«Ուզում եմ արցախահայերի համար եւս մեկ անգամ արձանագրել՝ կառավարության 318 որոշումը գործում է բոլոր արցախցիների համար, եւ որեւէ բժշկական կազմակերպություն չի կարող մերժել նրանց ու ծառայություն չմատուցել»,- այսօր Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցուպատասխանից հետո հայտարարեց պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նշենք, որ կառավարության 318 որոշումը վերաբերում է պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնության տրամադրմանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը
Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ բռնի տեղահանված արցախցիներից ահազանգեր են ստանում, որ կան բժշկական հաստատություններ, որոնք արցախցիներին չեն մատուցում որոշ բուժծառություններ, ասում են, թե իրենք հանձնարարական չունեն։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով։ «Նրանք կառավարության 318 որոշմամբ սահմանված շահառուների խումբ են հանդիսանում եւ օգտնվում են ՀՀ-ում թե ամբուլատոր, եւ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից։ Այսինքն՝ ծառայությունների ամենալայն շրջանակը, որը հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է նաեւ իրենց համար։ Այստեղ հրահանգների որեւէ թեմա չկա, եւ ֆինանսավորումն իրականացվում է դեպքերի տրամաբանությամբ։ Այսինքն՝ կլինի ծառայություն ստացող, ապա բժշկական կենտրոնը տվյալ ծառայության համար կստանա փոխհատուցում»,- նշեց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է ամբուլատոր հատվածում ֆինանսավորման տրամաբանությանը, նախարարն ասաց, որ Արցախից բռնի տեղահանված 50 հազարից ավելի մարդ արդեն կցագրված է ամբուլատոր համակարգին։ Նրանց թվի ավելացմանը զուգահեռ կավելանա նաեւ պետական բյուջեից ֆինանսավորումը։
«Ես կարծում եմ՝ մեր կողմից հրատապ նախաձեռնված այս որոշումները չափազանց կարեւոր էին, որ մեր քաղաքացիներն իրենց առողջապահական կարիքները բավարարելու մասով որեւէ ընդհատում չունենան։ Մենք հենց սահմանային կետից սկսած նրանց տրամադրել ենք թե բուժօգնություն, թե շտապ օգնության ծառայությունը 24 ժամ եղել է ծառայության եւ թե արդեն տեղում հիվանդանոցային ու ամբուլատոր ծառայությունն ամբողջ ծավալով մատուցվել է» ,- հավելեց առողջապահության նախարարը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: