Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից հայրենակիցների բռնի տեղահանումը: Եվ բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024 թվականին: Ներկայումս գերատեսչություններն աշխատում են այն հավելյալ ծրագրերի, միջոցառումների վրա, որոնք պետք է ներառվեն 2024-ի պետբյուջեում:
«Ճիշտ է՝ բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4.6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեր վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին՝ որպես միջպետական վարկ, կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար»,-ասաց Հովհաննիսյանը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: