Հայտնի չէ, թե քանի արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիության համար եւ քանիսն են լքել Հայաստանը

  • 13:57 06.11.2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե Արցախից բռնի տեղահանված քանի՞ անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Այս պահին կոնկրետ թիվ չկա ձեռքիս տակ»,- ասաց նա։ Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ չի կարող հստակ թիվ ասել, թե քանի արցախցի է լքել Հայաստանի տարածքը։ Այդ մասին հատնում է Step1.am-ը։ 

Նա նշեց, որ արցախցիների ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։ «Երեւանի անձնագրային ծառայություններում մենք ներդրել էինք էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկում են արտահերթ, էլեկտրոնային համակարգից դուրս։ Բացի այդ, մենք նաեւ մեխանիզմներ էինք մշակում քաղաքացիության դիմումների ընդունման եւ այդ դիմումների քննարկման մաքսիմալ արագացված ընթացակարգեր իրականացնելու համար։ Երեւանում կգործի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումների ընդունման առանձին գրասենյակ, որպեսզի ավելի դյուրացնի գործընթացը։ Մարզերում դիմումները կընդունվեն բոլոր անձնագրային ծառայություններում»,- ասաց նա։

Արմեն Ղազարյանը նաեւ նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց եւ փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կառավարության մեկ որոշմամբ։ «Փախստականի կարգավիճակ, այն է՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ըստ էության կոլեկտիվ կերպով շնորհվել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությանը։ Եվ կառավարությունը հաստատել է, որ այն ճամփորդական փաստաթղթերը, որոնք առկա են այս պահին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ, կմնան նրանց մոտ։ Եթե նրանք կունենան ժամկետի, վնասելու կամ կորցնելու խնդիր, կարող են դիմել անձնագրային ծառայություններ»,- ասաց նա։

Հարցին, որ այդ «ճամփորդական փաստաթղթերով» Արցախի մեր հայրենակիցները 2021 թվականին մասնակցել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին, այդ ժամանակ ինչո՞ւ իշխանություններն արցախցիների անձնագրերը «ճամփորդական փաստաթուղթ» չէր որակում, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Դրանք այս փուլում չեն որակվել ճանապարհորդական փաստաթղթեր։ Խնդրում եմ ընթերցեք 2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը, որտեղ ուղղակիորեն մեջբերված է Հայաստանի կառավարության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվում են որպես ճանապարհորդական փաստաթղթեր եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում։ Թե ինչ գործառույթ է իրականացվել այդ փաստաթղթերով, դա երկրորդ հարց է, բայց առնվազն այն հանգամանքը, որ այդ փաստաթղթերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր ու ոչ որպես քաղաքացիության հավաստման փաստաթուղթ, հստակ է։ Որպես անձը հաստատող փաստաթուղթ այն կարող է կիրառվել, բայց ոչ որպես քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ»։

Ինչ վերաբերում է բռնի տեղահանված այն արցախցիներին, որոնք փաստաթղթեր չունեն, թողել են Արցախում, Արմեն Ղազարյանն ասաց, որ կդիմեն ու կվերականգնեն իրենց փաստաթղթերը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում ասել էր, թե բավական մեծ է ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն հայտնած արցախցիների թիվը։ Արմեն Ղազարյանն ասաց, որ հետաքրքրվողների թիվն է մեծ․ «Մարդիկ գալիս էին ու հետաքրքրվում էին, ցանկանում էին ավելի շատ ինֆորմացիա ունենա։ Այդ տեսակի հոսք մենք բավականին ունեցել ենք, հիմա թվային հոսք չեմ կարող ասել։ Երբ դիմումները ֆորմալ կլինեն, նոր թվերը կհրապարակենք»։

Հարցին, թե ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Արցախից բռնի տեղահանված անձինք կկարողանա՞ն դիմել միջազգային ատյաններ՝ իրենց կորցրած ունեցվածքի փոխհատուցման հայցով, Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Այո, անշուշտ, որովհետեւ ձեր նշած իրավունքներն անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են եւ կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ կապված են անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավական կարգավիճակ ունի անձը»։

f