Գիշերվա 2-ին Լուսեին արթնացնում էի, վերցնում փոխելու հագուստ, 2 խնձոր, ջուր ու ոտքով գնում էինք կաթնամթերքի գործարան

  • 17:26 31.10.2023

2 տարեկան Լուսե Աբրահամյանը մոր՝ Էլինայի հետ տարհանվելուց հետո բնակվում է Էջմիածին քաղաքում: Էլինան հույս է պահում, որ դուստրը չի հիշելու Արցախում շրջափակման ընթացքում կրած զրկանքները:

«Քաղաքում միրգ, բանջարեղեն չկար: Հերթական այցից հետո բժիշկն ասաց, որ երեխայի հեմոգլոբինը ցածր է: Դեղեր չկային: Վառելիք չկար: 10-ամյա եղբայրս՝ Տիգրանը, գյուղից ոտքով բերեց հատապտուղներ, միրգ, բանջարեղեն, կտրոնով ստացած իր բաժին ձեթն ու շաքարավազը», – ասում է Էլինան ու ավելացնում, որ ինքն ու աղջիկը Ստեփանակերտի «Կրկժան» կոչվող թաղամասում (որտեղ թշնամին մտել է սեպտեմբերի 19-ին) բանջարանոց էին մշակում: Կարողացել էին կարտոֆիլ, լոբի, վարունգ, լոլիկ, կանաչեղեն, 4 տեսակի սոխ աճեցնել: Շրջափակման օրերին այդ ապրանքները սակավ էին և բավականին թանկ: Էլեկտրականություն այդ թաղամասում չկար: Մութն ընկնելուն պես շնագայլերի ոռնոց էր լսվում, և որպեսզի երեխան չվախենա, Էլինան գրկում էր ու վազում:

Արցախում լավ օրեր շատ են տեսել: Հողագործության, մեղվաբուծության նկատմամբ հատուկ սերը Էլինայի մոտ դրսևորվել  է դեռևս դպրոցական տարիներին: Դահրավ գյուղում 10 տարեկանից մեղվաբուծությամբ է զբաղվել: Մեղուները կծում էին, իսկ ինքը ջուր էր քսում և շարունակում աշխատանքը: Տատիկը ծաղիկների և կանաչեղենի սերմեր էր տալիս և հորդորում ցանել: Քաղաքում սովորելու տարիներին էլ քույրերով միշտ սեփական տուն էին վարձում, որպեսզի կարողանան փոքր տնտեսություն ունենալ:

Ամենադժվարը նոր քայլել սովորող փոքրիկի հետ անձրևի ու արևի տակ անվերջանալի հերթեր կանգնելն էր: Լուսեն հոգնում էր, քունը տանում էր, սովածանում էր, վազվզել ու խաղալ էր ուզում: «Քույրերս օրվա կեսը դասի էին ու աշխատանքի: Կաթնամթերք, միս, հաց ստանալու համար մենք պետք է գնայինք: Հետ եմ նայում ու տեսնում, որ արցախահայերս ահռելի ուժի տեր մարդիկ ենք: Գիշերվա 2-ին Լուսեին արթնացնում էի, վերցնում 2 անգամ փոխելու հագուստ, 2 խնձոր , ջուր ու ոտքով գնում էինք կաթնամթերքի գործարան, որտեղ արդեն 1000 մարդ կար: Ես հերթում 300-րդն էի: Սովորաբար նախորդ օրվա չստացածները գալիս էին իրենց ցուցակով և մեզ կաթնամթերք երբեմն չէր հասնում», – ասում է Էլինան՝ հիշելով, թե ոնց էր քնած Լուսեին շների հաչոցի տակ, մթության մեջ տուն հասցնում: Հացի հերթերի ժամանակ էլ երբեմն դատարկաձեռն էին հետ գալիս, և Էլինան լացում էր, որ երեխան սոված քնել է: «Ինչու էինք մենք այդպիսի չարչարանքներ կրում մի կտոր հացի համար, երբ աշխարհում ամեն ինչ լիքն է», ասում է նա:

2020թ․ պատերազմից հետո նրանց ընտանիքը մտածում էր Հայաստանում մնալու մասին: Շուշին, որտեղ Էլինան անցկացնում էր հանգստյան օրերը և ստեղծագործում, թշնամին վերցրել էր: Որոշեցին հետ դառնալ ու բնակվել ոչ պակաս հարազատ Ստեփանակերտում: Չէին պատկերացնում, որ նորից կհայտնվեն նկուղում: «Սեպտեմբերի 19-ին Լուսեին նկարահանում էինք մանկապարտեզի համար: Պայթյունների ձայները լսելով մտա Սիվիլնեթի գրասենյակ և տեսա դողացող լրագրողին: Համոզեցի անջատել համակարգիչները, ջուր վերցնել ու հասնել մոտակա նկուղ: Ես էլ վազում էի եկեղեցի, երբ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆիքսեց այդ պահը: Ասաց, որ չվախենամ՝ քաղաքի վրա չեն խփում: Նախորդ պատերազմի ժամանակ էլ եկեղեցում էի պատսպարվել»,- ասում է նա:

Սովածությունից և անքնությունից հյուծված էր փոքրիկ Լուսեն, երբ Էլինան որոշեց, որ ցանկացած պատահական մեքենայով պետք է դուրս գալ քաղաքից: Արդեն ճանապարհին էր, երբ լսեց բենզինի պայթյունի մասին,  հետ եկավ ու երեխային թողեց տանը: Այնուհետև անչափահաս քրոջ հետ վերցրին դանակ, մկրատ, վիրակապ ու վազեցին հիվանդանոց: Բժշկական կրթություն չուներ, ձեռքով եկածն էր անում․«Մարտի դաշտը կարծես տեղափոխվել էր հիվանդանոց: Տղաները գետնին պառկած ցավից գոռում էին: Ամենուր վառված մսի հոտ էր: Մեջները նաև կին էր վառվել: Այդ տեսարանները սարսափելի էին: Ես ջուրը խառնել էի դեղի հետ ու քսում էի վերքերին, ջուր էի խմեցնում ու հարցեր էի տալիս, որ հանկարծ չքնեն: Տղամարդիկ հիվանդանոցի առաջ լացում էին, կանայք՝ ուշաթափվում: Մի մասը անուններ էին փնտրում մահացածների և վիրավորների մեջ՝ չգտնելու հույսով»:

Մեքենան մի քանի րոպե գնում էր, 5 ժմ կանգնում: Ուրախանում էին, երբ շարժիչի ձայնն էին լսում, բայց հասկանում էին, որ վերջին անգամ ենք հայկական Արցախը տեսնում: Սնունդն ու ջուրը վերջացել էր: Էլինան բամբակը թռչում էր և դնում Լուսեի շուրթերին:

Էջմիածնի վարձով տունը կարգի են բերել: Այդտեղ են մնալու ամբողջ ընտանիքով: Ժենգյալով հաց են թխել և հյուրասիրել իրենց օգնող մարդկանց: Էլինան նորից մտածում է հող մշակելու, մեղուներ պահելու մասին և արդեն հավեր է գնել: Ասում է՝ մայրիկները երեխաների համար հաստատ գնելու են մեր բնական արտադրանքը: «Քիմիական ոչ մի հավելում չենք տալու հավերին՝ մենակ գարի ու ցորեն: Բերքառատ ծառեր կան մեր բակում»,-հույսով լցված ասում է նա:

Տաթև Ազիզյան

f