Գագիկը ծնվել է 1997 թվականին Ստեփանակերտում։ Մանկուց սիրում էր կարդալ։ Գրքերի հանդեպ սերը նրան փոխանցվել է գենետիկորեն։ Նրանք տան դիմաց ունեին տնակ, որը հետագայում վերածվեց ընտանեկան գողտրիկ անկյունի, որտեղ երեկոները հավաքվում էին Գագիկի ընկերներն ու հարազատները։ Սենյակում կար մեծ գրադարան, որտեղ հավաքված էին թե՛ հայ, թե՛ օտարազգի հայտնի հեղինակների գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնք Գագիկը բազմիցս վերընթերցել է։
Գագիկի ոչ պակաս սիրելի զբաղմունքը այգեգործությունն էր։ Նրանք այգի ունեին, որտեղ նա շքեղ ծաղիկներ էր աճեցնում։ Այգում թափառում էր ընտանի կատու, որը համարվում էր ընտանիքի անդամ։ Ճոճաթոռը, որտեղ նա նստում էր ու ժամերով գրքեր էր կարդում։
«Այս փոքրիկ ջերմ անկյունում տիրում էր աստվածային խաղաղություն, այնտեղ անսահման հաճույք էի ստանում»,- ասում է Գագիկը։
Սովորել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում։ Ջերմությամբ ու տխրությամբ է հիշում իր դպրոցական տարիները, ուսուցիչներին ու դասընկերներին։ «Ուսուցիչների շնորհիվ է, որ թիվ 8 դպրոցի շրջանավարտները միշտ աչքի են ընկել իրենց լավ վարքագծով և էրուդիցիայով։ Դպրոցում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում լեզուների ուսումնասիրությանը։ Դպրոցի շրջանավարտներից շատերը գերազանց տիրապետում են երկու օտար լեզուների»,- ասում է նա։
Դպրոցն ավարտելուց հետո Գագիկն ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2016 թվականին զորակոչվել է Արցախի պաշտպանության բանակ։ Պատվով և արժանապատվորեն ծառայելով՝ նա տուն վերադարձավ պարգևներով և պատվոգրերով։ Վերադառնալուց հետո շարունակել է ուսումը և մեծ հաջողությամբ ավարտել համալսարանը՝ ստանալով բակալավրի կոչում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա ընտանիքի հետ հանգստանում էր Սյունիքի մարզում։ Լուրը լսելով՝ Գագիկը շտապել է Արցախ։ Ժամանելուն պես նա անմիջապես մեկնել է ռազմաճակատ։ Ժամանակի ընթացքում հայրն էլ միացավ նրան, և նրանք միասին պատվով կռվեցին մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Հիմա նա հոգում մեծ ցավով է հիշում իր կյանքի այդ չարաբաստիկ շրջանն ու պատերազմից հետո կատարվածը։ «Իմ ժողովրդի ողջ խնդիրը ռացիոնալ մտածողության բացակայության մեջ է. թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է համախմբվել և ընտրել արժանի ու կոմպետենտ ղեկավարների՝ երկիրը կառավարելու համար։ Կուզենայի հուսալ, որ մեր ժողովուրդը գոնե այս բոլոր փորձություններից հետո կսկսի սթափ մտածել»,- ասում է Գագիկը։
Նա շատ է սիրում բնությունը։ Նրա ամենասիրելի տեսարժան վայրերից էր Գանձասարի վանքը և նրա շրջակայքը։ Նա հասցրել է այցելել Արցախի գրեթե բոլոր անտառները։ Հիշում է նաև հարազատ դպրոցի բակում գտնվող ծեր թխկին, որը դեռահասների դեպրեսիայի լավագույն դեղամիջոցն էր։
Պոեզիա է գրում մանկուց, ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Վերք Ղարաբաղի», գրել է բոլորովին վերջերս։ 2021 թվականին իմացավ եվրոպական հեղինակավոր բուհերից մեկն ընդունվելու հնարավորության մասին։ Հաջողությամբ հանձնելով բոլոր քննությունները՝ մեկնեց սովորելու Հունգարիա։ Սովորում է Պատմության ֆակուլտետում։ Որոշեց փոխել մասնագիտությունը, քանի որ ամբողջովին կորցրել է հավատը միջազգային իրավունքի նկատմամբ։
Նա աշխատում է իր մագիստրոսական թեզի վրա՝ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի տարածքում» թեմայով։ Նախատեսում է նաև գիտական հոդվածներ տպագրել եվրոպական հայտնի գիտական հրատարակություններում։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: