Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակում են իրենց ամենօրյա հավաքները՝ հումանիտար ապաստան խնդրելով Ֆրանսիայի կառավարությունից։ Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանի խոսքով՝ իրենց պահանջն ավելի է ամրապնդվում, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում երեկվա հանդիպման ժամանակ արցախիցներին հուսադրող պատասխան չեն տվել։ «Հատկապես 2020 թվականին բռնի տեղահանված արցախցիներն անուշադրության են մատնված։ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում էր մեր բնակարանների վարձերը, յուրաքանչյուր ընտանիքի առավելագույնը 160 հազար դրամ գումար էր տրամադրում, դա բավարարում էր մեզ, տան վարձերը տալիս էինք։ Բայց այսօր, երբ Արցախը չկա, Արցախի կառավարությունը չկա, այդ աջակցության գումարները չեն տալիս։ Երեկվա հանդիպման ժամանակ մեզ ասացին՝ ընդհանրապես այդ աջակցության անունը մի տվեք, չենք կարող տալ»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, որով բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ՀՀ քաղաքացիություն ստանալ, կամ փախստականի կարգավիճակ, Արթուր Ստեփանյանն ասաց, որ փախստականի կարգավիճակն իրենց ժամանակավոր է տրվելու՝ մեկ տարի ժամկետով։ «Մենք չենք էլ պատկերացնում՝ դա ինչ է, դա ժամանակավոր կարգավիճակ է, ի՞նչ սպասելիք կարող ենք ունենալ դրանից։ Մեր հույսը կտրել ենք, երեք տարի է՝ այստեղ ենք, այն ենք տեսնում, որ մեր անվան տակ միլիարդավոր դոլարներ են փոշիացրել»,- ասաց նա։
Արցախցիները մոտ 15 օր է՝ ամեն օր հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նաեւ գրավոր են իրենց պահանջը ներկայացրել դեսպանատանը։ Պատասխան դեռ չկա։ «Մեզ միշտ ասում են՝ հարցը քաղաքական է, այս պահին քննարկման փուլում է, սպասեք»,- հավելեց Արթուր Ստեփանյանը։
Հադրութի բնակիչ Ռայա Հայրապետյանը step1.am-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի այսօրվա կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեն։ «Ինչ որոշում կայացնում են, ինչ խոստանում են, վերջում սուտ է դուրս գալիս, մենք դա հասկանում ենք, տեսնում ենք։ Մենք ո՞նց հավատանք իրենց, որ մեզ ապագա է սպասվում Հայաստանում, որը նույնպես մեր հայրենիքն է»,- ասաց նա։ Ռայա Հայրապետյանը նշում է, որ եթե արցախցիներն ընդունեն Հայաստանի քաղաքացիություն, Արցախի հարցը կփակվի, իրենք փոխհատուցում չեն ստանա Արցախում կորցրած գույքի ու ունեցվածքի համար։ «Մենք ՀՀ անձնագրեր էինք ստացել, այնքան ուրախ էինք, որ վերջապես միացել էինք Հայաստանին, բայց հիմա այս անձնագրերն էլ են ուզում փոշիացնել։ Ասում են՝ձեր անձնագրերը ճամփորդական փաստաթղթեր են, ինչո՞ւ են ճամփորդական։ Ինչո՞ւ նախկինում այդպես չէին ասում, նոր տերմին են դրել շրջանառության մեջ։ Ի՞նչ է, Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչները ճամփորդնե՞ր են եղել։ Մենք հազարամյակներով մեր հողին կառչած մարդիկ ենք, ոչ թե ճամփորդ։ Իր մտածելով՝ մենք մեր երկրում տուրի՞ստ ենք եղել, տվել է այս փաստաթուղթը, որ տուրիստական արշավնե՞ր անենք, ես չեմ հասկանում՝ ի՞նչ են ասում։ Ես ուզում եմ, որ իրենք այնպիսի որոշումներ կայացնեն, որ մարդիկ հասկանան, պարզ ու հստակ լինի մեզ համար։ Ինչպես կարո՞ղ է արցախցիների մասին մտածել մարդը, ով ասում է, որ Արցախն Ադրբեջան է։ Ես ոչ մի լավ բան չեմ սպասում, մեր սպագան այստեղ մշուշոտ է։ Ես ու ամուսինս թոշակառու ենք, բայց թոշակը չկա, աջակցության գումարները վերջին անգամ մայիս ամսին են տվել, մենք ո՞նց ապրենք, վարձով ենք ապրում, վարձը ո՞նց տանք։ Մենք խճճվել ենք՝ չգիտենք այստեղ մնանք, թե՞ գնանք արտերկիր, ո՞նց կարող է մի ղեկավարն այսքան խճճել մարդկանց, որ մարդիկ անելանելի դրության մեջ հայտնվեն, չիմանան ինչ անել»,- ասաց նա։
Արցախի Սզնեք գյուղի բնակիչ Աստղիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով կառավարության անդամների հայտարարություններին, որ արցախցիների անձնագրերը «ճամփորդական փաստաթղթեր» են, ասաց․ «Նոր տերմին են հորինել, ինչպես միջանցքն են անվանում «խաղաղության խաչմերուկ»։ Բառերով էությունը չի փոխվում։ Պետք է նայել գործին ու ծրագրերին, ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի կառավարությունը, գծված ծրագիր կա՞, չկա, չենք տեսնում։ Եվ կատարված գործերը վստահություն չեն ներշնչում, մենք չունենք վստահություն։ Իմ կարծիքով՝ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու այս գործընթացով փորձում են փակել արցախցիների հարցերը, մարդկանց զրկել արտոնություններից։ Ասում են՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիներն այդ արտոնությունները չունենա, արցախցիներն ունենան։ Այսինքն՝ ես դառնում եմ քաղաքացի, հավասարվում եմ Հայաստանի բոլոր բնակիչներին։ Համաձյան եմ, բայց չէ՞ որ ես մեծ կորուստներ ունեմ, տնից ու հայրենքից եմ զրկվել»,- ասաց Աստղիկ Միքայելյանը։
Մեզ հետ զրույցում արցախցիները նաեւ դժգոհեցին, որ արեւմտյան երկրները բռնի տեղահանված ու ցեղասպանական գործողությունների ենթարկված արցախցիների խնդիրներն անտեսում են, բայց պատերազմի հետեւանքով տեղահանված ուկրաինացիների հարցերին այլկերպ են վերաբերվում։ «Այնինչ, մենք էլ ենք տուժել նույն ռուսների կողմից։ Ռուս խաղաղապահը Արցախում կանգնած՝ ոչինչ չէր անում, հայ զինվորին սպանում էին, խաղաղապահը կանգնած նայում էր։ Ասում էին՝ մենք կրակելու մանդատ չունենք։ Եկել կանգնել նայում էին, թե հային ոնց են սպանում»,- ասաց Ռայա Հայրապետյանը։
Արցախցիները նաեւ հարցադրում են անում՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն այսօր չեն խոսում Արցախին որեւէ կարգավիճակ տալու մասին, որպեսզի անվտանգության երաշխիքներ լինեն, որ իրենք կարողանան վերադառնալ Արցախ։ Նրանց խոսքով՝ Ադրբեջանի հետ ինտեգրման պայմանով երբեք չեն վերադառնա, Արցախը պետք է որեւէ կարգավիճակ ունենա ու հայկական լինի։