Արցախցի զինծառայողները տեղեկացվել են, որ իրենց ստաժը Հայաստանում հաշվարկվելու է

  • 20:06 10.11.2023

Արցախից բռնի տեղահանված թոշակի անցած զինծառայողները տեղեկացվել են, որ իրենց ստաժը Հայաստանում հաշվարկվելու է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց հադրութեցի պահեստազորի սպա Արթուր Ստեփանյանը։

«Ասացին՝ ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինելու, զինվորական թոշակները նույնպես վճարվելու են։ Հարցն այն է, որ միայն Հայաստանի գրանցում պետք է ունենանք։ Իսկ հաշվառման կանգնելու գործընթացն այնպես են պարզեցրել, որ խնդիր չի լինի»,- ասաց Արթուր Ստեփանյանը։

Նա նշեց, որ զինվորական ստաժը Արցախում ավելի շատ էր հաշվարկված, քանի որ 1990-ական թվականների պատերազմի տարիները մեկ տարին երեք տարի էին համարում։ Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրենց ասել են, որ ստաժը հաշվարկելու են, բայց Արցախի հաշվարկի համեմատ ավելի քիչ է լինելու, դեռ հստակություն չկա։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի պահեստազորի սպաները բողոքի ակցիա էին անում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մոտ՝ պահանջելով իրենց թոշակները, որոնք չեն վճարվել վերջին ամիսներին։ Նրանց բարձրացրած աղմուկից հետո ՀՀ կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է վճարել արցախցիների թոշակներն ու նպաստները։ Թոշակ ու նպաստ ստանալու համար պարտադիր չէ, որ բռնի տեղահանված արցախցիները ՀՀ քաղաքացիություն ընդունեն։

Արթուր Ստեփանյանը նաեւ ասաց, որ տեղեկություններ են ստանում, որ ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնելու ցանկություն հայտնող արցախցիներին ստիպում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։

f