Պատասխանելով Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցին՝ կապված Լեմկինի ինստիտուտի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված մտահոգությունների հետ, ԱՄՆ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ «Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա»։
Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին կարմիր դրոշով ահազանգ էր հայտարարել և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին ադրբեջանական կողմից Հայաստան ներխուժելու հնարավորության վերաբերյալ։ Լեմկինի ինստիտուտը հայտարարել է, որ «Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում դիտարկվում էր որպես Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքի» վայր։ Ադրբեջանական ներխուժումն իր մեջ կպարունակի ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ»:
Լեմկինի ինստիտուտը և Հայաստանի գործընկերները հիմնականում խոսում են Սյունիքի կողմից ներխուժման հավանականության մասին՝ Զանգեզուրի միջանցքի տակ նկատի ունենալով միայն Մեղրիի ճանապարհը։ Սակայն 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից Ջերմուկ ներխուժումից հետո պարզ դարձավ, որ կան մի քանի «միջանցքային» երթուղիներ, և «հիմնականը”՝ Ջերմուկ-Սիսիան-Երասխ-Մարգարան է։
Մինչ Ֆրանսիան, Իրանը, նույնիսկ Ռուսաստանը Կապանում հյուպատոսություններ են բացում, POLITICO-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գլխավոր օգնական Հիքմեթ Հաջիևն ասաց, որ իր երկիրը մտադիր չէ գրավել Սյունիքը այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ միջանցքի բացման շուրջ: Նախագիծը, նրա խոսքերով, «կորցրեց իր գրավչությունը մեզ համար, փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:
Մեղրիով ճանապարհը «կորցրել է իր գրավչությունը», քանի որ, հավանաբար, Նախիջևանից ագրեսիա է նախապատրաստվում Երասխի ուղղությամբ (մոտակայքում է գտնվում Տիգրանաշենը, որը Բաքուն անվանում է «անկլավ»)։ Դրանից հետո Վայոց ձորը, Սյունիքն, Արցախն ու Նախիջեւանը կմնան «միջանցքից» այն կողմ։
Այն, որ հաջորդ «կետը» կարող է դառնալ Երասխը, վկայում է նաև Հայաստանի կառավարության վերջին որոշումը՝ մետալուրգիական կոմբինատի շինարարությունը «այլ տեղ» տեղափոխելու վերաբերյալ։
«Ամենատագնապալին այն է, որ Ադրբեջանը սկսել է իր ռազմական ուժերը կուտակել Հայաստանի հետ սահմանների երկայնքով, այդ թվում՝ Նախիջևանում (որը սահմանակից է Թուրքիային): Անցյալ շաբաթ Ադրբեջանը նաև Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների շարք է անցկացրել»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Milli.az կայքի գլխավոր խմբագիր Էլչին Ադըօղլուն ասում է. «Բաքուն վերջերս հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքն այլևս ակտուալ չէ մեզ համար։ Մեր նպատակը Արեւելյան Զանգեզուրի նոր նախագիծն է»։
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Բաքուն և Անկարան մտադիր են դա անել «նաև որպեսզի ամբողջությամբ վարկաբեկեն տարածքային ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի հավակնությունները»:
Առանց Արցախի և Սյունիքի Հայաստանը չի կարող ինքնիշխանություն ունենալ։
Իզուր չէ, որ Մոսկվան ու Բաքուն երկար տարիներ կատաղի քարոզարշավ են իրականացնում Գարեգին Նժդեհի դեմ։