Չի փոշմանում, որ հետ է տվել Ռուսաստան մեկնելու տոմսը և վերադարձել Արցախ

  • 15:30 06.11.2023

Հենրի Իսրայելյանը Արցախի Մարտակերտի շրջանից է։ Մինչ 2020 թվականի պատերազմը ապրում էր Մարտակերտ քաղաքում, կավագործություն էր դասավանդում: Պատերազմից հետո որոշել էր Ռուսաստան մեկնել, արդեն Երևանում էր, երբ մտափոխվեց ու որոշեց, որ վերադառնում է Արցախ և ապրելու է այնտեղ ինչքան որ հնարավոր է:

Վերջին գումարով, որը հավանաբար պահել էր Ռուսաստան մեկնելու համար,  տուն գնեց Մարտակերտի Թբղլու գյուղում և որոշեց, որ թեկուզև հեռու ընտանիքից, ընկերներից,  մենկության մեջ, բայց մնալու է և ապրելու է գյուղում:

Տան մոտակայքում հողամաս կար, որը սովորել էլ մշակել։ Նաև փոքրիկ տնակ ուներ հողամասին կից, որը ընկերական հավաքների վայր էր դարձել: Հարցին, թե ինչու է այդպիսի ռիսկային քայլի գնացել և տուն գնել, ասում է, որ երազանքն էր՝ սեփական տուն և հողամաս ունենալը:

Հենրին իր տունը կառուցեց, հողը մշակեց երկու տարի, մինչև ստիպված ընտանիքի հետ դուրս եկան Արցախից:

Պատմում է, որ ճանապարհը շատ դժվար էր։  Ավելի դժվար էր Մարտակերտից դուրս գալը.ո՜չ վառելիք կար,  ո՜չ  էլ համոզված էին, որ անվտանգ կհասնեն Ստեփանակերտ, քանի որ շրջանները արդեն կտրված էին մայրաքաղաքից:

Սկզբից Հրազդանում էին ապրում։ Այժմ Արարատի մարզի Լանջաշատ գյուղում են: Ասում է, որ չնայած այս ամենին չի փոշմանում, որ այն տոմսը, որով պետք է մեկներ Ռուսաստան, հետ է տվել և վերադարձել Արցախ, նաև չի փոշմանում գնված տան և մեծ չարչարանքով մշակված հողի համար, որից այդպես էլ չհասցրեց բերք ստանալ:

Քրիստինե Ալահվերդյան

f