«Դիրքերից հետ էի նայում՝ ծխացող մանկապարտեզն էր։ Մենք չէինք ուզում հելնել, բայց երեխա, կին վտանգի մեջ էին, ի՞նչ անեինք»,-Forrights.am-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին խոսելիս հիշում է Արամ Պետրոսյանը։ Նա Մարտունի քաղաքի 32-րդ դիրքի ավագն է եղել, աշխարհազորային։
25-ամյա զինվորականը չի հաշտվում զենքերը վայր դնելու, Արցախը լքելու իրողության հետ։ «Կկռվեինք, եթե օգնություն լիներ»,-ասում է Արամն ու նշում՝ անհամաչափ ուժ էր թշնամին կենտրոնացրել Մարտունու մատույցներում։ Արցախցի մեկ զինվորականը թշնամու 20 զինվորականի դեմ էր պայքարում։
«Կռիվը, որ սկսվել է 10 հոգով էինք դիրքում։ Մենք շատ քիչ էինք, որ պայքարեինք, աչքիս տեսածն եմ ասում, որ օգնություն լիներ կպայքարեինք, բայց դե 10-ով 200-ի դեմ էինք, անհավասար մարտ էր»,- Արամի ղեկավարած դիրքը աջ ու ձախ կողմերից է գնդակոծել թշմանին, կարճ ժամանակում հասել են դիրքի մատույցներ ու այն շրջափակման մեջ վերցրել։
«Ժամը չորսին մտան մեր պոստ, նահանջեցինք։ Էնքան են խփել սնարյադներով, կրակել։ Երկու հատ տանկ ուղիղ մեր վրա էր կրակում։ Չես կարողանում գլուխդ հանես, տեսնես, թե ինչ է կատարվում»,-հիշում է Արամը։
Աշխարհազորին օգնության են հասել Մարտունիի քաղաքապետ Ազնավուր Սաղյանը և ևս երկու հոգի։ Քաղաքապետը զոհվել է Մարտունին պաշտպանելիս։ Այս ուղղությամբ հայկական կողմը վեց զոհ և մեկ վիրավոր է ունեցել, Արամը հավաստիացնում է թշնամական կողմի հարյուրավոր զոհերի մասին։ «Տեղեկություն ունենք, որ ադրբեջանցիները Մարտունիի և Ճարտարի ուղղությամբ 500 զոհ են ունեցել»,-ասում է պատերազմի մասնակիցն ու հավելում՝ պայքարի արդյունքում կարողացել են թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների մուտքը Մարտունի՝ մինչև երեխաների, կանանց ու տարեցների դուրս բերումը, ինչը ստացվել է։
Արցախի զինվորականները պայքարել են մինչև վերջին շանսը։ Արմանն ասում է իննամսյա շրջափակման հետևանքով բազմաթիվ նյութական խնդիրներ են եղել, բայց դա էլ են հաղթահարել, իսկ արդեն սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը մեծաքանակ զորք ու տեխնիկա է ուղարկել Մարտունու ուղղությամբ։
«Բարձրանում էին Մարտունու Կոհակ կոչվող հատվածը։ Զանգեցինք, զեկուցեցինք, որ իրավիճակը լարված է։ Ոտքով եկել ու բարձրացել են մեր դիրքերի ուղղությամբ իրենց դիրքերը։ Երկուս անց կես առաջին սնարյադը խփել են պոստիս վրա, կամերան ջարդել են։ Պոստում ինչ կար քանդվեց՝ կեսս պոստի այս կողմն էին մնացել, կեսս՝ այն։ Պայքարել ենք մինչև վերջ, բայց տղերքը զոհվան․․․»,-զինակից ընկերների ծանր կորստյան մասին խոսելիս Արմանը ընտրում է «Մեր անձնակազմը մեկ ընտանիքի նման էր» նախադասությունը և խորը հոգոցով ավելացնում․ «Պոստերը հանձնեցին, իջանք։ Աշխատում էինք, որ դուրս գալու պահին էլ զոհեր չտանք»։
Արմանը մտածում է վերականգնել աշխատանքը ու շարունակել ծառայել հայրենիքին, արտագաղթի մասին չի մտածում, Հայաստանից հեռանալու մեկ ուղղություն ունի՝ Արցախ։ «Ուրիշ բան չեմ ուզում մտածել, հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ Արցախ։ Հայաստանից չեմ հեռանա, սա էլ իմ հայրենիքն է, միակ տեղը, որ Հայաստանից կգնամ Արցախն է»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: