Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։
«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել, առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)»,-ասաց Արմեն Իշխանյանն ու ընդգծեց՝ անձամբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։
«Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք»,- ասաց Արմեն Իշխանյանն ու խնդրեց այլ հարցեր չհնչեցնել։
Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: