Հակարիի ափին ստեղծել է պոեզիա, կազմակերպել գրական երեկոներ

  • 13:23 09.11.2023

Տարոնը ծնվել է 1994 թվականին Երևանում։ Նա ընդամենը 2 ամսական էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Արցախ։ Նրանք բնակություն են հաստատել Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղում։

Արցախում Տարոնի մոտ մանկական ուղեղային կաթված է ախտորոշվել։ Սկզբում ծնողների համար դա դատապարտվածություն էր թվում, բայց Տարոնը մեծանալով ապացուցեց, որ ախտորոշումը խոչընդոտ չէ լիարժեք ապրելակերպի համար։

Սովորելով տանը՝ նա մեծ առաջադիմություն ունեցավ՝ դրսևորելով բարձր ինտելեկտուալ կարողություններ։ Տարոնը հումանիտար գիտությունների հակում ունի, և նա ցանկանում էր ընդունվել ԵՊՀ պատմության բաժինը։ Գերազանցությամբ ավարտել է գյուղական դպրոցը։

Համալսարան ընդունվելու առաջին փորձն անհաջող էր. գրելու հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով հրաժարվեցին ընդունել նրան։ Սակայն նա չհուսահատվեց ու շարունակեց վստահ շարժվել դեպի իր նպատակը։

2012 թվականին Տարոնը վերականգնողական փուլ է անցել Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Կենտրոնում անցկացվում էին սպորտային միջոցառումներ, մասնավորապես՝ Bocce մրցումներ, որոնցում նույնպես աչքի է ընկել՝ զբաղեցնելով մրցանակային տեղ։

Արցախում Տարոնը ակտիվ կենսակերպ է վարել։ Հայրենի գյուղում հարազատների ու համագյուղացիների մասնակցությամբ կազմակերպում էր գրական երեկոներ, որտեղ ընթերցում էր սեփական բանաստեղծությունները։ Տարոնն անգամ ունի «Տարոն Այկազուն» գրական կեղծանուն։

Բանաստեղծություններ է գրում մանկուց։ «Պոեզիան իմ տարերքն է, առանց դրա կյանքս շատ ձանձրալի կլիներ»,- ասում է Տարոնը։

2013 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, իսկ արդեն 2023 թվականին ընդունվել է Panarmenian մեդիա դպրոցը։ Սովորել է որպես սցենարիստ։ Ներկայումս աշխատում է խաղի սցենարի վրա: Նա վստահ է, որ խաղը համաշխարհային համբավ ձեռք կբերի։ Նա նաև նախատեսում է սկսել երգերի խոսքեր գրել։

Տարոնը հոգում մեծ ցավով հիշում է Հակարի գետի ափին գտնվող իր տունը, Արցախի չքնաղ բնությունը, այդ ուրախ ու անհոգ ժամանակը։ Նա անկեղծորեն հույս ունի վերադառնալ հայրենի վայր։

Արսեն Աղաջանյան

 

f