Արցախցիները դիմել են Կարմիր Խաչին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնության խնդրանքով

  • 13:03 30.10.2023

Արցախից եկած ընտանիքները բռնի տեղահանության արդյունքում ստիպված են եղել լքել իրենց հարազատների ու ընկերների գերեզմանները։ Այսօր առավոտյան ժամը 11.00-ին այս ընտանիքները հավաքվել էին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ դիմելու առաքելությանը իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնություն ստանալու խնդրանքով։ Մարդիկ հույս ունեն, որ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կկարողանան աճյուններն Արցախից տեղափոխել Հայաստան։

Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով. «Իրավիճակը պահանջում է քննարկում և լուծում։ Յուրաքանչյուր ընտանիք ունի մահացածներ ու պատերազմների զոհեր, և այդ ընտանիքները ցավով են մտածում իրենց երեխաների, ծնողների, հարազատների շիրիմների մասին։ Վերադարձի հույսերը կամ նույնիսկ գերեզմանները այցելելու հնարավորությունը, կամ որ դրանք կպահպանվեն, սակավ են: Օրեցօր այս հույսն ավելի ու ավելի քիչ է մնում»։

f