Բռնի տեղահանված արցախցիների խնդիրներն ամեն օր առանց պատասխանների հարեր են առաջացնում։ Այս «ձնագունդն» արդեն դառնում է մարդկանց իրավունքների ոտնահարման մի ամբողջ փաթեթ, մարդկանց, որոնք ստիպված են եղել փախչել մահից կամ դառնալ իրենց թշնամիների ստրուկը սեփական հողում։
Եվ այս ռումբը կարող է պայթել ու վնասել ոչ միայն իշխանություններին, այլեւ Հայաստանի պետականությանը։
Արդեն մեկուկես ամիս ամբողջ ինտերնետային ցանցը, բոլոր լրատվամիջոցները անդրադառնում են քաղաքական, իրավական և հումանիտար խնդիրներին, որոնց բախվում են մարդիկ, ովքեր կորցրել են գրեթե ամեն ինչ և հայտնվել իրենց հայրենակիցների շրջապատում, բայց բոլորովին այլ կարգավիճակում։
Մի կողմ թողնենք թե՛ Խորհրդային Միություն տեսած, թե՛ անկախություն տեսած տարեցներին, ովքեր ունեին սովետական, իսկ հետո Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրեր։ Անցած 35 տարիների ընթացքում Արցախում մեծացել է մարդկանց մի սերունդ, որը երբեք չի ապրել այլ երկրում, բացի իրենց Արցախի Հանրապետությունից, որը, չնայած իր չճանաչված պետությանը, ապրել է Հայաստանի հետ իրավական վերամիավորման ակնկալիքով: Իրավական, քանի որ դե ֆակտո ապրել ենք Հայաստանի օրենքներով, նույն ռազմաքաղաքական, դատական, ֆինանսական, տնտեսական դաշտում։ Դրա հետ միասին ունեինք արցախյան լիազոր իշխանություններ՝ նախագահ, խորհրդարան, բանակ, պետական կառույցներ, որոնք իրավասու էին տրամադրել քաղաքացիներին, նրանց ունեցվածքը և այլն հաստատող փաստաթղթեր:
Այսօր Արցախի բոլոր 150 հազար բնակիչները կանգնած են երկընտրանքի առաջ՝ ո՞ր երկրի քաղաքացիություն ունեն։ Ադրբեջան կոչվածը պնդում է, որ մենք պետք է դառնանք իր քաղաքացիները։ Միևնույն ժամանակ, հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված այս երկիրը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որպեսզի անգամ չհիշատակվի Արցախի բնակիչների իրավունքների, առավել ևս արցախցիների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի մասին։ Ի դեպ, դարեր շարունակ այնտեղ ապրած իրենց նախնիների տարածքիմասին է խոսքը։
Մյուս կողմից, ռուս-թուրքական տանդեմը շանտաժի է ենթարկում Հայաստանին, որ եթե ինքը պաշտպանի արցախցիների իրավունքները, ապա Ադրբեջանը պայման կդնի նույնքան ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու համար։ Եթե ոչ մի հայ չի պատկերացնում կյանքը ահաբեկչական պետության տիրապետության տակ, որը չի թաքցնում բոլոր հայերին ֆիզիկապես ոչնչացնելու ցանկությունը (ինչը մեկ անգամ չէ, որ ապացուցել են), ապա ադրբեջանցիները կարող են ազատ մուտք գործել Հայաստան և բնակություն հաստատել ցանկացած բնակավայրում՝ վստահ լինելով, որ ոչ ոք իրենց վնաս չի պատճառի։
Ամենայն հավանականությամբ, հենց այդ շանտաժն է ստիպում Հայաստանի իշխանություններին հրաժարվել Արցախի բռնի տեղահանվածներին լիարժեք, օրինական կարգավիճակ տրամադրելուց՝ սահմանափակվելով «ժամանակավոր պաշտպանությամբ» և ինչ-որ փաստաթղթով, որը հավաստում է, որ մեզ բռնի տեղահանել են մեր տներից և մենք պաշտպանություն գտանք Հայաստանում։
Մեր նորագույն պատմության 35 տարվա այս ամբողջ քաղաքական ու իրավական խառնաշփոթը սովորական մարդուն, առավել եւս թոշակառուներին ու նպաստով ապրողներին հետաքրքիր չէ։ Մարդիկ պարզապես ցանկանում են ստանալ իրենց օրինական վճարումները, որպեսզի գոյատևեն ծանր ֆինանսատնտեսական պայմաններում։
Եվ հենց այստեղ է առաջանում մարդու իրավունքների խնդիրը։ Որքան էլ Հայաստանը վախենա իր թշնամիների վերջնագրերից, ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Մարդիկ մեղավոր չեն, որ 35 տարի Հայաստանի բոլոր իշխանությունները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում (որոնք, մեծ հաշվով, նրանց կցորդներն էին) վարեցին կոլաբորացիոնիստական քաղաքականություն և իրենց քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու փոխարեն ստորադասեցին այդ իրավունքները օտար երկրների շահերին։ Անհեռատես և նույնիսկ հանցավոր քաղաքականությունն ու դիվանագիտությունն այսօր ազդում են 150 հազար քաղաքացիների կյանքի վրա, ովքեր ունեն հայկական անձնագիր, բայց չեն ստանում իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը սեփական երկրում, որի ազատության և ինքնիշխանության համար տվել են իրենց կյանքը, իրենց երեխաների և հարազատների կյանքը։
Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն անտեսել իրենց բռնի տեղահանված հայրենակիցների իրավունքները, մենք ստիպված կլինենք կապ հաստատել Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանությունների, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ պահանջելով ճանաչել մեր ինքնորոշման իրավունքը և մեր պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որտեղ մենք ունեինք և՛ քաղաքացիություն, և՛ իրավունքներ, և՛ բանակ, որը պաշտպանում էր մեզ 32 տարի:
Նմանատիպ գործողություններ արդեն իրականացնում են 2020 թվականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի շրջանի բնակիչները։ Նրանց արդեն միանում են այլ տեղահանվածներ, սակայն, ամենայն հավանականությամբ, ցուցարարների պահանջները հումանիտարից փոխվում են քաղաքականի։ Եվ սա ճիշտ որոշում է։
Մարգարիտա Քարամյան