Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ:
Իհարկե, այդ գործընթացը, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպենք:
Իհարկե, կան օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն, այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք: Այդ պրոցեսը կգնա բնականոն:
Նաև շնորհակալ եմ, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում, որ ճշգրիտ պետք է լինի ամեն ինչ իրավական տեսակետից: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրագործումը:
«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,- ասաց վարչապետը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: