ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող ԼՂ- ից բռնի տեղահանվածներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:

Ըստ աղբյուրի՝ ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին. քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:

Նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար և կարևորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:

Սամվել Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։ Նա ասել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Բաքուն ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ առ այսօր չի կայացել ՀՀ իշխանությունների պաշտոնական հանդիպում Արցախի ղեկավարության հետ։ 

Գիշերվա 2-ին Լուսեին արթնացնում էի, վերցնում փոխելու հագուստ, 2 խնձոր, ջուր ու ոտքով գնում էինք կաթնամթերքի գործարան

2 տարեկան Լուսե Աբրահամյանը մոր՝ Էլինայի հետ տարհանվելուց հետո բնակվում է Էջմիածին քաղաքում: Էլինան հույս է պահում, որ դուստրը չի հիշելու Արցախում շրջափակման ընթացքում կրած զրկանքները:

«Քաղաքում միրգ, բանջարեղեն չկար: Հերթական այցից հետո բժիշկն ասաց, որ երեխայի հեմոգլոբինը ցածր է: Դեղեր չկային: Վառելիք չկար: 10-ամյա եղբայրս՝ Տիգրանը, գյուղից ոտքով բերեց հատապտուղներ, միրգ, բանջարեղեն, կտրոնով ստացած իր բաժին ձեթն ու շաքարավազը», – ասում է Էլինան ու ավելացնում, որ ինքն ու աղջիկը Ստեփանակերտի «Կրկժան» կոչվող թաղամասում (որտեղ թշնամին մտել է սեպտեմբերի 19-ին) բանջարանոց էին մշակում: Կարողացել էին կարտոֆիլ, լոբի, վարունգ, լոլիկ, կանաչեղեն, 4 տեսակի սոխ աճեցնել: Շրջափակման օրերին այդ ապրանքները սակավ էին և բավականին թանկ: Էլեկտրականություն այդ թաղամասում չկար: Մութն ընկնելուն պես շնագայլերի ոռնոց էր լսվում, և որպեսզի երեխան չվախենա, Էլինան գրկում էր ու վազում:

Արցախում լավ օրեր շատ են տեսել: Հողագործության, մեղվաբուծության նկատմամբ հատուկ սերը Էլինայի մոտ դրսևորվել  է դեռևս դպրոցական տարիներին: Դահրավ գյուղում 10 տարեկանից մեղվաբուծությամբ է զբաղվել: Մեղուները կծում էին, իսկ ինքը ջուր էր քսում և շարունակում աշխատանքը: Տատիկը ծաղիկների և կանաչեղենի սերմեր էր տալիս և հորդորում ցանել: Քաղաքում սովորելու տարիներին էլ քույրերով միշտ սեփական տուն էին վարձում, որպեսզի կարողանան փոքր տնտեսություն ունենալ:

Ամենադժվարը նոր քայլել սովորող փոքրիկի հետ անձրևի ու արևի տակ անվերջանալի հերթեր կանգնելն էր: Լուսեն հոգնում էր, քունը տանում էր, սովածանում էր, վազվզել ու խաղալ էր ուզում: «Քույրերս օրվա կեսը դասի էին ու աշխատանքի: Կաթնամթերք, միս, հաց ստանալու համար մենք պետք է գնայինք: Հետ եմ նայում ու տեսնում, որ արցախահայերս ահռելի ուժի տեր մարդիկ ենք: Գիշերվա 2-ին Լուսեին արթնացնում էի, վերցնում 2 անգամ փոխելու հագուստ, 2 խնձոր , ջուր ու ոտքով գնում էինք կաթնամթերքի գործարան, որտեղ արդեն 1000 մարդ կար: Ես հերթում 300-րդն էի: Սովորաբար նախորդ օրվա չստացածները գալիս էին իրենց ցուցակով և մեզ կաթնամթերք երբեմն չէր հասնում», – ասում է Էլինան՝ հիշելով, թե ոնց էր քնած Լուսեին շների հաչոցի տակ, մթության մեջ տուն հասցնում: Հացի հերթերի ժամանակ էլ երբեմն դատարկաձեռն էին հետ գալիս, և Էլինան լացում էր, որ երեխան սոված քնել է: «Ինչու էինք մենք այդպիսի չարչարանքներ կրում մի կտոր հացի համար, երբ աշխարհում ամեն ինչ լիքն է», ասում է նա:

2020թ․ պատերազմից հետո նրանց ընտանիքը մտածում էր Հայաստանում մնալու մասին: Շուշին, որտեղ Էլինան անցկացնում էր հանգստյան օրերը և ստեղծագործում, թշնամին վերցրել էր: Որոշեցին հետ դառնալ ու բնակվել ոչ պակաս հարազատ Ստեփանակերտում: Չէին պատկերացնում, որ նորից կհայտնվեն նկուղում: «Սեպտեմբերի 19-ին Լուսեին նկարահանում էինք մանկապարտեզի համար: Պայթյունների ձայները լսելով մտա Սիվիլնեթի գրասենյակ և տեսա դողացող լրագրողին: Համոզեցի անջատել համակարգիչները, ջուր վերցնել ու հասնել մոտակա նկուղ: Ես էլ վազում էի եկեղեցի, երբ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆիքսեց այդ պահը: Ասաց, որ չվախենամ՝ քաղաքի վրա չեն խփում: Նախորդ պատերազմի ժամանակ էլ եկեղեցում էի պատսպարվել»,- ասում է նա:

Սովածությունից և անքնությունից հյուծված էր փոքրիկ Լուսեն, երբ Էլինան որոշեց, որ ցանկացած պատահական մեքենայով պետք է դուրս գալ քաղաքից: Արդեն ճանապարհին էր, երբ լսեց բենզինի պայթյունի մասին,  հետ եկավ ու երեխային թողեց տանը: Այնուհետև անչափահաս քրոջ հետ վերցրին դանակ, մկրատ, վիրակապ ու վազեցին հիվանդանոց: Բժշկական կրթություն չուներ, ձեռքով եկածն էր անում․«Մարտի դաշտը կարծես տեղափոխվել էր հիվանդանոց: Տղաները գետնին պառկած ցավից գոռում էին: Ամենուր վառված մսի հոտ էր: Մեջները նաև կին էր վառվել: Այդ տեսարանները սարսափելի էին: Ես ջուրը խառնել էի դեղի հետ ու քսում էի վերքերին, ջուր էի խմեցնում ու հարցեր էի տալիս, որ հանկարծ չքնեն: Տղամարդիկ հիվանդանոցի առաջ լացում էին, կանայք՝ ուշաթափվում: Մի մասը անուններ էին փնտրում մահացածների և վիրավորների մեջ՝ չգտնելու հույսով»:

Մեքենան մի քանի րոպե գնում էր, 5 ժմ կանգնում: Ուրախանում էին, երբ շարժիչի ձայնն էին լսում, բայց հասկանում էին, որ վերջին անգամ ենք հայկական Արցախը տեսնում: Սնունդն ու ջուրը վերջացել էր: Էլինան բամբակը թռչում էր և դնում Լուսեի շուրթերին:

Էջմիածնի վարձով տունը կարգի են բերել: Այդտեղ են մնալու ամբողջ ընտանիքով: Ժենգյալով հաց են թխել և հյուրասիրել իրենց օգնող մարդկանց: Էլինան նորից մտածում է հող մշակելու, մեղուներ պահելու մասին և արդեն հավեր է գնել: Ասում է՝ մայրիկները երեխաների համար հաստատ գնելու են մեր բնական արտադրանքը: «Քիմիական ոչ մի հավելում չենք տալու հավերին՝ մենակ գարի ու ցորեն: Բերքառատ ծառեր կան մեր բակում»,-հույսով լցված ասում է նա:

Տաթև Ազիզյան

Մենք պատրաստ չէինք այս սցենարին

Անալիտիկոն

Հոկտեմբերի 27-ն է։ Գիշերը ժամը 2:20 է, ես նոր եմ նստում այս տեքստը գրելու կամ գոնե որոշ մտքեր խզբզելու։ Մտածում եմ՝ օրը բացվի, ինչ-որ պահից կշարունակեմ: 9:00 պետք է տնից դուրս գամ: «Թումո»-ում եմ աշխատում, միջոցառումների մենեջերն եմ: Մասնագիտությամբ ու փորձառությամբ նաև հաղորդակցության ու վիդեոսթորիթելինգի մասնագետ, վավերագրող ռեժիսոր ու դասախոս եմ: Կյանքի բերումով՝ վերջին շաբաթներին նաև մահճակալների շուկայի փորձագետ:

Հոկտեմբերի 27-ն է: Ես էլի կեսգիշերն անց տուն մտա: Մանկական մահճակալ էինք տարել էջմիածնի շրջանի Այգեշատ գյուղ։ Այստեղ հաստատված արցախցի ընտանիքներ կան, այդ թվում՝ Մարտունու շրջանի Նորշենի գյուղապետի ընտանիքը։ Մահճակալը նրա 4-ամյա դստեր՝ Անկայի համար էր: Վերջապես առանձին քնելու տեղ կունենա, ծնողներն էլ իրենց անկողնում գուցե մի քիչ հանգիստ քնեն։ Անկայի 4-ամյակը երկու շաբաթ առաջ է լրացել։ 1-ամյակին էլ էր Այգեշատում։ Այն ժամանակ 44-օրյա պատերազմի կեսերն էր։ Պատերազմից հետո վերադարձան հայրենի գյուղ, հիմա նորից եկել են Այգեշատ. երեխաները 2020 թ.-ին հասցրել էին այստեղ ընկերներ ձեռք բերել։ Տան ամենափոքրը ամենադժվարն է հարմարվում իրավիճակին, մնում-մնում, ասում է՝ թող պապան գնա Արցախ, մեր գյուղը մեքենայի մեջ դնի, բերի էստեղ («Օզումըմ պապաս քինի Արցախ, մեր շենը տինի մաշինին մաչին, պիրի ստեղ»).:

Մի ամիս առաջ՝ սեպտեմբերի 30-ին Երևան-Վայք-Գորիս ճանապարհին հաշվում էի անիվների վրա հավաքված ու դեպի անորոշություն ընթացող արցախցիների տները: Մի քանի տասնյակ կլինեին. բռնի տեղահանման նախավերջին օրն էր: Հոկտեմբերի 1-ին արդեն վերջին մարդիկ մուտք գործեցին Հայաստան, ու «դժոխքի ճանապարհի» դարպասները փակվեցին: Էդ ճանապարհով 2020 թ.-ի պատերազմից հետո շատ եմ գնացել-եկել: Մեդիադասընթացների շարքում վիդեոյի դասերը ես էի անցկացնում, արցախցի ուսանողների հետ վիդեոպատմություններ էինք նկարում: Այս սեպտեմբերի 28-ին ուսանողներիցս վերջինն ընտանիքով հասավ Երևան: Սեղմած ատամների արանքում կուտակված լարվածությունս մի քիչ թուլացավ, որոշեցի գնալ ու շրջել տեղահանված արցախցիներին ընդունող քաղաքներով, որ որոշ բաներ գլխումս «տեղն ընկնեն»: Վավերագրող եմ, ամենաշատն իմ աչքի տեսածին եմ վստահում:

Հոկտեմբերի 1-ի իմ արձանագրումն այն է, որ պատրաստ չէինք: Ոչ մի կերպ մենք պատրաստ չէինք այս սցենարին: Մինչդեռ բոլոր սցենարներին պատրաստվելու համար մոտ երեք տարի ենք ունեցել՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ը: Իսկ պատերազմից հետո որպես Հայաստան-Արցախ ճանապահը տարվա մեջ մի քանի անգամ անցած մարդ՝ անզեն աչքով տեսածով էլ պարզ էր, որ հակառակորդն իր սցենարին պատրաստվում էր, լուրջ էր պատրաստվում: Իսկ մենք անլուրջ էինք: Ու Արցախը կորցնելուց հետո էլ շարունակում ենք անլուրջ ապրել…

Հոկտեմբերի առաջին օրերին, երբ ուսանողներիս հանդիպեցի ու հարազատ մարդկանց օրինակով տեսա խնդիրների մասշտաբը, սոցցանցերում դրամահավաք սկսեցի: Հոկտեմբերի 7-ից հստակեցրի, որ ինձ վստահված յուրաքանչյուր գումար կուղղեմ արցախցիների համար մահճակալների ձեռքբերմանը: Մարդիկ, առավել ևս դժոխային իրավիճակով անցած մարդիկ, պետք է հարմար մահճակալ, տաք անկողին ու գլուխը բարձին դնելու հնարավորություն ունենան: Մաթեմատիկական մի քանի պարզ գործողություն անենք: Մահճակալի շուկայում ոտքից գլուխ թաթախված մարդը մահճակալի մեկ փաթեթը (մահճակալ, ներքնակ, վերմակ, բարձ, սպիտակեղեն) կարող է գնել 42 հազար ՀՀ դրամով: Առաքման ու տեղափոխման ծախսերը ջանք գործադրելու դեպքում կարելի է հասցնել 0-ի: 3000 ՀՀ դրամ էլ ավելացնենք՝ անունը դնելով «հարակից» կամ «չնախատեսված» ծախսեր: Հիմա եկեք պատկերացնենք, որ ամենավատ սցենարով Հայաստան մտած ամեն երկրորդ արցախցի, այսինքն՝ մոտ 50 հազար մարդ, գետնին է քնում: Ստացվում է՝ 50 000 X 45 000 = 2 250 000 000 ՀՀ դրամով կարելի էր լուծել մահճակալային խնդիրը: Ճիշտ այսքան գումար մեր կառավարությունն օգոստոսին որոշեց հատկացնել Երևանում Սնուփ Դոգի համերգ կազմակերպելու համար՝ 6 միլիոն ԱՄՆ դոլար կամ ավելի քանի 2 միլիարդ ՀՀ դրամ: Արցախի կորստից հետո ու ստեղծված աղետալի իրավիճակում հոկտեմբերի 13-ին Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության վրա ծախսված 87 միլիոն ՀՀ դրամի թվաբանությունը կթողնեմ ձեզ:

Հոկտեմբերի 15-ը բոլոր ծանր օրերից ամենածանրն էր: Այդ օրը պլանավորած ոչ մի գործ իր հունով չգնաց: Օրվա մեջ Ֆեյսբուքի խմբերից մեկում մի գրառում էի արել, որից հետո նամակների տարափ սկսվեց մոտս: Արցախցիներն էին գրում, գիտեի, որ մահճակալի հարցով են գրում, բայց ուժ չունեի բացել ու կարդալ նամակները: Գիտեի, որ կփլվեի: Իսկ այդ պահին փլվելու իրավունք ոչ մի կերպ չունեի: Ոչ նույն ինտենսիվությամբ, բայց շարունակում եմ խնդրանքներ ստանալ թե՛ նամակների, թե՛ գրառումներիս մեկնաբանությունների, թե՛ այլ տարբերակներով: Հիմա ավելի սառն եմ մոտենում խնդրին. գիտեմ, որ բոլոր արցախցիներին չեմ կարող մահճակալով ապահովել, բայց եթե նույնիսկ հաջողվի տասնյակ հազարավորներից գոնե հարյուրի խնդիրը լուծել, ուրախ կլինեմ, որ այդքանով ստացվեց օգնել:

Արդեն հոկտեմբերի 29-ն է։ Ո՛չ 27-ին, ո՛չ էլ 28-ին տեքստս ոչ մի կերպ չկարողացա ավարտել։ Թեև խոստացել էի։ Միշտ մտածել եմ, որ «ժամանակ չունեմ»-ը կեղծավորություն կամ ինքնախաբեություն է։ Վերջին մեկ ամսում, սակայն, չեմ հասցնում։ Իրոք, չեմ հասցնում։ Տեքստն էլ չհասցրի ժամանակին ավարտել։

Հոկտեմբերի 29-ին կավարտենք մինչ այս պահը գնված ու հավաքված մահճակալների առաքումը: Բացատրեմ: Երբ դեռ չէի սկսել դրամահավաքն ու ինքս ինձ հարազատ ընտանիքների համար խելակորույս մահճակալ էի փնտրում, միանգամից մի քանի տասնյակ մահճակալի հասանելիություն ստացա: Եթե պարզ բացատրեմ, ապա գույքը չգործող հաստատությունից փոխանցվել էր Երևանի թիվ 124 դպրոցին, իսկ «Կրթություն և համերաշխություն» արհմիության միջնորդությամբ դրանք փոխանցվեցին ինձ, որպեսզի ես էլ փոխանցեմ արցախցիներին: 55 մահճակալ՝ մի մասը հին ու օգտագործված, մյուսները՝ նոր, չօգտագործված, ցելոֆանի մեջ փաթաթված, բայց փոշուց մի քիչ խունացած ներքնակներով: Այս 55 մահճակալը պետք էր ձեռքով քանդել, ձեռքով չորս հարկ իջեցնել: Ես էլ, ինձ այս հարցում կամավոր սկզբունքով աջակցող մարդիկ էլ, բոլորս աշխատանք ունենք: Մահճակալների գործերը կազմակերպում ենք ուշ երեկոյան ժամերին կամ շաբաթ-կիրակի օրերին: Հին մահճակալների անմխիթար ներքնակները փոխարինեցինք նորերով, լրացրինք անկողնային պարագաներով, ևս 10 մահճակալի ամբողջական փաթեթ կարողացանք ձեռք բերել դրամահավաքով եկած գումարով: Գումարային՝ հոկտեմբերի 29-ի ավարտին հանգիստ խղճով կկարողանանք ասել, որ 65 մարդու ապահովել ենք մահճակալով: Մինչ օրս մոտ 2 միլիոն ՀՀ դրամ բերած դրամահավաքը չի ավարտվել, ընդհակառակը՝ նոր փուլ է մտել:

Հիշում եք, չէ՞, մասնագիտությամբ վավերագրող եմ ու հաստատ կնախընտրեի ազատ ժամանակս հենց այս ոլորտում ներդնել: Բայց ինչքան խորն եմ ընկղմվում մահճակալների խնդրի մեջ, կարիքի մասշտաբներն աչքիս գնալով մեծանում են, իսկ ունեցած ռեսուրսները դրա դիմաց ավելի փոքր են թվում: Դրամահավաքից դեռ մի շաբաթ էր անցել, մի խելառ միտք եկավ. ի՜նչ լավ կլիներ, որ մահճակալները ոչ թե այս կամ այն խանութից գնեի, այլ հնարավոր լիներ արցախցի կահույքագործների իրար գլուխ հավաքել, նրանց համար արտադրություն սկսել ու հենց իրենցից էլ գնել: Այս միտքը որպես խելառ միտք ընդամենը մեկ շաբաթ մնաց գլխումս: Հյուր էի գնացել Արարատի մարզի Զորակ գյուղում հաստատված նորշենցի մեկ այլ ընտանիքի: Էդո ձյաձյայի մեծ ընտանիքն է: Զորակում վարձակալած կիսաավերակ տունը կարգի են բերում, որ 14 հոգով տեղափոխվեն, միասին ապրեն: Իրենց մահճակալներ էի խոստացել: Խոսքից խոսք բացվեց, իմացա, որ Էդո ձյաձյան Նորշենի հայտնի կահույքագործն է, ումից արտադրանք են պատվիրել Արցախի տարբեր անկյուններից:

Հոկտեմբերի 30-ին վարպետի հետ պիտի գնանք հաստոց գնելու: Ու տան նկուղային հարկում Էդո ձյաձյան որդիների հետ կվերսկսի գործը: Նախ իր ձեռքով իր ընտանիքի համար կպատրաստի մահճակալների առաջին խմբաքանակը, հետո կանցնենք մյուսներին:

 

Սոնա ՔՈՉԱՐՅԱՆ
Վավերագրող ռեժիսոր
Երևան

Առանց փախստականների ճամբարների ու վրանային ավանների

Անալիտիկոն

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց Արցախի դեմ: Ռազմագործողությունը տևեց մեկ օր, սակայն դրա արդյունքում Արցախը լիովին հայաթափվեց, ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը:

Հայաստանի Հանրապետության համար սա արցախահայերի ամենամեծ, բայց ոչ առաջին ներգաղթն էր: Դեռևս 2020 թ. պատերազմի օրերին Արցախի բնակչության գրեթե 75 տոկոսն ապաստանեց Հայաստանում, և միայն նոյեմբերի 9-ի Եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո արցախահայությունը վերադարձավ հայրենիքի այն հատված, որը մնացել էր հայկական իշխանության ներքո՝ որպես անվտանգային երաշխիք դիտարկելով Արցախի Պաշտպանության բանակը և ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղաբաշխման հանգամանքը:

Սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից սկսած բացեցին ավելի քան իննամսյա բնականոն գործունեությունը դադարեցրած Բերձորի (Լաչինի) միջանցքը՝ հայրենազրկման ճանապարհը դյուրացնելու նպատակով:

Ի տարբերություն 2020-ի, երբ հոսքն Արցախից սկսվեց հանկարծակի, 2023-ին ՀՀ կառավարությունը ժամանակ ուներ նախապատրաստվելու արցախցիների մուտքին: ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար մարդկանց ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ: Փաստացի մեկ շաբաթվա ընթացքում 100 հազար փախստական մտավ Հայաստան ու տեղավորվեց՝  առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու:

Մուտք գործելով Հայաստան՝ արցախցիները նախ գրանցում էին իրենց առաջնային կարիքները համապատասխան հարթակում, նաև առցանց տարբերակով՝ e-soc.am կայքում, ինչպես նաև համայնքապետարաններում և Երևանի վարչական շրջանների թաղապետարաններում: Ըստ ցանկության՝ ոմանք օգտվեցին նաև կառավարության առաջարկած ժամանակավոր կացարաններից:

Կառավարության կողմից գործարկվեց 114 թեժ գիծը, ինչպես նաև սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակ, որտեղ տարբեր ՀԿ-ներ, նախաձեռնություններ ցանկություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը՝ նեցուկ լինելու համար պետությանը, նաև ճիշտ տեղաբաշխելու համար առկա ռեսուրսները: Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում պարբերաբար ուղիղ եթերում ներկայացվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված պետական ծրագրերը:

Սակայն, ՀՀ Կառավարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների, նախատեսված և ընթացքի մեջ գտնվող աջակցության ծրագրերի իրականացումն այնքան էլ հարթ ու առանց խնդիրների չէ:

Արցախից բռնի տեղահանվածների աջակցության առաջին փաթեթը 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման ծրագիրն էր, որի շահառուներն էին 2023 թ. սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ից հետո ՀՀ մուտք գործած բոլոր անձինք՝ անկախ սեռից ու տարիքից: Ծրագրի համար դիմում լրացվում էր միայն անչափահասների համար: Գումարը փոխանցվում է շահառուի բանկային քարտին, իսկ 75 տարեկանից բարձր, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունն ստանում են առձեռն՝ «Հայփոստ»-ի մասնաճյուղերից: Առանց խորանալու մանրամասների մեջ, ուզում  եմ առանձնացնել ծրագրի իրականացման հիմնական խութերը՝

  1. Ծրագիրը գրված է բավականին խրթին, շարքային քաղաքացու համար ոչ միանգամից ընկալելի, և մարդիկ ամենատարբեր հարթակներում պատասխաններ էին փնտրում:
  2. Առանց դիմում լրացնելու, սակայն ամենատարբեր գրանցումներ անցնելու արդյունքում մի շարք քաղաքացիների տվյալներ դեռ չեն նույնականացվել ու չեն արտացոլվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, որի պատճառով մարդկանց մի մասի գումարները դեռ չեն փոխանցվել:
  3. Խնդրի կապակցությամբ հստակ մեկնաբանություն ոչ մի կառույց տալ չի կարողանում, մարդկանց հորդորում են համբերատար սպասել ու վստահ լինել, որ զուտ տեխնիկական պատճառներով ոչ ոք աջակցությունից չի զրկվելու:
  4. Փոխանցված գումարները երբեմն սառեցվում կամ վերադարձվում են բանկերի կողմից, քանի որ արցախցիների մեծ մասի բանկային հաշիվներն «Արցախբանկ»-ում են, իսկ բանկը մարզերում մասնաճյուղեր չունի:
  5. Խնդիրներ ծագեցին նաև անչափահասների համար dimum.ssa.am հարթակում լրացված դիմումների պարագայում։ Երբ մայր ծնողը շահառու չէր՝ հայր ծնողի անունով գրանցելու հնարավորություն չէր լինում, քանի որ մայր ծնողին այլընտրանք նշված էր լինում խնամակալ: Մեկ այլ խնդիր էլ կա։ Այն դեպքում, երբ մայրը այլ երկրի հաշվառում ունի, երեխան կամ երեխաները մեխանիկորեն դուրս են մնում աջակցության ծրագրերից:
  6. Ծրագրի շահառու չեն ՀՀ կամ այլ երկրների հաշվառում ունեցող, սակայն տարիներ շարունակ Արցախում ապրած, աշխատած, նույնպես ամեն ինչ կորցրած քաղաքացիները:

Հարկ է նշել, որ աջակցության սույն ծրագրում հետագայում կատարվեցին փոփոխություններ, շահառուների ցանկն ընդլայնվեց, աջակցությունը ստանալու են նաև ԿԽՄԿ միջոցով բուժման կամ այլ նպատակներով ՀՀ տեղափոխված, ինչպես նաև ՀՀ-ում ուսանող արցախցիները:

Գործարկված dimum.ssa.am հարթակով հնարավոր է նաև ստուգել շահառու լինելը կամ չլինելը, չլինելու հանգամանքը, դիմումի մերժման հիմքերը: Այս հարթակը երբեմն լրացուցիչ հարցերի տեղիք է տալիս շահառուներին, մարդիկ մոլորության մեջ են ընկնում:

Աջակցության հաջորդ ծրագիրը՝ 40-հազարական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10-հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, մեկնարկեց հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից: Հոկտեմբեր ամսվա համար ծրագրի շահառու են համարվում նախորդ՝ 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շահառուները, որի համար դիմում չի լրացվելու, իսկ նոյեմբեր ամսից համապատասխան հարթակում պետք է լրացնել մեկանգամյա դիմում:

Բացի 100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից, մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Հիմնական շահառու կհանդիսանան այն անձինք, ովքեր ստացել են նախորդ 100 հազարական դրամների աջակցությունը, նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն շահառու չեն կարող լինել այն անձինք, որոնց բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ:

Սակայն, մինչև Կառավարությունը կպարզաբանի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, մարդիկ իրենց հաշվեհամարներում առկա նույնիսկ 5000 դրամներն են հանում: Հիմնականում մեծ հերթեր են լինում «Արցախբանկ»-ի մասնաճյուղերի մոտ, որովհետև շատերը ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել ու մարզերից հասնել Երևան:

Հարկ է ընդգծել՝ 2020 թ. բռնի տեղահանված և ՀՀ-ում ապաստանած արցախցիները նշված ծրագրերի շահառու չեն: Նրանք որպես բնակվարձի փոխհատուցում մինչև 2023 թ. մայիս ստացել են 40 հազար ՀՀ դրամ, որը, սակայն, ԱՀ Կառավարության կողմից տրամադրվող մնացյալ ծրագրերի նման մնացել է օդից կախված:

ՀՀ Կառավարության կողմից մշակվել և կիրառման են դրվել աշխատանքի, զբաղվածության հետ առնչվող ծրագրեր՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար, կատարվում է ուսանողների վարձավճարների փոխհատուցում, դյուրացվել են առողջապահական, կրթական և այլ ծառայություններին դիմելու ընթացակարգերը:

2023 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց որոշման նախագիծ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու (փախստականի կարգավիճակ տալու) վերաբերյալ, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող բոլոր անձանց վրա: Ստացվում է, որ արցախցիները պետք է ընտրեն՝ կա՛մ ընդունել ՀՀ քաղաքացիություն, շարունակել ստանալ կենսաթոշակ, նպաստ և այլն, կա՛մ՝ ինչ-որ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ և ստանալ աջակցություններ:

Ամփոփելով կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները՝ կարելի է փաստել, որ աջակցությունները թեպետ հնարավորինս թիրախային են, բայց և հնարավոր չէ խուսափել բացթողումներից:

Կարծում եմ, լավագույն լուծումը կլիներ բոլոր աջակցությունների համար միասնական առցանց հարթակի ստեղծումը, որտեղ հնարավոր կլիներ լրացնել առցանց դիմումներ, հետևել դրանց ընթացքին:

Լեռնային Ղարաբաղի հաշվառում չունեցող, սակայն փաստացի Արցախում բնակված, գրանցված կամ չգրանցված աշխատող հանդիսացած, անշարժ գույքի սեփականություն ունեցած անձինք ինչ-որ տարբերակով պետք է ընդգրկվեն շահառուների ցուցակներում, ստանան աջակցություն: Որպես տարբերակ կարելի է կիրառել.

  1. հարկային հաշվետվությունների տվյալները՝ գրանցված աշխատողների համար
  2. համայնքապետերի կողմից ժամանակավոր փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը:

Ու ամենակարևորը՝ պետք է բացառել 2020 թ. Արցախից բռնի տեղահանվածներին և 2023 թ. տեղահանվածներին տարբեր հարթություններում դիտարկելը:

 

Լիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լրագրող, Հադրութի «Դիզակ» թերթի նախկին խմբագիր
Երևան

Շահրամանյան․ Երեւանը գոյատեւման խնդրի առաջ է՝ արցախցին 30 տարի պահեց Հայաստանը

Lragir

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը կարելի է համարել հրապարակային քաղաքականությունից հեռու մարդու քաղաքական մաստեր-կլաս ինքզինքը քաղաքական գործիչ եւ քաղաքական ուժ համարողներին։ Հնարավոր է՝ դրա պատճառը հենց հայկական հրապարակային քաղաքականությունից, այն է՝ պրիմիտիվ-կենցաղային կաղապարներից ու մանր ինտրիգներից, հեռու լինելն է։

Ինչ հաստատեց Շահրամանյանն իր հարցազրույցով․ ՀՀ իշխանության կողմից թաքցվել եւ ստորաբար թաքցվում է Արցախյան ցեղասպանության փաստը:

Արցախի ՊԲ ուժգին դիմադրությունը հնարավոր դարձրեց բանակցությունները հրադադարի մասին․ Բաքվին ՀՀ թշնամական իշխանության եւ ՌԴ երաշխիքները Ստեփանակերտին դրել էին երկընտրանքի առջեւ: Ըստ Շահրամանյանի, ցապարների գրոհի սկզբից մի քանի թանկագին ժամ անց, այդուհանդերձ, ընտրվեց դիմադրությամբ, ըստ այդմ, հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու ճանապարհը: Այլապես բնաջնջումը ապահովված էր:

Ըստ Շահրամանյանի, ՀՀ իշխանությունը տեղյակ էր ստորագրվող փաստաթղթին, ինչպես նաեւ գիտեր, որ դա իրականում ոչ թե ԼՂՀ, այլ ՀՀ լուծարման փաստաթուղթ է. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում եւ մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հրապարակային չքմեղանքն ու հորթի թարթիչների ճպճպոցը ՀՀ էկրաններին ոչ մեկի մոլորեցնել չէր էլ կարող:

Շահրամանյանն անդրադարձել է ՀՀ իշխանության կողմից ուղղորդվող Սամվել Բաբայանի ինտիրգներին, ով իբր 23 կետանոց փաստաթղթի շուրջ բանակցում էր Բաքվի հետ։ Կետերից մեկն էլ Արցախի ինչ որ կարգավիճակն էր ազերբայդժանի կազմում։ Ըստ Շահրամանյանի, ինքը կապվել է Բաքվի լիազոր ներկայացուցչի հետ, ով ասել է, որ նման բանակցություններ չկան։

«Նրանք պատճառաբանել են, որ իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, եւ եթե մեզ տրվի որոշակի կարգավիճակ, նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ: Իրենց խոսքով, իրենք չեն գնա պետությունը սեփական ձեռքով քանդելու ճանապարհով», ասել է Շահրամանյանը:

Սա էական պահ է եւ առնչվում է նիկոլական «Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն» ագենտուրային ռուս-թուրքական թեզին, որը Բաքվի իրավունքների հաստատման՝ Արցախի ոչնչացման փորձի, բնիկ մեծամասնության արտաքսման եւ հայոց ոստանի օկուպացիայի Երեւանի հանձնառության կարգախոսն էր։

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի լայնածավալ հարձակման եւ հետագա իրադարձությունների մասին Շահրամանյանի անպաճույճ պատումը հաստատում է վերոհիշյալ իրողությունները․ «Իմ նպատակը՝ որպես Արցախի նախագահ, եղել է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը, որ խուսափեինք ավելի շատ զոհերից։

Ստիպված էի կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին։ Սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։ Առաջինը ինձ ադրբեջանցիները փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները, և դրանք չեն դադարի մինչև չհասնեն վերջնական նպատակին։ Նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ տիրապետել Արցախին։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ էր կրում զգալի կորուստներ և մեր շրջանները գտնվում էին շրջափակման մեջ, հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան մոտեցել էր Ստեփանակերտին՝ Կրկժանի տեղամասին շատ մոտ՝ այդ իրավիճակում մեզ այլ բան չէր մնում, քան գնալ ավելի մեծ զիջումների։ Եվ ես առաջարկել եմ, որ նրանք գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։ Պարզ է, որ առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել, և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էին անվտանգության խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահներն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մշտապես քննարկումներ էինք անում, փոփոխություններ մտցնում և տեղեկացնում ադրբեջանական կողմին: Բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին բոլոր ուղղություններով դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ կետով՝ պաշտպանության բանակի լուծարում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդների դուրսբերում: Երրորդ կետով՝ Ադրբեջանի հետ ինտեգրացիան» (ընդգծումները Լրագրի

Շահրամանյանը ասաց, որ չի անդրադառնալու «առաջին փաստաթղթին», նշեց միայն, որ դա կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Երեւանի տեղյակ լինելը, բնականաբար, նշանակում էր անվերապահ կապիտուլյացիայի պարտադրանք, որը շնորհիվ զինված դիմադրության մերժվեց։ Այսպիսով, Արցախի հանրային հեռուստատեսությամբ ԼՂ նախագահը հղել է գլխավոր ուղերձը՝ արցախցին 30 տարի, 2023 թվականի սեպտեմբեր 19-ը ներառյալ, պահեց Հայաստանը։ Ուղերձը հստակ է։ Երեւանը կանգնել է գոյութենական խնդրի առջեւ։ Նա արցախցիներին կոչ արեց «ապրել ու արարել Հայաստանում, չմոռանալով, որ Հայաստանը մեր հայրենիքն է»:

Մեծ պրոբլեմ է, որ երկու ոչ ամենախելացի եւ ընդգծված գավառացի «խոխա» քառորդ դար միամտաբար կարծում էին, թե Հայաստանը «մեծ Արցախ» է: Հայրենիքի հարցը մնում է հարցերի հարց, եւ մեր խնդիրը այդ հարցի պատասխանը ճշտելն ու ամրագրելն է: Թշնամին, նախ եւ առաջ երկրի ներսում, պիտի տապալվի: Ով էլ լինի, որքան էլ լինի:

Հայը վերադառնալու է Հայաստան, վերադառնալու է Արցախ: Շահրամանյանը հակիրճ անդրադարձավ գալիք իրադարձություններին, հայրենադարձությանը, ընդգծելով սեպտեմբեր 28-ի իր որոշման «ուժն ու հզորությունը»: Լրագիրը եւս անդրադարձել է այդ փաստաթղթին՝ փաշինյանական մթագնության ավարտին ու ռուսական լծից ազատվելուն զուգահեռ բացվող հնարավորություններին:

Արցախը մեր բոլորիս հայրենիքն է: Մենք պահել ենք միմյանց: Արցախը օկուպացված է եւ մենք պահելու ենք միմյանց: Արցախը ազատագրվելու է եւ մենք կազմաքանդելու ենք այսպես կոչված «ազերբայդժանական պետությունը»: Սա է խաղաղության անհրաժեշտ պայմանը: Կոտորած անգութ, օտարի քաղցր լուծ կամ օտար եզերք երազողները ազատ են կողմնորոշվել այս կամ այն կողմ: Հայաստանի դռները բաց են թե մուտքի, թե ելքի համար:

Մագդա Նեյմանի փողոցի “գազավիկի տունը”․ ժպիտ և դառնություն

Նկարներում Ստեփանակերտի Մագդա Նեյման փողոցն է, որը չնայած արդեն 20 տարուց ավել է ինչ կրում է այդ անունը, բայց ժողովուրդը և նամանավանդ քաղաքի վարորդները փողոցը անվանում են «Կեծխավելի» կամ «Վայենկոմատին քամակը», իսկ վերջի տարիներին այդ երկու անունների հետ մեկտեղ Մակդա Նեյման փողոցը ժողովրդի կողմից վերանվանվել էր «գազավիկանց թաղը»:

«Գազավիկանց թաղում» ապրում էին շատ տարբեր մարդիկ և ընտանիքներ, վերևում քաղաքապետի տունն էր, որի առջևի մայթում «Մարո բաբոյի բուտկան» էր, փոքր ժամանակ մաստակ էինք գնում առևտրից մնացած մանրով:

Թմբից ներքև հենց խաչմերուկում մեր տունն էր, որը անվանում էին «ոստիկանին տոնը», երեխաների գլխավոր նպատակներից մեկը սեզոնին մեր տանձի ծառը թալանելն էր, որը ի դեպ որոշ դեպքերում հաջողվում էր:

Հենց մեր տան մոտ հայտնի «գազավիկանց տոնը» էր: Հետաքրքիրը այն է, որ, ինչպես վերևում նշեցի, մեր փողոցում էր գտնվում քաղաքապետի տունը, բայց բոլորը փողոցը անվանում էին հենց «գազավիկանց թաղ»:

Բայց ամենահետաքրքիրը «տիվերի թաղն» էր (ներքևի փողոց), որտեղ հարևաները ամեն օր հավաքվում էին թեյ խմելու, զրուցելու, որտեղ երբեմն վեճեր էին լինում թե ում մեքենաները որտեղ պետք է կանգնեցվեն:

Մեր փողոցում պաստառ կար «Բարի գալուստ զինվոր» գրվածքով, հենց դրանով էլ դիմավորել ենք մեր փողոցի զինվորներին:

Ամռան օրերին շատանում էր կոնֆլիկտները երեխաների և Օլյա տոտայի միջև, նրանք խաղալ էին ուզում, իսկ Օլյա տոտան հանգստանալ:

Պատերազմի օրերին փողոցի մարդիկ էլի միասին էին, պայթուների ժամանակ պատսպարվում էին մյուս հարևանի տանը, որտեղ տարիներ առաջ հացի փուռ էր, դեռ այն ժամանակ, երբ հացը 50 դրամ էր:

Հիմա փողոցում էլ մենք չենք ապրում, մնացել են միայն նկարները և հիշողությունները, որոնք դեռ շատ-շատ տարիներ դեռ հիշվելու, ժպիտ և դառնություն են պատճառելու։

Քրիստինա Ալահվերդյան

12 քաղաքացիական անձի և 30 զինծառայողի գտնվելու վայրը հայտնի չէ, գերեվարված 16 անձանցից 8-ը Արցախի ղեկավարության անդամներն են․ ՔԿ տվյալներ է հրապարակել

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնագաղթելիս 14 անձ խոշտանգումների է ենթարկվել, 64-ը՝ մահացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քննչական կոմիտեի YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակված տեսանյութում հայտնել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Ունենք 200-ից ավելի զոհված զինծառայող և քաղաքացիական անձ: Շուրջ 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը մինչև հիմա հայտնի չէ»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 14 խոշտանգված անձանցից 12-ը զինծառայող է, երկուսը՝ քաղաքացիական անձ:

Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է քաղաքացիական ինը անձ, նրանցից երեքը՝ երեխա: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

Անդրադառնալով առևանգումներին և գերեվարումներին՝ Վարդանյանն ասել է՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձինք են: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Արցախի Հանրապետության նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: 44-օրյա պատերազմից հետո մինչև սեպտեմբերի 19-ը հաստատված և Ադրբեջանում ապօրինի պահվող ևս 37 անձ կա:

Պաշտոնատար անձանց, զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվել:

«Այս պահի դրությամբ ինը անձի մասով մենք ունենք Ադրբեջանի կողմից հաստատում, որ տվյալ անձինք գերության մեջ են: Մյուսների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ: Այժմ վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք՝ այդ թվում դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

«Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող: Նույնականացման գործընթացը դեռ չի ավարտվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ֆիքսված են բոլոր այն անձինք, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել»,-ասել է Ռաֆայել Վարդանյանը:

Բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայ ճանաչվելու է տուժող:

 

Ֆինանսների նախարար․ ղարաբաղցիներին կա՛մ օգնություն, կա՛մ թոշակ

Մենք թոշակ չենք տալիս արցախցիներին, մենք տվել ենք գումարները ԼՂ կառավարությանը, ինքը որոշել է՝ ինչ անի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու արցախցիներին աշխատավարձ ու թոշակ հիմա հնարավոր չէ տալ, չէ՞ որ ամեն ամիս Հայաստանն այդ գումարները տրամադրել է Արցախին:

Հարցին՝ ինչու հիմա Հայաստանը չի տալիս ԼՂ-ին այդ գումարները, նախարարը պատասխանեց. «Նախ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել: Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը, կարծեմ 6 մլրդ դրամի մնացորդ ունենք, տրամադրվել է արդեն: Դեռ մի բան էլ ավելի, մենք որոշումներ ենք կայացրել տարվա ընթացքում եւ այդ գումարն ավելացրել ենք: Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, որոնք գտնվում են Հայաստանում»:

Ճշտող հարցին՝ այսինքն այն գումարները, որոնք պետք է տայիք Արցախին, հիմա տալիս եք որպես օգնությո՞ւն, Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ո՛չ, որովհետեւ 100 հազարական եւ 50 հազարական դրամները, որ հիմա տալիս ենք, դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որը մնացորդ կար ԼՂ-ին հատկացնելու համար: Մենք որոշում չունենք, որ այդ գումարը չենք տալու, բայց ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք: Տանք որ ի՞նչ լինի: Մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ:

Իսկ թոշակ ստանալու համար այդ մարդիկ պետք է հաշվառվեն Հայաստանում, գրանցվեն մեր համակարգում եւ ստանան իրենց հասանելի թոշակը ՀՀ ընդհանուր համակարգի միջոցով»:

Բաքուն խոսում է Արևմուտքի «անպարկեշտ» առաջարկների մասին, ու ինչպես է Ռուսաստանը դառնալու իրենց վահանը

Բաքուն չգիտի, ինչ անել «հաղթանակի» հետ և ինչպես այն «գրանցել» միջազգային ատյաններում։ Առաջարկվում է նոր «Կարսի պայմանագիր» կնքել, այսինքն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, մանավանդ որ Ադրբեջանն արդեն իրեն անվանում է գրեթե Թուրքիայի մաս։ Բաքվում վախենում են, որ Արևմուտքը թույլ չի տա Ռուսաստանին «կլանել» Հայաստանը, ուստի խորհուրդ են տալիս ռուս խաղաղապահներին թողնել Արցախում «որպես վահան Արևմուտքից»։

«Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը կարծում է, որ «եթե Հայաստանը ցանկանում է միջնորդ տեսնել արևմտյան երկրներին, որոնք 35 տարի պաշտպանել են իր օկուպացիոն քաղաքականությունը, ապա Ռուսաստանին և Թուրքիային բացառելը բանակցային գործընթացից լուրջ սխալ կլինի Ադրբեջանի կողմից»: Հասանգուլիևը կարծում է, որ Կարսի նոր պայմանագրի ստորագրումը խաղաղություն կբերի տարածաշրջանին, և առանց Թուրքիայի և Ռուսաստանի երաշխիքների շատ դժվար կլինի երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում։

ReAl կուսակցության փոխնախագահ, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին կարծում է, որ կա միայն մեկ երկիր, որը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը և ճանապարհ բացել Արևմուտքի հետ ինտեգրման՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան։

«Իր թուլությունը ներքին լսարանի և հայության առջև քողարկելու համար Ռուսաստանը Փաշինյանին քավության նոխազ հայտարարեց. Փաշինյանն էլ է ձեռ տալիս. ձևավորվեց նրա արևմտամետ քաղաքականության հիմքը, հիմք ստեղծվեց ֆինանսական և քաղաքական աջակցության ավելացման համար։ Բայց Փաշինյանն օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից ու փող է աշխատում։ Իր արևմտամետ հռետորաբանության շնորհիվ Հայաստանին հաջողվում է խուսափել Արևմուտքի անուղղակի պատժամիջոցներից, ինչը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Ռուսաստանը Հայաստանի միջոցով գնում է կիսահաղորդիչներ և միկրոչիպեր և արտադրում է հրթիռներ, անօդաչու սարքեր, ինքնաթիռներ և տանկեր»,- ասաց նա։

Էլչին Ալիօղլուն պատմում է, թե ինչու է Ալիևը հրաժարվում Բրյուսելում հանդիպումներից. «Ի՞նչ կսպասեր մեզ Բրյուսելում։ Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի ապահովում. սա հենց այն է, ինչ Միշելը կառաջարկեր Բրյուսելի հանդիպմանը։ Ավելի ուշ, Գրանադայում հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը որպես նախաբան կբարձրացնեն այս հարցը։ Նրանք կհայտարարեին, որ 3-4 հազար ղարաբաղցի հայեր ցանկանում են հետ վերադառնալ, և կպահանջեին, որ Ադրբեջանը ապահովի նրանց վերադարձը։ Բայց պետք է լինի միջազգային կոնտինգենտ, որը վերահսկի դրանք:

Պետք է փորձենք թույլ չտալ, որ Ռուսաստանին դուրս մղեն խաղից։ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է և ունի վետոյի իրավունք։ Երբ Արևմուտքը ճնշում է մեզ , մենք պատասխանում ենք, որ ռուս խաղաղապահները կմնան մինչև 2025 թվականը։ Իսկ եթե այնտեղ ղարաբաղցի հայեր չլինե՞ն։ Նրանք ինքնակամ հեռացել են, մենք նրանց դուրս չենք հանել։ Նույնիսկ Մակրոնը, Փաշինյանը, մնացածը կարող են էթնիկ զտումների մասին ինչքան ուզում են խոսել։ Շատերը կարող են ասել, որ Արևմուտքը ճնշում է գործադրելու մեզ վրա և մեղադրելու է էթնիկ զտումների մեջ։ Դատարկ խոսակցություն, քանի որ ՄԱԿ-ի առաքելությունը, ԵՄ-ն և այլ միջազգային դիտորդներ սա անվանեցին կամավոր հեռացում: Ինքը՝ Փաշինյանը՝ կառավարության նիստում սա անվանել է կամավոր տեղափոխում։ Էթնիկ զտում բառը չօգտագործվեց»,- ասաց նա։

«Ինչ վերաբերում է խաղաղապահներին. նրանք մեզ պետք են, վահան են։ Արևմուտքից մեզ վրա ճնշում գործադրելու դեպքում, եթե Մակրոնն ու իր կամարիլան խոսեն Ղարաբաղ միջազգային առաքելություն ուղարկելու մասին, մենք կարող ենք նրանց ասել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է, հետևաբար ռուս խաղաղապահներն ունեն միջազգային կարգավիճակ։ Եթե ​​ուզում եք Ռուսաստանին դուրս հանել, ճնշում գործադրեք։ Ի՞նչ եք կարծում, ռուս խաղաղապահները դուրս կբերվե՞ն։ Մոտ ապագայում՝ ոչ։ Մենք պետք է խաղաղապահներին որպես վահան օգտագործենք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը միասնական են։

Ստեփանակերտի մանկատունը չի կարող գտնվել սահմանի մոտ, որտեղից բխում է սպառնալիքը

Ստեփանակերտի նախկին մանկատան տնօրեն Համեստ Սուլեյմանյանը կարծում է, որ սխալ է առանց ծնողական խնամքի երեխաներին տեղավորել սահմանամերձ գոտում։

Տեղահանությունից հետո Ստեփանակերտի մանկատան 11 սաներ տեղավորվել են Կապան քաղաքի նմանատիպ հաստատությունում։

Սուլեյմանյանը կարծում է, որ այս երեխաների ապրածից հետո չի կարելի նրանց տեղավորել սահմանի մոտ, որտեղից հստակ երևում է թշնամու դրոշը։ Եվ այս երեխաները շատ բան են անցել վերջին չորս տարիների ընթացքում: 2020-ի պատերազմի ժամանակ ռմբակոծություններ, 44-օրյայի տարհանում, վերադարձ Ստեփանակերտ, Բերձորի և այլ օկուպացված տարածքների երեխաները սկսում են միասին ապրել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, 9 ամիս շրջափակում, 2023-ի սեպտեմբերյան պատերազմ՝ ռմբակոծություններ և սննդի իսպառ բացակայություն, տեղահանություն և դժվարանցում Լաչինի միջանցքով։ Նրանց թվում կան 2020 թվականի պատերազմի ժամանակ թշնամու ձեռքից հրաշքով փրկված երեխաներ։

«Բոլոր երեխաներն ապահով կերպով տեղափոխվել են Հայաստան և տեղավորվել Կապան քաղաքի գիշերօթիկ դպրոցում։ Նրանց խնամքը գոհացուցիչ է։ Սակայն, այն ամենից հետո, ինչ նրանք ապրել են, լավ կլինի, որ երեխաները չապրեն սահմանամերձ գոտում՝ վախենալով, որ նորից կհայտնվեն կրակի տակ։ Առավել եւս, որ նրանց կողքին ծնողներ չկան։ Անհրաժեշտ է, որ մանկատուն-ինտերնատը՝ Արցախի և Հայաստանի բոլոր սաներով, գտնվի երկրի խորքում՝ համեմատաբար ապահով վայրում։ Բացի այդ, բոլոր երեխաները հրատապ հոգեբանական վերականգնման կարիք ունեն»։