Բաքուն չգիտի, ինչ անել «հաղթանակի» հետ և ինչպես այն «գրանցել» միջազգային ատյաններում։ Առաջարկվում է նոր «Կարսի պայմանագիր» կնքել, այսինքն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, մանավանդ որ Ադրբեջանն արդեն իրեն անվանում է գրեթե Թուրքիայի մաս։ Բաքվում վախենում են, որ Արևմուտքը թույլ չի տա Ռուսաստանին «կլանել» Հայաստանը, ուստի խորհուրդ են տալիս ռուս խաղաղապահներին թողնել Արցախում «որպես վահան Արևմուտքից»։
«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը կարծում է, որ «եթե Հայաստանը ցանկանում է միջնորդ տեսնել արևմտյան երկրներին, որոնք 35 տարի պաշտպանել են իր օկուպացիոն քաղաքականությունը, ապա Ռուսաստանին և Թուրքիային բացառելը բանակցային գործընթացից լուրջ սխալ կլինի Ադրբեջանի կողմից»: Հասանգուլիևը կարծում է, որ Կարսի նոր պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի տարածաշրջանին, և առանց Թուրքիայի և Ռուսաստանի երաշխիքների շատ դժվար կլինի երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում։
ReAl կուսակցության փոխնախագահ, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին կարծում է, որ կա միայն մեկ երկիր, որը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը և ճանապարհ բացել Արևմուտքի հետ ինտեգրման՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան։
«Իր թուլությունը ներքին լսարանի և հայության առջև քողարկելու համար Ռուսաստանը Փաշինյանին քավության նոխազ հայտարարեց. Փաշինյանն էլ է ձեռ տալիս. ձևավորվեց նրա արևմտամետ քաղաքականության հիմքը, հիմք ստեղծվեց ֆինանսական և քաղաքական աջակցության ավելացման համար։ Բայց Փաշինյանն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից ու փող է աշխատում։ Իր արևմտամետ հռետորաբանության շնորհիվ Հայաստանին հաջողվում է խուսափել Արևմուտքի անուղղակի պատժամիջոցներից, ինչը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Ռուսաստանը Հայաստանի միջոցով գնում է կիսահաղորդիչներ և միկրոչիպեր և արտադրում է հրթիռներ, անօդաչու սարքեր, ինքնաթիռներ և տանկեր»,- ասաց նա։
Էլչին Ալիօղլուն պատմում է, թե ինչու է Ալիևը հրաժարվում Բրյուսելում հանդիպումներից. «Ի՞նչ կսպասեր մեզ Բրյուսելում։ Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի ապահովում. սա հենց այն է, ինչ Միշելը կառաջարկեր Բրյուսելի հանդիպմանը։ Ավելի ուշ, Գրանադայում հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը որպես նախաբան կբարձրացնեն այս հարցը։ Նրանք կհայտարարեին, որ 3-4 հազար ղարաբաղցի հայեր ցանկանում են հետ վերադառնալ, և կպահանջեին, որ Ադրբեջանը ապահովի նրանց վերադարձը։ Բայց պետք է լինի միջազգային կոնտինգենտ, որը վերահսկի դրանք:
Պետք է փորձենք թույլ չտալ, որ Ռուսաստանին դուրս մղեն խաղից։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և ունի վետոյի իրավունք։ Երբ Արևմուտքը ճնշում է մեզ , մենք պատասխանում ենք, որ ռուս խաղաղապահները կմնան մինչև 2025 թվականը։ Իսկ եթե այնտեղ ղարաբաղցի հայեր չլինե՞ն։ Նրանք ինքնակամ հեռացել են, մենք նրանց դուրս չենք հանել։ Նույնիսկ Մակրոնը, Փաշինյանը, մնացածը կարող են էթնիկ զտումների մասին ինչքան ուզում են խոսել։ Շատերը կարող են ասել, որ Արևմուտքը ճնշում է գործադրելու մեզ վրա և մեղադրելու է էթնիկ զտումների մեջ։ Դատարկ խոսակցություն, քանի որ ՄԱԿ-ի առաքելությունը, ԵՄ-ն և այլ միջազգային դիտորդներ սա անվանեցին կամավոր հեռացում: Ինքը՝ Փաշինյանը՝ կառավարության նիստում սա անվանել է կամավոր տեղափոխում։ Էթնիկ զտում բառը չօգտագործվեց»,- ասաց նա։
«Ինչ վերաբերում է խաղաղապահներին. նրանք մեզ պետք են, վահան են։ Արևմուտքից մեզ վրա ճնշում գործադրելու դեպքում, եթե Մակրոնն ու իր կամարիլան խոսեն Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու մասին, մենք կարող ենք նրանց ասել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, հետևաբար ռուս խաղաղապահներն ունեն միջազգային կարգավիճակ։ Եթե ուզում եք Ռուսաստանին դուրս հանել, ճնշում գործադրեք։ Ի՞նչ եք կարծում, ռուս խաղաղապահները դուրս կբերվե՞ն։ Մոտ ապագայում՝ ոչ։ Մենք պետք է խաղաղապահներին որպես վահան օգտագործենք»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են։