Ինչ վերաբերում է նրան, որ մենք գումարներ էինք բաժանում, տներ էինք գնում, մեքենաներ էինք նվիրում, դա կեղծ է. Շահրամանյան

Ինչ վերաբերում է նրան, որ մենք գումարներ էինք բաժանում, տներ էինք գնում, մեքենաներ էինք նվիրում, դա կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ շատ է խոսվում այն մասին, որ Արցախի բյուջեն դատարկ է, մինչև նրա պաշտոնավարումը ամեն ինչ բաժանված էր՝ պետական գույքը, մեքենաներ են սեփականաշնորհվել, սեփական տարածքներ են վաճառվել պետությանը։

«Ինչ վերաբերում է բյուջեն դատարկ լինելուն՝ մեր գանձապետական ծրագիրն այնպիսին է, որ իրականացված ցանկացած փոխանցում, որ չի համապատասխանում մեր օրենսդրությանը, չի կարող իրականացվել։

Նաև տեղյակ եմ այն հայտարարություններից, որ հնչում են մեր քաղաքացիների կողմից։ Ես նաև ՀՀ ուժային կառույցներին և համապատասխան մարմիններին կխնդրեմ դրանք ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, զբաղվել դրանցով և պարզել իրողությունը։

Ինչ վերաբերում է նրան, որ մենք գումարներ էինք բաժանում, տներ էինք գնում, մեքենաներ էինք նվիրում, դա կեղծ է, չի համապատասխանում իրականությանը։ Իմ ընտրվելուց հետո որևէ մեկին վարկ չենք տվել, որևէ բնակարան չենք գնել, մեքենաներ չենք նվիրել։ Մինչև ինձ կատարվածին չեմ հասցրել ծանոթանալ, քանի որ ունեցել եմ շատ կարճ ժամանակահատված»։

Հարցին, թե նա պետնախարար է  եղել  և մինչ այդ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել և տեղյակ է եղել այդ խոսակցություններին, Շահրամանյանը ասաց, որ որպես պետնախարար ինքը կարճ ժամանակ է պաշտոնավարել և հիմնականում զբաղված է եղել բնակչության հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ:

«Մենք սովորական հաց չունեինք։ Ալյուր ձեռք բերելու և մեր բնակչությանը սննդով ապահովելու ուղղությամբ մեծ աշխատանք էր իրականացվում։Ինչ վերաբերում է գրոծարքներին, եթե դրանց մեջ կան ֆինանսական խախտումներ կամ այդ գործընթացները հանցակազմ են պարունակում, պատրաստ եմ ինքս էլ հաղորդագրություն տալ, որ համապատասխան մարմինները դրանով զբաղվեն և պարզեն իրողությունը»։

Նախագահը հերքում է նաեւ փաստաթղթերը վառվելու մասին տեղեկությունը:

«Դա չի համապատասխանում իրականությանը․ մենք ունենք բոլոր կրիչները և ծրագրերը, որոնք պահում են բոլոր մարդկանց տվյալները, ովքեր օգտվել են հիմնադրամներից, այլ վարկային կազմակերպություններից և բոլոր պարտավորությունների վերաբերյալ մենք ունենք տեղեկություններ»,- նշում է նա։

Հարցին, թե փաստաթղթերը վառելու վերաբերյալ խոսակցությունները տարածվում էին այն պատճառով, որ զինվորական ծառայությունում գտնվող մարդիկ և շատ այլ անձինք չէին կարողանում իրենց փաստաթղթերը վերականգնել և նրանց ասում են, որ չկա ինֆորմացիա, արդյոք դա այդպես է, նախագահն ասաց. «Բոլոր այս հարցերը քննարկվում են Հայաստանի համապատասխան կառույցների հետ։ Մենք մեր բոլոր ծրագրերը և ունեցած էլեկտրոնային կրիչները տեղափոխել և հանձնել ենք ՀՀ Միգրացիայի ծառայությանը և համապատասխան կենտրոններ դիմելով մեր բնակությունը կարող է ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Այդ գործընթացները հնարավոր են և առաջիկայում պետք է կազմակերպվեն

 

Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան. Սամվել Շահրամանյան

Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առեւանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան:

«Կարելի է այդ հարցը շարունակել, եւ հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, եւ ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել:  Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Շահրամանյանը:

Արցախցիները Հայաստանում հյուր չեն. Սամվել Շահրամանյանը՝ արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու մասին

Արցախցիները Հայաստանում հյուր չեն, սա նաեւ արցախցիների հայրենիքն է, որի անվտանգության համար նաեւ 30 տարիների ընթացքում արցախցիները համապատասխան ծառայություն են իրականացրել, դժվարություններ են կրել եւ ՀՀ ժողովրդի հետ համատեղ ապահովել են  մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը երկու ճանապարհ է առաջարկել՝ ընդունել ՀՀ քաղաքացիություն եւ ինտեգրվել, կամ ստանալ փախստականի կարգավիճակ:
«Այսօր խոսել, որ մենք այստեղ պետք է պահպանենք մեր ինքնությունը, բնականաբար պետք է պահպանենք,  եւ ինձ թվում է, նաեւ ՀՀ իշխանությունները եւ մեր հայրենակիցները ամեն ինչ կանեն, որ հնարավորություն տան այդ ինքնությունը  պահպանել:
Փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումները մեզ հետ չեն քննարկվել: Ինձ թվում է՝ այդ փախստականի հարցը շատ է քննարկվում, որ տարիներ շարունակ կրելով ՀՀ անձնագիր, այսօր մենք ունենք այդ կարգավիճակը: Ինձ թվում է՝ առաջիկայում ՀՀ պատասխանատուները կտան հիմնավոր պատասխաններ այս հարցերի շուրջ»,-ասաց նա:

Սամվել Շահրամանյանը պատմել է, թե ինչ է կատարվել սեպտեմբերին

Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել եւ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ուզում եմ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում եւ պարզ է, որ վերջին իմ ընտրվելուց հետո չէ մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը: Դա նախօրոք մշակված, պատրաստված էր եւ դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ: վերջին ամիսներին ես որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը:

Մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով: Նաեւ ծանր տեխնիկա, հրետանի, բավականինմեծ քանակի անձնակազմ, այդ թվում հատուկ նշանակության, գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ: Խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել եւ ընտրությունների հետ է կապված այդ հարևձակումը, ճիշտ չէ եւ կեղծ թեզ է»,-ասաց նա:

Թեզեր են շրջանառվում, որ որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունը առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում. Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականությանը, նշեց Սամվել Շահրամանյանը:

«Իրականում հարցը հետեւյալն է, որ Արցախի ԱԺ-ում  4 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես Հանրապետության նախագահ: Դուք էլ եք հիշում, որ 2020-ի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնել իր վրա: Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը, եւ ինչքան ես տեղյակ եմ եւ ինչպես հետո պարզվեց, նաեւ Սամվել Բաբայանի թեկնածությունը, որը նաեւ իրեն չի առաջադրել իր կուսակցությունը. Որը համարում է իրեն հանրապետությունում երկրորդ ուժը:

Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան

Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե՜ փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակում, որը շարունակում է մնալ ժողովրդավարական կառավարման, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնական արդյունավետ իրականացման հենասյունը:

Մեզ համար Եվրոպական Միության ներսում իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները շարունակելու են մնալ հիմքը մեր միության:

Որպես դրա էական վկայություն և այդ բարեփոխումների առաջընթաց՝ ուզում եմ ընդգծել այսօրվա պարեկային ծառայության մեկնարկը և ամբողջական գործարկումը, որի վերջին մասն իրականացվում է այսօր Սյունիքում և, իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծումը 2023 թվականի հունվարին:

ԵՄ-ն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության մեկնարկին՝ դրա իրականացմանն ու գործարկմանը տեխնիկական աջակցության միջոցով,  ինչպես նաև փորձագիտական ներուժի տրամադրմամբ, որը ներառել է վերապատրաստումներ պարեկային ծառայողների համար: Իսկ այսօր մենք ներկայացնում ենք 75 նոր գնված մեքենաների մասնակցությունը պարեկային ծառայության գործունեության մեջ»,- ասաց ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսն ընդգծեց և ողջունեց Կառավարության  ներգրավվածությունն ու  մասնակցությունը Ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում:

«Իհարկե, կան մարտահրավերներ, և ես վստահ եմ, որ դրանց անպայման անդրադարձ է կատարվելու ավելի բարձր կարողությունների զարգացման, շարունակական կրթության միջոցով, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման միջոցով, որպեսզի նոր, բարեփոխված ոստիկանական ծառայության համակարգը կարողանա պատշաճ կերպով ծառայել քաղաքացիների կարիքներին:

Ինչպես նշեց ԵՄ դեսպանը՝  բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է:

«Ուզում եմ նաև մեջբերել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը՝ Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ. «Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»,-ասաց ԵՄ դեսպանը։

Վասիլիս Մարագոսը նաև ընդգծեց, որ բացի այս նախագծից, Եվրոպական Միությունը տարբեր այլ նախագծերի միջոցով աջակցում է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացմանը:

«Եվ այդ նախաձեռնություններից մեկն է «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որի շրջանակներում արդեն ավելի քան 100 հազար եվրո հատկացումներ է իրականացվել Սյունիքի մարզի զարգացման համար: Մենք ակնկալում ենք այս նախագծերն ու ծրագրերն իրականացնել այս մարզի բնակիչների համար՝ կառավարության հետ միասին»,-եզրափակեց ԵՄ դեսպանը։

 

ВВС. «Ապրել հիշողության համար». Ինչպես հայկական ընտանիքը լքեց Լեռնային Ղարաբաղը

Զաքիյանների ընտանիքը խաղաղ ժամանակներում՝ մեջտեղում Գայանեն, լուսանկարում՝ ձախ կողմում ամուսինը, աջում՝ որդին, դուստրը և փեսան

ВВС

Հոկտեմբերի սկզբին Լեռնային Ղարաբաղում գործնականում հայ չէր մնացել, իսկ նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին ամայի մայրաքաղաք Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը։ Տարածաշրջանի բնակիչները սարսափով են հիշում Ղարաբաղում իրենց վերջին օրերը՝ ռազմական գործողությունները, նավթամթերքի պահեստի պայթյունը, հարյուրավոր զոհերը, ողջ բնակչության փախուստը։

Նախկին ստեփանակերտցիներից մեկը BBC-ի հետ կիսվել է փախուստի և հարազատների կորստի իր պատմությամբ.

«Ես ասում էի, որ երբեք չեմ կարողանա ապրել օտար երկրում, հավանաբար անմիջապես կմեռնեմ: Բայց դուք չեք կարող ասել «երբեք»: Ճակատագիրը կարող է այնպես հանկարծակի շուռ տալ ամեն ինչ, որ դուք ոչինչ չկարողանաք անել»,- ասում է Գայանեն, ով փախել է Լեռնային Ղարաբաղից՝ նախքան Ադրբեջանի կողմից տարածաշրջանի լիակատար վերահսկողությունը վերականգնելը:

Զանգվածային գաղթի ժամանակ մայրաքաղաքի մերձակայքում պայթել է վառելիքի պահեստը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մահացածների թվում են Գայանեի որդին և փեսան։

Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունից հետո գաղթել է Հայաստան։

2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից լուծարելու պետական ​​բոլոր կառույցները և դադարեցնելու ԼՂՀ գոյությունը։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Ղարաբաղում մնացել է մեկ տասնյակից մի փոքր ավելի հայ։

Գայանե Զաքիյանի ընտանիքը այն տասնյակ հազարավորներից մեկն է, ովքեր ստիպված են եղել Հայաստան մեկնել ավելի քան 24 ժամում։

Նորմալ ժամանակ Ստեփանակերտից Հայաստանի սահմանամերձ Գորիս ճանապարհը տեւում էր երկու ժամ, սակայն տարհանման օրերին փախստականները ճանապարհորդում էին առնվազն 30 ժամ՝ շարժվելով բազմաթիվ կիլոմետրանոց հերթով։ Նրանցից շատերն իրենց հետ տարել են իրենց մահացած հարազատների մարմինները։

BBC-ի հետ զրույցում Գայանեի վզից խաչ է կախված, որը որդին նրան նվիրել է տնից դուրս գալուց առաջ։ Այս օրը Ռոբերտի համար վերջինն էր։

Մինչ Գայանեի երեխաները պատրաստվում էին մեկնել, նա հաց էր թխում ճանապարհի համար։ Առաջին մեկնած մարդկանց փորձից արդեն հայտնի էր, որ ճանապարհորդությունը կտևի առնվազն մեկ օր։

Ամպրոպի ժամանակ հերթական պայթյունը լսելով՝ Գայանեն դրան ոչ մի նշանակություն չտվեց։

«Իմ փեսայի քույրն ինձ ասում է՝ վստա՞հ ես, որ որոտ է։ Ասում եմ՝ դե, դու ռմբակոծություններից ես վախենում, ուղղակի ամպրոպ է։ Նա դեռ պնդում էր, որ դա ինչ-որ այլ պայթյուն է»։

Գայանեի ընտանիքը ծրագրել էր հեռանալ հաջորդ առավոտյան, իսկ որդին ու փեսան գնացին բենզին փնտրելու, որը շրջափակումից հետո սուր դեֆիցիտ էր։

Որդին ու փեսան ծառայել են տեղի բանակում որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել մարտերին 2016թ., 2020թ. պատերազմին և ապահով վերադարձել ադրբեջանական սեպտեմբերյան գործողությունից, որը հարյուրավոր կյանքեր խլեց։

«Աղջիկս մի տեղ կարդաց, որ բենզինի պահեստն է պայթել։ Անմիջապես սկսեցի զանգահարել և՛ տղայիս, և՛ փեսայիս։ Ինչքան զանգել եմ, չեն պատասխանել, անհասանելի են։ Միանգամից մտածեցի, որ նրանք այլևս ողջ չեն»։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ստեփանակերտի մերձակայքում՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, պայթել է բենզինի պահեստ, որտեղ հազարավոր մարդիկ են հավաքվել՝ փորձելով վառելանյութ գտնել և գնալ Հայաստան։

Տեղի բնակիչների խոսքով՝ տարհանումը քաոսային է եղել, բնակչության շրջանում խուճապ է տիրել, մարդիկ ամեն կերպ փորձել են վառելիք գտնել։

Որդուն ու փեսային որոնելու համար Գայանեն անմիջապես շտապել է տեղի հիվանդանոցներ, որոնք արդեն լի էին պայթյունի հետևանքով զոհերով և վիրավորներով։

«Դա նման էր Պոմպեյի վերջին օրվան: Ես տեսա, թե ինչպես են ամբողջությամբ այրված հիվանդներին բերում։ Բոլորը առաջ էին վազում, որ տեսնեն՝ իր տղան է, եղբայրը, ազգականը…»,- պատմում է Գայանեն։

«Ես չգիտեմ, թե որտեղ է Աստված ինձ այդքան ուժ տվել, որ ես կարողանամ վազել յուրաքանչյուր հիվանդասենյակ և տեսնել այս այրված, ածխացած դեմքերը: Ես ամենուր բղավում էի «Ռոբա», «Սերյոժա», բայց առանց պատասխանի»։

Միայն մեկ օր անց Ադրբեջանը օդային միջանցք տրամադրեց ծանր վիրավորներին շտապ Երեւան տեղափոխելու համար։ Այրվածների մեջ եղել է անհայտ մարդ՝ դաջվածքով՝ ձեռքին խաչ, որով Գայանեն ճանաչել է իր փեսային։

«Ես աղջկաս ցույց տվեցի նրա լուսանկարը։ Նա ուժեղ է, ինձնից ուժեղ: Նրա ամբողջ մարմինն այրվել էր, դեմքը վիրակապված, երեւում էին միայն աչքերը։ Տեսնելով այրվածքների չափը՝ հասկացա, որ դա կյանքի հետ անհամատեղելի է»։

Հաջորդ օրը Սերյոժան մահացավ։

«Դուստրն ամբողջ գիշեր աղոթում էր, որ եթե իր ամուսինը ստիպված լինի այդպիսի այրվածքներով ապրել՝ ամբողջ կյանքում տանջվելով, ապա ավելի լավ է, որ Աստված տանի նրան»։

Իսկ Գայանեի որդին անհայտ կորած է մնացել։

«Այդ օրը ամուսինս ինձ ասաց. Աստված ների ինձ, բայց ես չեմ ուզում, որ իմ տղան ապրի ու տառապի…»:

Նավթի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասնում է 220-ի, որոնցից 150-ի ինքնությունը դեռևս անհայտ է։ Հաղորդվում է նաև 50 անհետ կորածների մասին, իսկ ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում զոհվել է մոտ 200 հայ զինվորական և ավելի քան 20 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։

Գայանեն իրեն համարում էր «հայրենասեր» և երբեք մտադիր չէր լքել իր տունը։ Նա մեկնել է Հայաստան ամենավերջիններից՝ կանգ առնելով որդու աճյունը գտնելու ակնկալիքով, բայց ապարդյուն։

«Պարտությունից հետո, դեռ իմ տղաների հետ կատարվածից առաջ, ես սկսեցի ինձ օտարված զգալ իմ հողից։ Այս հողից, որի վրա ես մեծացել եմ, որը միշտ պաշտել եմ։ Այս հողը արնախում է։ Մեր տղաների արյունն է խմում, խմում ու չի կշտանում…»,- ասաց Գայանեն։

Կռիվների ընթացքում հարյուրավոր զոհերը և դրան հաջորդած աղետալի պայթյունը միայն սկիզբն էին այն ողբերգության, որը անակնկալի բերեց Ղարաբաղի հայ բնակչությանը:

Նրանց առջև ընկած էր «մահվան ճանապարհը»՝ ավելի քան 30 ժամ մի քանի կիլոմետրանոց ավտոշարասյունով, որը կամաց-կամաց շարժվում էր դեպի Հայաստանի սահմանամերձ Կոռնիձոր։

Մեքենաները երեք-չորս շարքով շարվում էին  միակ նեղ մայրուղու երկայնքով ԼՂՀ փաստացի իշխանությունների փաստացի հանձնվելուց անմիջապես հետո։ Ադրբեջանի իշխանությունները հորդորել են հայերին մնալ իրենց տներում, սակայն գրեթե մեկ տարի շրջափակումից տուժած և վերջին մարտերից հետո Ադրբեջանի նկատմամբ վստահությունը վերջապես կորցրած բնակչությունը գաղթեց:

Նախքան տարհանման սկսվելը, տասնյակ հազարավոր փախստականներ շրջակա բնակավայրերից, որոնք Ադրբեջանը գրավել էր իր գործողության արդյունքում՝ շրջապատելով Ստեփանակերտը, ապաստան գտան մայրաքաղաքում։ Ադրբեջանական հարձակման անակնկալի պատճառով փախստականների մեծ մասը հայտնվեց Ստեփանակերտում՝ բացարձակապես ոչինչ չունենալով, իսկ լավագույն դեպքում՝ միայն անձնական փաստաթղթերի փաթեթը։

Տեղական պատմությունների համաձայն՝ բնակչությանը պատել էր այն վախը, որ ադրբեջանցի զինվորականները պատրաստվում են մտնել մայրաքաղաք։ Բնակչության արտագաղթը սկսվեց ինքնաբուխ, առանց տեղական իշխանությունների միջամտության, հենց որ Ադրբեջանը բացեց Լաչինի ճանապարհը հայերի հեռանալու համար։

Նրանք Հայաստան են տեղափոխվել՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր հնարավոր տեսակները՝ հին «Մոսկվիչ» մեքենաներից՝ լցված կենցաղային պարագաներով մինչև մեծ բեռնատարներ՝ բեռնված մահճակալներով և դռներով:

Հեռացողների թվում էր նաև Գայանեի ընտանիքը՝ երկու փոքր երեխաներով (թոռները դստերից), ում դեռ պետք է բացատրեն, թե ինչու իրենց հայրն այլևս տուն չի վերադառնա։

Բնակիչները ճանապարհը հիշում են որպես վատ երազ՝ մեքենաների անվերջանալի քարավան, ոլորապտույտ մայրուղի՝ բազմաթիվ վերելքներով ու վայրէջքներով, իսկ ավտոշարասյան հետևում՝ ավերված Ստեփանակերտ: Ոմանք մեկնելուց առաջ վառեցին իրենց լույսերը, որպեսզի տպավորություն ստեղծվեր, թե ամայացած քաղաքը դեռ չի մարել։

«Ճանապարհին կանգ առանք խցանումների պատճառով։ Բոլորը կանգնեցին անմիջապես իրար կողքի – շրջվելու կամ հեռանալու հնարավորություն չկար: Մենք վախենում էինք, որ եթե կանգնեցնենք մեքենան, չենք կարողանա այն գործարկել»։

Գայանեի խոսքով՝ ճանապարհի եզրին մեքենաներ են եղել, որոնք կիսով չափ փչացել են, անցնողներն էլ մտավախություն են ունեցել, որ նույն ճակատագիրն իրենց վրա կհասնի։

Ոմանք հասել են Հայաստանի սահման՝ ճանապարհին զոհված հարազատների ու ընկերների դիերով։

Բազմաթիվ ժամերի կանգառներում շատերը դուրս էին գալիս ճամփեզրի դաշտեր, կրակ վառում և պարզ ուտելիք պատրաստում։

«Մեր մեքենան կանգ առավ, ես արդեն մտածում էի, որ այնտեղ չենք հասնի։ Բայց ինչ-որ հրաշքով ամուսինս միացրեց շարժիչը և մեքենան քշեց: Երեւի Աստված մեզ օգնեց»,- ասում է Գայանեն։

Մինչ Գայանեի ընտանիքը հեռանում էր, Ստեփանակերտի փողոցներն արդեն հսկում էր ադրբեջանական ոստիկանությունը։ Գլխավոր հրապարակը լցված էր նախկին բնակիչների իրերով, ովքեր սպասում էին ավտոբուսներին, որպեսզի տարհանվեն դեպի Երևան և քնում էին հենց փողոցներում։

Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը, ով Ստեփանակերտ է ժամանել բնակչության ամբողջական արտահոսքից անմիջապես հետո, այն բնութագրել է որպես «անհոգի ուրվական քաղաք»:

«Հենց մտանք Հայաստանի տարածք, սկսեցի լացել։ Ես նույնիսկ չէի ուզում հետ նայել։ Այլևս չեմ ուզում լսել Արցախի մասին»,- ասում է Գայանեն։

Գայանեն ժամանակավորապես բնակություն է հաստատել Երևանում հարազատների մոտ, սակայն շուտով կտեղափոխվի վարձով բնակարան։ Գայանեի ամուսինը հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել, և նա ինքն է դառնալու ընտանիքի կերակրողը. նա կաշխատի որպես ռուսաց լեզվի  ուսուցչուհի, ինչպես Ստեփանակերտում։

«Մենք պետք է ապրենք հանուն հիշողության։ Ես կապրեմ այնպես, ինչպես ապրել եմ նրանց հետ, բայց սրտիս ցավով։ Սա կլինի իմ պատերազմը, ես չեմ ուզում իմ ցավը որևէ մեկի վրա տեղափոխել, չեմ ուզում, որ իմ կողքին ապրող մարդիկ դա զգան»։

Նրա փեսայի՝ Սերյոժայի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին Երեւանում, իսկ որդու ինքնությունը ԴՆԹ-ի անալիզով դեռ չի պարզվել։ Սակայն մինչ այժմ ոչ մի արդյունք չի հաղորդվում։

Գայանեն չի էլ հիշում կորցրած տան մասին՝ վերանորոգված բնակարանը, բոլորովին նոր սպասքը և մնացած ողջ ունեցվածքը։ «Թող այրվի կապույտ բոցով», – ասում է նա:

«Միակ բանը, որ հիմա ուզում եմ, որդուցս գոնե ինչ-որ բան գտնելն է, որպեսզի վերջապես համոզվեմ, որ նա չկա և շարունակեմ ապրել դրա հետ։ Եվ… որպեսզի ես նստեմ ու խոսեմ նրա գերեզմանի մոտ»։

 

Մեքենայիս ղեկին նստած չէի պատկերացնում, թե ինձ ինչ էր սպասվում․ իսկ մինչ այդ աղ չկար, համեմում էինք ժպիտով

Արցախցի վարսահարդար Լուսինե Ղարայանի համար անսովոր է Երևանում անխափան էլեկտրականության և տաք ջրի պայմաններում աշխատելը: Շրջափակման ամիսներին ջուրն էլ էին երբեմն անջատում: Աշխատակիցները ստիպված էին տարաներով բարձրացնել առաջին հարկի խանութից և տաքացնել: «Ամեն մի օրը փորձում էինք արդյունավետ անցկացնել: Աշխատանքը, ժամանցը՝ ամեն ինչ ըստ գրաֆիկի էր: Երբ հիշում եմ, թե 2-3 ժամում ինչեր էինք հասցնում, զարմանում եմ»,-վերհիշում է նա:

Վերջին օրերին ուտելու բան ընդհանրապես չէր գտնվում: Ընկերուհին այգի էր մշակում, որտեղից էլ վարունգ ու լոլիկ էին քաղում և մի կտոր լավաշով ուտում: Աղ չկար, համեմում էին ժպիտով: Այդ քաղաքամերձ բոստանում էին հանգստանում հացի անվերջանալի հերթերից: Երբեմն էլ իրենց բնակարանի պատուհանից բացվող բնապատկերներն էր վայելում և հետևում բենզինի հերթերին:

Լուսինեի համար դժվար է այդ օրերի նկարները նայելը: Ամեն ինչ հայրենիքն է հիշեցնում: «Սեպտեմբերի 19-ին աշխատում էինք: Կրակոցների հետ սկսվեց խուճապը: Մարդիկ չոքած լացում էին սահմանին կանգնած հարազատների համար: Մեր տան նկուղում գյուղերից տեղահանված բնակչությունն էր պատսպարվել: Ռմբակոծության ձայների տակ ընտանիքով տանն էինք քնել: Երբ ինձ հարցնում են, թե արդյոք չեմ վախենում Երևանում մեքենա վարելուց, պատասխանում եմ, որ կյանքիս ամենադժվար ճանապարհն արդեն անցել եմ: Սահմանն անցնելիս նախկին զինվորական հայրիկիս և 8 ամսական հղի քրոջս համար էի մտահոգվում»,-ասում է նա:

Լուսինեն էլ, բոլորի պես, իր կյանքն է թողել Արցախում: Իր տունը չի նկարել: Անձնական իրերին, սենյակին դժվարությամբ է հրաժեշտ տվել: «Ես ու մաման սովորություն ունեինք պատշգամբում շաշկի խաղալ: Դա էլ չեմ բերել: Ուզում էի ամեն ինչ թողնել ինչպես կա»,- ասում է նա: Վերջին օրը լուռ, արտասվելով  հավաքել է քրոջ երեխայի խաղալիքները և տնից դուրս գալիս հետ չի նայել, չէր կարող․․․Ճանապարհին շատ դանդաղ էին առաջ ընթանում, հոգնածությունից երբեմն ղեկին քնում էր: Հետևի մեքենաները ազդանշանով արթնացնում էին:

Այստեղ՝ Երևանում, նախկին անձնակազմով փորձել են տարածք վարձել և վարսավիրանոց բացել, սակայն վարձակալման գների չափազանց բարձր լինելու պատճառով  դեռ չի հաջողվել: «Սկզբից այսպես կաշխատենք, բայց հուսամ շուտով կկարողանանք մեր սեփական վարսավիրանոցն ունենալ»,-ասում է Լուսինեն:

Տաթեւ Ազիզյան

Բացատրեք, թե ի՞նչ է նշանակում “ժամանակավոր պաշտպանության” կարգավիճակը

Նախքան լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «պաշտպանության տակ վերցնելու» որոշման ընդունումը՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հասարակ մահկանացուներիս համար պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում «ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։
2. Ինչո՞ւ այդ վկայականի ձևը չի համապատասխանում Նորմատիվ ակտերի մասին ՀՀ օրենքի պահանջներին։
3. Ինչո՞ւ այս որոշումը չի համապատասխանեցվել Փախստականի և Ապաստանի մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության արդեն իսկ գոյություն ունեցող 1417-Ն որոշման պահանջներին։
4. Ինչո՞ւ է կարգավիճակը ներկայացված փակագծերի մեջ։
5. Արդյոք սա կոնվենցիոն փաստաթուղթ է, թե՝ ոչ։
6. Ինչո՞ւ է այս մասին որոշում ընդունում Կառավարությունը, այլ՝ ոչ թե ՝օրենք Ազգային ժողովը։
7. ՄԱԿ-ը ճանաչելո՞ւ է այս անձանց որպես փախստական՝ «Փախստականների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային» համապատասխան, թե՝ 2020թ. բռնի տեղահանվածները մնալու են որպես like refugees (փախստականի նման կարգավիճակ ունեցող, ում, ի դեպ, ՀՀ Կառավարությունը համառորեն չի ընդգրկում ոչ մի ծրագրում), իսկ 2023թ. տեղահանվածները՝ arrivals (ժամանողներ)։
8.Արդյոք սա կարգավիճակի մասին փաստաթո՞ւղթ է, և տալո՞ւ է ազատ տեղաշարժվելու (ՀՀ-ից ելքի թույլտվություն) իրավունք։
9. Վերջապես՝ ի՞նչ է տալու այդ կարգավիճակը, որ չի տալիս ՀՀ քաղաքացու անձնագիրը։
Խնդրում ենք մեզ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացուցիչներիս՝ ընդունել վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում՝ մեզ հուզող հարցերը տեղում քննարկելու։

Սուրբ Սարիբեկ կամ Սրաբեկ, ծառի պաշտամունք․ կորուսված հայրենիք

Արցախի սիրված ուխտավայրերից մեկը Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի Սուրբ Սարիբեկ կամ Սրաբեկ սրբավայրն է, որտեղ արցախցիները գալիս էին մատաղ մատուցում Աստծոն, աղոթում ծառին, հույսով որ հիվանդը կբուժվի, չբերը երեխա կունենա, նեղության մեջ հայտնվածը կազատվի։ Սա մի վայր է, որտեղ քրիստոնեությունն ու հեթանոսությունը միախառնվել և հաշտ ու համերաշխ էին։ Արցախում մեր օրերում դեռ շարունակվում էր ծառերի պաշտամունքը և այդ “սրբադասված,”ծառերից էին տնջրին կամ սոսենին, փռշնին։ Դաշուշենի սուրբ ծառը փռշնին էր։

Առհասարակ ծառերի պաշտամունքը գալիս է նախապատմական ժամանակաշրջանից: Սուրբ ծառերի առաջ աղոթում էին, աքաղաղ, ոչխար մատաղում։ Հիվանդները իրենց հանդերձներից կտորներ են պատռում ու կապում ծառի ճյուղերից, որպեսզի իրենց հիվանդություններն էլ այդ շորերի հետ մնան այդտեղ: Ոչ մեկը չէր համարձակվում վնասել այդպիսի ծառերին, նրանցից մի ճյուղ, մի տերև անգամ կտրելը մեծ մեղք է համարվում և մեղավորները, ինչպես պատմում են, սովորաբար սաստիկ պատժվում էին: Սուրբ համարված ծառերն իրենց սրբությունը պահպանում են նաև չորանալուց հետո, ոչ ոք չի կտրել կամ օգտագործել այն։

Սուրբ Սարիբեկը/Սրաբեկ սրբավայրը, Արցախի ամենահարգի և պաշտված սրբատեղիներից է: Սրբավայրը գտնվում է Ստեփանակերտից 5 կմ հարավ-արևելք, Դաշուշեն գյուղի հյուսիս-արևմտյան եզրին, սրբացված աղբյուրի շրջակայքում: Սրբավայրը իրենից ներկայացնում է աղբյուրի վերևի հրապարակի մեծ ծառի (փռշնի) տակ դրված երկու խաչքար: Երվանդ Լալայանը սրբավայրի մասին հետևյալ ժողովրդական ավանդազրույցն է ներկայացնում՝ «Թուրք քույր ու եղբայր հյուրընկալելով Երուսաղեմից եկած մի վարդապետի, դռան բացվածքից նկատում են, թե ինչպես է նա օդի մեջ կախված աղոթում: Այս հրաշքից հափշտակված նրանք ընդունում են քրիստոնեություն և մի նորահավատ ծառայի հետ փախչում Վարանդա: Թուրքերը հետևում են նրանց և նահատակում՝ Շուշիից մոտ 10 վերստ հեռավորության վրա, մի լեռան վրա, ուր այժմ գտնվում է նրանց ուխտատեղին: Եղբոր անունը Մարտիրոս է եղել, բայց սրով նահատակվելու պատճառով վերակոչվել է Սրաբեկ, իսկ ժողովուրդը աղավաղելով կոչել է Սարիբեկ: Սարիբեկից ոչ բարձր գտնվում է քրոջ նահատակության տեղին, որտեղ դրված քարը տեղափոխվել է Սարիբեկ»:

Մի այլ ավանդապատում, որ պահպանվել է ժողովրդի մոտ, բերում է Ի. Պետրուշեվսկին, ըստ որի Սարիբեկը մի բարեկիրթ մարդ է, որ ապրում էր Թեմուրի արշավանքների ժամանակ: Զինվորները ցանկացել են ստրկության տանել ու պատվազրկել նրա քրոջը, բայց եղբայրը հետ է նվաճել քրոջը և մահացել ստացված վերքերից: Նա թաղված է վերոհիշյալ սրբատեղիում: Բուն սրբավայրի վերևը, ժայռոտ բլրի գագաթին գտնվում է Բոզուն տափ կոչված գյուղատեղին իր եկեղեցիով, որին ավանդազրույցը վերագրում է Սրաբեկի քրոջ նահատակության և թաղման վայր: Եկեղեցին հիմնավեր է՝ երևում են պատերի ուրվագիծը կազմող փլատակները: Դատելով եկեղեցու մոտ պահպանված խաչքարի բեկորից, գյուղատեղին պետք է որ բնակեցված լիներ մինչև 13-14րդ դարը:

2011թ. հունիս-հուլիս ամիսներին Սարիբեկ հնավայրում իրականացվել են պեղման-մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Սրբավայրը օկուպացված է, ճակատագիրը անհայտ։

Արմինե Հայրապետյան

Միջազգային հանրությունը հրաժարվեց ինքնորոշման սկզբունքից. մնացել էր միայն Ղարաբաղը

1920 թ․ Սեւրի պայմանագրի քարտեզ

Սպիտակ տունը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են տարածել հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ավարտված գագաթնաժողովից հետո։

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ Մոտավորապես նույն հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպական խորհուրդը Բրյուսելում ԵՄ վերջին գագաթնաժողովից հետո ընդունված բանաձեւում։

Իր հերթին, վերջերս ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «2021 թվականին Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր տեր կանգնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը»։

Այսինքն՝ Փաշինյանը դադարեց տարածքային ամբողջականության մասին հիշատակումը, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «մոռացան» ինքնորոշման սկզբունքի մասին։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար գործում է միայն մեկ սկզբունք՝ ուժի կիրառում կամ չկիրառում։

Մինչ այժմ աշխարհակարգը հիմնված է եղել երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ինքնորոշման իրավունք։ Ավելին, ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքում ընդգրկվեց ժողովուրդների ապագաղութացման գործընթացի մեկնարկով՝ անցած դարի 70-ական թվականներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս գործընթացը համարում են ավարտված։

Վերջին տարիներին ինքնորոշման հիմնարար սկզբունքի մասին խոսվում է միայն Արցախի առնչությամբ։ Պատահական չէ, որ հետխորհրդային հակամարտությունների (Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստր, Դոնբաս, Ղրիմ) առնչությամբ համաշխարհային հանրությունը խոսում էր միայն տարածքային ամբողջականության մասին, եւ միայն Ղարաբաղի հետ կապված՝ ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը պնդում էր Հայաստանը։

Ավելին, Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի բանաձևը դեռևս հաստատակամորեն ամրագրում էր երեք սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հավասարությունը։ Հայաստանի կառավարությունը չաջակցեց բանաձեւին, մասնավորապես ինքնորոշման մասին հիշատակմանը։

Այժմ, երբ Լավրովի և Պուտինի խոսքերով՝ «Ղարաբաղի հարցը լուծվել է Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ», համաշխարհային հանրությունը որոշել է վերջնականապես ջնջել ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքից։ Եթե ​​չկա Ղարաբաղը, որն ինքնորոշման իրավունքի իրացման մարմնացումն ու խորհրդանիշն էր (հատկապես ԽՍՀՄ փլուզման ժամանակ), ապա ինչի՞ համար է պետք այս սկզբունքը։ Առավել եւս, որ ԱՄՆ-ը, Չինաստանը (Ռուսաստանը) և ԵՄ-ն պայմանավորվեին նոր աշխարհակարգի շուրջ։

Տարօրինակ է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ խոսում են «ուժի չկիրառման» սկզբունքի մասին այն բանից հետո, երբ Ալիևը խոստովանեց. «Մեզ ասում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ապացուցել ենք, որ ուժային լուծում կա»։

Արաբների դեմ բոլոր հնարավոր մեթոդների կիրառմամբ Իսրայելի «ինքնապաշտպանության» իրավունքի ճանաչումը ԱՄՆ եւ ԵՄ կողմից նշանակում է «ուժի չկիրառման» սկզբունքի վերջ եւս։

Մնում է միայն տարածքային ամբողջականությունը և այն հիմքը, որի վրա պետք է ճանաչվի այդ ամբողջականությունը՝ քարտեզնե՞րի և որոշումների՞ հիման վրա, թե՞ նոր «Յալթայի»,  կամ ինչպես վայրի Արևմուտքում՝ ելնելով նրանից, թե ով է ավելի ուժեղ եւ ճարպիկ:

 

Արցախում մնացած հայի պատմությունը․ Լինդսի Սնել

Հայտնի լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է․

«Ես խոսել եմ Արցախում մնացած մի քանի մարդկանցից մեկի դստեր հետ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերջերս պարծենում էին, որ Ադրբեջանը տեղական հեռահաղորդակցական ծառայություններ է ստեղծում, սակայն Լեռնային Ղարաբաղում մնացած հայերը չունեն ինտերնետ կամ բջջային կապ, և նրանց թույլ չեն տալիս խոսել իրենց սիրելիների հետ առանց հսկողության: Եվ որպես Ադրբեջանի «վերաինտեգրման» մաս, Ադրբեջանի իշխանությունները առգրավեցին այնտեղ մնացածների հայկական անձնագրերը, բայց նրանց ադրբեջանական անձնագրեր չեն տրամադրել: Սա նշանակում է, որ ԼՂ-ում մնացած հայերը ներկայումս քաղաքացիություն չունեն»։

Արցախցի կինը պատմում է, որ հորը որևէ կերպ չեն կարողացել համոզել, որ լքի Արցախը։

«Նա ասաց՝ ես այստեղ տուն եմ սարքել և չեմ ցանկանում թողնել։ Սեպտեմբերի վերջին, երբ մայրս պետք է գար, հայրս ասել է՝ ես կմնամ այստեղ 3–4 ամիս, որպեսզի ականատես լինեմ վերաինտեգրմանը։ Դա նրա խոսքերն են։ Այնպես որ ես սպասում եմ նրան։ Նրան փորձում էի համոզել, որ մայրիկի հետ գա, ասում էի, գիտե՞ս փաստ չէ, որ քեզ հետո կթողնեն գալ։ Ադրբեջանական իշխանություններին, կոպիտ ասած, պետք է կապիկ կենդանաբանական այգում, որին նրանք կարող են ցույց տալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, լրագրողներին, ՄԱԿ-ին, ինչպես էքսպոնատ։ Հոկտեմբերի 1-ից կապ այնտեղ չկար։ 5-6 օր անցավ, որ նա զանգեց։ Մենք շատ էինք անհանգստացել։ Նա գնացել էր դեռ այնտեղ գործող ԿԽՄԿ կենտրոն, այնտեղ wifi էր եղել, մեսինջերով զանգեց, ասաց՝ լավ է, ԿԽՄԿ ներկայացուցիչները սնունդ են տալիս։ Դրանից հետո շաբաթը մեկ անգամ զանգում է կա՜մ ինձ, կա՜մ մայրիկին։ Վերջին երկու անգամ  զանգահարեց ոչ իր համարով, ադրբեջանական համարով էր։ Երկար չկարողացավ խոսել։ Յուրաքանչյուր հեռախոսազրույց տևում է 5-10 րոպե։ Նա շատ բան չի ասում, քանի որ ինչ-որ մեկը միշտ կողքին կանգնած է», -պատմում է դուստրը։

 

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք առաջիկա օրերին հնարավորություն կունենան հաշվառվել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառում իրականացնել արդեն Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կտա նրանց օգտվել գործարքների ավելի լայն շրջանակից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները դրա շնորհիվ կկարողանան հաշվառել իրենց ավտոմեքենաները, ստանալ վարորդական վկայականներ և այլն։

«Փաստեմ նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք, ըստ էության, օգտվում են փախստականների միևնույն իրավունքներից և ունեն միևնույն պարտականությունները, որոնք ունեն փախստականները միջազգային ասպարեզում, և, որոնք ամրագրված են նաև ՀՀ օրենսդրությամբ»,-հավելել է Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարության որոշումը հստակ կանոնակարգել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման հետ կապված հարցերը։

Նրա խոսքով՝ այդ առումով կարևորվել է այն հանգամանքը, որ հնարավորին անխոչընդոտ իրականացվի նրանց անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը և նաև թույլատրվի որպեսզի ավելի ճկուն համակարգով կատարեն իրենց գործարքները։

«Ըստ այդմ՝ կառավարությունը անձը հաստատող  երկու տեսակի փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում։ Առաջինը քաջ հայտնի կապույտ անձնագրերն են՝ 070 կոդով, հատուկ համարանիշով են հատկացվել մեր հայրենակիցներին, և երկրորդ փաստաթուղթն, ըստ էության, ժամանակավոր պաշտպանության մասին հավաստող, փախստականի կարգավիճակի մասին վկայականն է։ Նշեմ, որ ներպետական մակարդակում երկու փաստաթղթերն էլ ազատորեն կարող են կիրառել մեր հայրենակիցները՝ տարբեր գործարքներ կատարելիս»,-ներկայացրել է ՆԳՆ նախարարի տեղակալը՝ շեշտելով՝ կառավարության որոշումը նախատեսում է 3 ամիս հետո ուժի մեջ մտնող դրույթ առ այն, որ ՀՀ տարածքից դուրս գալիս՝ այս երկու փաստաթղթերը պետք է միաժամանակ լինեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ։