ՀՀ ԱԳՆ-ը մեղադրում է անգործության մեջ “միջազգային հանրությանը”

  • 12:53 09.11.2023

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ ԱԳՆ կողմից աշխատանք է տարվում միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված անձանց, այդ թվում՝ ԼՂ նախկին պաշտոնյաների վերադարձի հարցով։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը։

«Կան իրավական գործընթացներ նաեւ ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում։ Ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները վերադառնան»,- ասաց նա։

Կոստանյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաեւ միջազգային հանրության անգործության հետեւանք էր։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք հստակ արձանագրել ենք մեր դիրքորոշումը, որ ըստ մեզ՝ Լաչինի միջանցքի փակումից սկսած եւ մինչ այդ նույնպես միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել ստեղծված իրավիճակին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանումը նաեւ միջազգային հանրության անգործության հետեւանք էր։ Բայց մենք շարունակելու ենք եւ շարունակում ենք աշխատանքներ միջազգային գործընկերների հետ, որպեսզի ավելի ադեկվատ եւ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկվեն, անհրաժեշտության դեպքում օգտագործեն այն գործիքակազմը, որն ունեն»,- ասաց նա։

 

f