Վալենտինան ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Ժպիտը դեմքին, միաժամանակ մեծ տխրությամբ հիշում է հայրենի գյուղում անցկացրած երջանիկ մանկությունը. հյուրասեր, բարեսիրտ համագյուղացիներին, ապշեցուցիչ բնությունն ու հայրենի հողի հինավուրց վանքերը։
Մանուկ հասակում նա վերապրել է Արցախյան առաջին պատերազմը և բոլորի հետ միասին կրել այդ դաժան շրջանի դժվարությունները։ Դպրոցից հետո Վալենտինան ընդունվել է Արցախի պետական բժշկական քոլեջ, որից հետո վերադարձել է հայրենի գյուղ։ 2015 թվականին նա վերապատրաստվել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնում՝ ստանալով ֆիզիոթերապիստի մասնագիտություն և ուղարկվել Հադրութի հիվանդանոց, որտեղ բացվել է վերականգնողական բաժին։ Նա այնտեղ աշխատել է մինչև 2020 թվականի հոկտեմբերը, օգնելով նաեւ բժիշկներին վիրավորներին բուժելիս։
44-օրյա պատերազմի արդյունքում Հադրութի շրջանը գրավվեց։ Վալենտինայի ընտանիքը, ինչպես և շրջանի ողջ բնակչությունը, բռնագաղթել և ստիպված տեղափոխվել է Հայաստան՝ թողնելով տարիների ընթացքում ձեռք բերած տունն ու ունեցվածքը, սակայն նրանք չեն կարողացել երկար ապրել հայրենիքից հեռու։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք վերադարձել են հայրենիք՝ Ստեփանակերտ։
Վալենտինան աշխատանքի ընդունվեց հայրենի Վերականգնողական կենտրոնում, և թվում էր, թե կյանքը կամաց-կամաց սկսում է լավանալ, սակայն 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ողջ բնակչության հետ մեկ անգամ ևս ենթարկվեց արտաքսման։ Այժմ ապրում է Երևանում։
Վերջերս սկսեց աշխատել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ նրան ընդունեցին մեծ ջերմությամբ։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Վալենտինան արդեն թոռներ ունի։ Նա շատ է կարոտում հայրենիքը և հույս ունի, որ մի օր կկարողանա վերադառնալ հայրենի Արցախ։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: