոր անցյալ, ես իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել քրեական գործեր իմ վրա հարուցված յուրացումների, պետությանը հասցրած վնասի կամ բարոյական այլ խնդիրներ: Երեւի հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է այդ կոնսենսուսը»,-ասաց նա:
Շահրամանյանի խոսքով, ինքը հասկանում էր, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկնում իր վրա եւ ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին՝ «հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը, իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում»:
«Այս ամենը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-ասաց Շահրամանյանը:
Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ եւ հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ, նշեց Արցախի նախագահը:
«Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, եւ եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաեւ այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն եւ ինքը իրականացնի մնացած գործընթացները:
Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, եւ չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը եւ ինչ ձեւի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ եւ փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ եւ դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները եւ ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասաց Շահրամանյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր եւ պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի եւ զոհերի լքելու Արցախը:
«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, եւ ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը եւ առանց որեւիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել եւ փրկել կյանքեր»,- ասաց նա:
Սամվել Շահրամանյանը նշում է, որ առանց դիմադրության ոչ մի ժողովուրդ էլ դուրս չի գա իր հայրենիքից:
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախը, փաստացի, մենակ էր ու նախագահը գիտեր այդ մասին, այդ վիճակում օգնության ռեալ առաջարկներ, խոստումներ կայի՞ն և ո՞ւմ կողմից։
«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահ զորակազմի հրամարատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվի ռազմական գործողություն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող ադրբեջանական հենակետից մոտեցել են նույն վայրում գտնվող ռուսական հենակետին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանի։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ էին տեղյակ դրա մասին և ճշտումներից հետո այդ փաստը հաստատվել է, և ինձ համար պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, որ կսկսվեն ռազմական գործողություններ։
Տևական ժամանակ մեր զինված ուժերը և ուժային կառույցները բերված էին բարձր մարտական աստիճանի, տրված էին համապատասխան հրահանգները, այդ թվում՝ նաև քաղպաշտպանության հետ կապված։ Իմ՝ աշխատասենյակ բարձրանալուց կես ժամ անց սկսվել են ռազմական գործողությունները։ Գրեթե բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության և մենք պետք է ամեն ինչ անեինք դիմադրելու համար։
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ինքնուրույն կարողանայինք կարգավորել։ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների և մեր բնակչության հետ միասին սկսվել են պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ»,- ասել է նա։
Շահրամանյանը նշու է, որ իրենց համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին և որքան երկար շարունակեին՝ այնքան զոհեր և կորուստներ կունենային:
«Իմ նպատակը՝ որպես Արցախի նախագահ, եղել է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը, որ խուսափեինք ավելի շատ զոհերից։
Ստիպված էի կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին, նախկինում նաև Արայիկ Հարությունյանի հետ ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ համապատասխան աշխատանք իրականացնել։ Սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։
Առաջինը ինձ ադրբեջանցիները փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները, և դրանք չեն դադարի մինչև չհասնեն վերջնական նպատակին։ Նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ տիրապետել Արցախին։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ էր կրում զգալի կորուսներ և մեր շրջանները գտնում էին շրջափակման մեջ․ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան մոտեցել էր Ստեփանակերտին՝ Կրկժանի տեղամասին շատ մոտ՝ այդ իրավիճակում մեզ այլ բան չէր նմում, քան գնալ ավելի մեծ զիջումների։ Եվ ես առաջարկել եմ, որ նրանք գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։
Պարզ է, որ առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել, և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էին անվտանգության խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահներն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մշտապես քննարկումներ էինք անում, փոփոխություններ մտցնում և տեղեկացնում ադրբեջանական կողմին»,-ասաց նա:
Շահրամանյանը, սակայն, չի ցանկանում անդրադառնալ առաջին փաստաթղթին, որին իրենք չեն համաձայնել, սակայն նշում է՝ դա կապիտուլացիայի փաստաթուղթ էր։
«Բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր հոկտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին բոլոր ուղղություններով դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ կետով՝ պաշտպանական բանակի լուծարում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդների դուրսբերում: Այդ թվում՝ հանձնվում էր ծանր զինտեխնիկան՝ հետագա ուտիլիզացիայի նպատակով»։
Անդրադառնալով ՀՀ զինված ուժեր վիճահարույց ձեւակերպմանընա նշում է, որ իհարկե, ՀՀ զինված ուժեր Արցախում չկային, դա Ադրբեջանի պահանջն է եղել:
«Պարզ է, որ մեզ համար անընդունելի էր այդ ձևակերպումը ՀՀ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, բայց դա Ադրբեջանի պնդումն էր, և մենք, հասկանալով որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում, ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա և առաջիկայում էլ նրանց տեղեկացնում էինք և՛ բանավոր, և՛ գրավոր, որ ՀՀ զինված ուժերը ներկայացված չեն Արցախում։
Երրորդ կետը նախատեսում էր հանդիպում Եվլախում հոկտեմբերի 21-ին, որի ընթացքում պետք է քննարկվեին Ադրբեջանի կողմից ներկայացված ինտեգրացիայի հարցերը։ Այս կետը մեզ համար նորություն չէր, որովհետև մենք մինչև այդ էլ համաձայնել ենք Եվլախում հանդիպել՝ նպատակ ունենալով մեղմացնել և թուլացնել լարվածությունը։
Երկրորդ կետի հետ կապված տեղյակ եմ, որ կան բազմաթիվ հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել և թողնվել Արցախում։ Սպառազինությունը Հայաստան տեղափոխելու հնաարվորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանական կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսինքն, այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին։ Հայտարարության համաձայն՝ տեխնիկան հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար․ դա, ըստ պայմանավորվածության, պետք է ոչնչացվի»։
Շահրամանյանը նշում է, որ Արցախի Հանրապետության ղեկավարության և անձամբ իր կողմից կայացված որոշումների միակ նպատակը եղել է արցախցիների, բանակի, զինվորների, սպայակազմի կյանքերը փրկելը, ինչը, կարծում է, որ կարողացել են անել։
«Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը պատերազմի կանգնեցումից հետո հսկիչ-անցագրային կետով անցել է և որևէ մեկը չի ձերբակալվել։ Դա եղել է մեր պայամանվորվածության արդյունքը։
Հսկիչ-անցագրային կետը աշխատում էր ոչ թե 08։00-18։00, այլ 24 ժամ-յա ռեժիմով, և պայամանվորվել էինք, որ ստուգումները պետք է իրականացվեն շատ թեթև կամ գրեթե չիրականացվեն, ինչը սկզբնական շրջանում այդպես էլ կատարվում էր»,-ասաց նա:
Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը: Այս մասին Սամվել Շահրամանյանը ասել է՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:
«Դուք գիտեք, որ պատերազմի հետեւանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:
Հարցին, թե Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում եւ մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր:
Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը, ասել է Սամվել Շահրամանյանը:
«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է եւ պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, Շահրամանյանը պատասխանեց. «Դա քննարկումների, բանակցությունների հարց է։ Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ոչ ազատ ու անկախ Արցախ ինքը կվերադառնա՞, Սամվել Շահրամանյանն արձագանքեց. «Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը եւ ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի եւ ես որպես արցախցի, եւ իմ ընտանիքը կարողանա վերադառնալ: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ մեզ մեծ աշխատանք է սպասվում առջեւում: Եթե առաջիկայում մեզ հաջողվի նման ձեւաչափ ստեղծել եւ գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաեւ մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»:
Վերջում Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց ապրել արարել Հայաստանում,՝ չմոռանալով որ Հայաստանը մեր հայրենիքն է: