Սոֆյա Հովսեփյան. Իշխանությունները նպատակ ունեն վերջնականապես փակել գույքային իրավունքի հարցը

  • 18:16 13.11.2023

Հայաստանի իշխանությունը Արցախի անձնագրերի «070» կոդը մերժել է վաղուց․ 2020 թվականի պատերազմից հետո տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնվել է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Նա հիշեցրեց, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո էին բանկային եւ այլ գործարքների դեպքում արցախցիները Հայաստանում խնդիրների բախվում։

«Իսկ հիմա, երբ իրենք արդեն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, իսկ այդ մարդիկ, ՀՀ քաղաքացի լինելով, գրանցվում են Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Ադրբեջանի Հանրապետությունում, ապա 070 կոդը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կողմից, հակադրության մեջ է մտնում իրենց իսկ որդեգրած սկզբունքի հետ։ Այդ սկզբունքն այն է, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Բնական է, որ իրենք, լինելով Ալիեւի կամակատարը, պետք է այսպես էլ գործեին, ոչ ոք չի էլ զարմանում»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում՝ արցախցիների պահանջատիրության ու գույքային իրավունքի հարցերը չեն փակվում։ Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ իրականում իշխանությունները նպատակ ունեն վերջնականապես փակել գույքային իրավունքի եւ մյուս հարցերը։

«Ադրբեջանը հենց դա է պահանջում իրենցից, որ արցախցին չկարողանա որեւէ իրավական գործընթաց սկսել՝ անկախ նրանից, թե միջազգային կառույցներն ինչ գործընթաց կարող են իրականացնել։ Իրենց սկզբունքն է՝ վերջնականապես ծառայել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտ է, որ իրենք չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։

 

f