Արցախից բռնի տեղահանված անձանց հնարավոր է բնակարանների գնման հավաստագրեր հատկացվեն․ սոցապ նախարար

  • 16:35 06.11.2023

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե Հայաստանի կառավարությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու՝ բռնի տեղահանված արցախցիներին Հայաստանում բնակարաններով ապահովելու համար։ Նախարարն ասաց, որ Ասիական զարգացան բանկի եւ միջազգային փորձագետների օգնությամբ պետք է հետազոտություն իրականացնի ՀՀ կառավարությունը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«Սոցիալական բնակապահովության մասով արդեն իսկ ունենք նախնական հետազոտություն, որից հետո փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբում քննարկումներ կունենանք։ Հիմա չեմ ուզում շտապել ու ինչ-որ ծրագրերի մասին խոսել, բայց արդեն իսկ տրամաբանությունը մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ ծրագրեր ենք առաջարկելու, որը ազատություն կտա մեր հայրենակիցներին որոշել։ Օրինակ՝ կարող են լինել բնակարանների գնման սերտիֆիկատի ծրագրեր։ Առանձին բնակավայրերից տեղահանված 1700-ից ավելի ԼՂ մեր հայրենակիցներ արդեն ստացել են եւ շարունակում են ստանալ սերտիֆիկատներ։ Մոտավորապես նման ծրագրերի մասին կարող է խոսք գնալ։ Բայց չենք բացառում նաեւ այլ ծրագրեր։ Հետեւաբար, առաջիկայում կկարողանանք ավելի հստակ ու հասցեական խոսել այդ ծրագրերի մասին»,- ասաց նախարարը։