«Թուրքը որ մտել ա գյուղ, մեծ տղաս վնասվել ա. թևից ա վիրավորվել, մին էլ ոտքից»

  • 10:54 02.11.2023

Forrights

Ամբողջ կյանքը Ասկերանի Սարուշեն գյուղում անցկացրած Ալյոշա Հարությունյանը չի պատկերացնում իր կյանքը հայրենիքից հեռու, ասում է` սիրտս նեղանում է: Հարությունյաններն այժմ ապրում են Մասիս քաղաքի ժամանակավոր կացարաններից մեկում, իսկ 63- ամյա Ալյոշան ամեն օր փորձում է աշխատանք գտնել, ինչը դեռ չի ստացվում:

«Կռիվը երբ ընգավ, իրիգունը ժամը հինգից մեզ արդեն դուրս են հանել: Մեր գյուղապետը եկել ա, ասել ա` դուրս եկեք, կռիվ ա: Լոխ  սաղս դուրս ենք եկել, Շենի վերեւը  ծմակում մնացել:  Ծմակում էինք մնում, ժամը ինն էր, քանիսն էր, դուրս ենք եկել, գնացել ենք մյուս գյուղը որտեղ թուրքերը խփել չեն: Գիշերը մնացել ենք այնտեղ, ժամը վեցն անց կեսին  դուրս եկանք, գնացինք Ստեփանակերտ, որտեղ եղբորս տանն ենք մնացել, հետո դուրս ենք եկել ու եկել ենք այստեղ»,- պատմում է նա: Ալյոշա Հարությունյանն ասում է, որ այժմ Մասիսում է գտնվում իր հինգ հոգանոց ընտանիքի անդամներից միայն չորսը, հինգերորդը` ավագ որդին հիվանդանոցում է:

«Մեծ տղաս վիրավորվել ա, հիմա հիվանդանոցում ա: Թուրքը որ մտել ա գյուղ, մեծ տղաս վնասվել ա: Թեւից ա վիրավորվել, մին էլ ոտքից: Օսկոլկան դեռ ոտքում ա: Արդեն լավ ա, նոր հեռախոսով խոսում էինք: Տղաս 85 թ ծնված Վիտալի Հարությունյան»,- պատմում է Ալյոշան ու ավելացնում, որ իր գյուղը նաեւ զոհ է տվել: Զոհվածի մահը հաստատվել է դեպքերից ավելի քան մեկ ամիս անց միայն:  «Մենք զոհ էլ ունենք, մեր գյուղից: Ախպորս քենու տղան: Նոր են բերել Մասիս, նոր ա հաստատվել որ ինքն է: Արտակ Իսրայելյանն ա»,- ասում է Ալյոշա Հարությունյանը:

Տղամարդը նշում է, որ Մասիսում են ոչ միայն ինքն ու իր ընտանիքը, այլ նաեւ իր երեք եղբայրները: Չնայած դրան, ինքը շատ է ուզում տուն վերադառնալ. «Այստեղ ես չեմ կարողանում ապրեմ: Մեր գյուղում, մեր երկրում ավելի լավ էր: Սիրտս նեղանում ա, ստեղ ես տուն չունեմ: Չորս եղբայրն ենք, բոլորս այստեղ ենք, բոլորիս ընտանիքները այստեղ են: Չգիտեմ ինչ ենք անելու, բայց եթե  տուն գտնենք, կուզեմ այստեղ մշտական մնանք, այստեղից չեմ ուզում գնամ ուրիշ տեղ: Ստեղ ինչ  ինձ հարմարա, անընդհատ շուռ եմ գալիս ինձ համար, չեմ նստում: Գործ եմ նայում, ինչ գործ լինի, կանեմ:  Ինձ  ասում են` դու մեծ ես,  մեծահասակ ես, քեզ գործ չկա, բայց այստեղ ինչ ապրանք գալիս ա, օգնություն գալիս ա, ես գնում օգնում եմ հանել: Բոլորն ինձ ճանաչում են: Ես ամեն գործ կանեմ: Քանի օրից գնալու եմ Երեւան աչքերս վիրահատելու, հիմա բան չեմ տեսնում, բայց ամբողջ օրը դրսում եմ, փորձում եմ մի գործ գտնել»:

Անի Գևորգյան

 

f