Դեռ փակված չէ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայության խնդիրը․ Այվազյան

  • 17:21 09.11.2023

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, որ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի հարցը փորձում են փոխկապակցել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» Հայաստան վերադարձի հարցի հետ։ Այվազյանի խոսքով՝ դա ադրբեջանական կողմից կիրառվող էժանագին հնարք է եւ աբսուրդի ժանրից է։

«Եթե խոսում ենք համարժեքության մասին, ապա չպետք է մոռանանք, որ դեռ փակված չէ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայության խնդիրը։ Այդ մարդկանց վերադարձի հարցը եւս պետք է քննարկվի բանակցային սեղանի շուրջ։ Տարբեր գնահատականներով՝ կես միլիոնից մինչեւ մեկ միլիոն փոխստական ունենք նախկին ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքից։ Եվ տարբեր գնահատականներով՝ այդ անձանց կրած նյութական եւ բարոյական վնասների չափը գնահատվում է մոտավորապես 100 մլրդ դոլար։ Այդ վնասները մարդիկ կրել են ադրբեջանական ղեկավարության նպատակաուղղված ցեղասպանական քաղաքականության պատճառով»,- ասաց նա։

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ Ադրբեջանը փորձում է նույն հարթության վրա դնել արցախիների եւ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը, բայց ադրբեջանցիները Հայաստանից իրենց կամքով են գնացել։ «Եվ այդ թուրքերի թիվն այդքան մեծ չէ, ուռճացված են ներկայացնում, նրանց համար ստեղծել են վտարանդի կառավարություն, Բաքվի կենտրոնում շենք են տրամադրել, բոլոր միջազգային կառույցների ներկայացուցիչները, որոնք գնում են Բաքու, հանդիպում են նրանց հետ։ Նախկինում լուրջ չէր ընկալվում նաեւ Արցախի այսպես կոչված ադրբեջանական համայնքի խնդիրը, իսկ մենք տեսել ենք, թե պատմությունն ինչ է ցույց տվել։ Նույն քաղաքականությունն ադրբեջանցիները հիմա են վարում։ Ես համոզված եմ, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը մինչեւ այսօր չի կորցրել իր արդիականությունը եւ կիրառական նշանակությունը։ Այնպես որ, պետք է բարձրացնել նաեւ այդ մարդկանց վերադառնալու իրավունքի հարցը։ Իսկ եթե Ադրբեջանն ի վիճակի չէ նրանց անվտանգությունը պատշաճ ապահովել, ապա պետք է փոխհատուցում վճարեն, ինչն իրենց համար այդքան էլ հեշտ ու հաճելի գործընթաց չի լինելու։ Առնվազն այս հարցով կարելի է փակել իրենց այսպես կոչված փախստականների վերադարձի հարցը ՀՀ տարածք»,- հավելեց նա։

Գրիգորի Այվազյանը նշում է, որ արցախցիների հարցը բոլորովին այլ է։ Արցախի էթնիկ զտումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս եւ միայն անուղղակիորեն կապ ունի ադրբեջանցիների բարձրացրած հարցերի հետ։

«Այնպես որ, մենք պետք է օգտագործենք մեր հաղթաթուղթը, որն առկա է։ Բայց այդ հաղթաթուղթը միայն այն ձեռքում է հաղթաթուղթ, ով գիտե՝ ինչպես դա պատշաճ օգտագործել։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից պետք է մատուցվի այդ հարցը։ Նաեւ արցախասհայության վերադարձի հարցը մենք չպետք է հետին պլան մղենք։ Պետք է պնդենք դա, մանավանդ, որ միջազգային հանրության կարծիքն այդ հարցում կարծես թե միասնական է, որ միջազգային խաղաղապահների երաշխավորմամբ ու դիտորդների ներկայությամբ պետք է արցախահայերին հնարավորություն տրվի վերադառնալ իրենց բնօրրանը»,- ընդգծեց Այվազյանը։

Ռոզա Հովհաննիսյան

f