«Մարդկային կատակերգությունը» թողել է Մարտակերտում, տանը

  • 23:13 03.11.2023

Մարտակերտցի Գոհար Պետրոսյանը շրջափակման ընթացքում առողջության վատթարացման պատճառով Երևանում էր: Հիվանդանոցում ստուգման ժամանակ էին հայտնել, որ ճանապարհը փակ է, վերադառնալ չի կարողանա: Ճամպրուկի շորերը ամեն օր քանդում-հավաքում էր, մինչև որ Երևանում աշխատանք գտավ: Շոկոլադագործությունը շատ սիրեց՝ ընթացքն ու արդյունքը գոհացնում էին: Ընկերուհին առաջարկեց մնալ որպես մշտական աշխատող: «Երկընտրանքի առջև էի կանգնած: Մի կողմից աշխատանքն էր, որից իրոք մեծ բավականություն էի ստանում, մյուս կողմից էլ Արցախն էի կարոտում: Դիմեցի Կարմիր Խաչին ու հետ եկա»,-պատմում է Գոհարը: Արցախում ավելի հանգիստ էր իրեն զգում, չնայած արցախցու՝ արդեն սովորական դարձած զրկանքներին՝ սննդի սղությանը, էլեկտրաէներգիայի գրաֆիկով աշխատանքին և գազ չլինելուն:

Տարհանվելուց հետո եկել է Երևան և անմիջապես սկսել է աշխատել որպես շոկոլադագործ: Հույս ունի, որ պատվերները շատ կլինեն: Խոսքի մեջ անընդհատ նշում է հայրենիքը․ «Մարտակերտը փոքր քաղաք է՝ փոշոտ, ցեխոտ ու ժողովուրդն էլ կոպտություն ուներ: Պատերազմի ժամանակ հասկացա, որ հերոսական են, իրենց համառությունն էլ դրական երանգ ստացավ: Ամեն օր գլուխս դնում եմ բարձին և փորձում իմ ծննդավայրը մանրակրկիտ հիշել, մտապահել: Մտովի քայլում եմ փողոցներով: Ահա դպրոցը, ալրաղացը, հուշարձանը, հորս հուշաքարը․․․»:

Սոցիալական ցանցերում տարածված Արցախի տեսահոլովակները չի նայում, բայց հիշողությունների տարափը հանգիստ չի տալիս: Սահմանին կրակոցներ էին, իսկ իրենք թաղի երեխաներով ժենգյալով հացի կանաչիներ ու ծաղիկներ էին հավաքում: Ասում է, որ այս տեղահանությունից հետո կոփվել է, քանի որ սա իր համար երկրորդն է: 2015թ․ընդունվել է Շուշիի Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաներ բաժինը, համատեղել աշխատանքը նույն ոլորտում: Փորձարկումները և լաբորատորիան իրենց խմբի տարերքն էին: Այնուհետև ստիպված էին նույն լաբորատորիան ստեղծել Ստեփանակերտում՝ զրոյից:

«Սեպտեմբերի 19-ին սկսեցին կրակել, ու ես չորեքթաթ տալով մոտեցա պատուհանին: Տեսարանը ապոկալիպսիս էր հիշեցնում: Հարևաններն իրար խառնված նկուղ էին փնտրում: Արագ իջնում էի ու լացում, քանի որ երկու եղբայրներս դիքերում էին: Ծանոթներիցս մեկը եղբորս անունը կարդացել էր զոհերի ցուցակում: Մենք արդեն գլուխներս կորցրել էինք, երբ պարզվեց, որ սխալմունք է»,-ասում է նա:

Տան իրերից շատ բան վերցնելու ժամանակ չկար: Միայն անձնական Աստվածաշունչն է վերցրել, իսկ իր սիրած գիրքը՝ Բալզակի «Մարդկային կատակերգությունը» թողել է՝ ճամպրուկում տեղ չկար: Ինչքան մեծ է եղել զարմանքը, երբ Երևանի իր նորավարձ բնակարանի դարակի գրքերն ուսումնասիրելիս տեսել է այդ գիրքը:

Տաթեւ Ազիզյան

 

f