Հայաստանի կառավարությունը շուրջ 54 մլրդ դրամի հատկացում է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, այս պահի դրությամբ այս գումարից ծախսվել է 16 մլրդ դրամը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Վարչապետը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն կգտնի նաև 2024 թվականի բյուջեում:
«Մենք արդեն իսկ այս պահին կայացրած որոշումներով շուրջ 54 մլրդ դրամի հատկացում ենք արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին: Բայց այդ գումարից այս պահի դրությամբ ծախսվել է 16 մլրդ դրամը: Հասկանալիորեն դրա մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեում: Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6-ամսյա է և դեռ 6 ամիս պետք է շարունակվի»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի կառավարությունն աշխատում է նաև միջազգային գործընկերների հետ՝ արձանագրելով, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ունի միջազգային գործընկերների աջակցության կարիքը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար քաղաքացի արդեն ստացել է 100 հազարական դրամ աջակցությունը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: