Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մի շարք անդամ երկրների նախարարներ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում կարեւորել են խաղաղությունը Հարավային Կովկասում, շեշտադրել Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ խորհրդի նիստում այս հայեցակարգերն իրենց հստակ դրսեւորումը կգտնեն։
«Արմենպրեսի»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավելի քան երեսուն տարի տեւած հակամարտությունը կենտրոնական խնդիր է նաեւ Եվրոպայի համար։
«Հատկապես ամենադժվար աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում բոլորն ունեն նույն շահագրգռվածությունը՝ ապահովելու, որ տարածաշրջանում բոլորի համար լինի խաղաղություն եւ անվտանգություն», – ասել է Բերբոքը եւ հավելել, որ վերջերս էր տարածաշրջանում եւ համոզված է՝ ավելի քան արժե ուժեղացնել համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Գերմանացի արտգործնախարարը կարեւորել է եվրոպական ներկայությունը տարածաշրջանում եւ ընդգծել, որ եթե ԵՄ-ն այնտեղ չլինի, այդ բացը շատ արագ կլրացվի այլ դերակատարներով։ «Եվրոպական հարթակը այն հարթակն է, որը պաշտպանում է իրական անվտանգությունը, իրական վստահությունը և տարածաշրջանում իրական խաղաղությունը», – եզրափակել է Աննալենա Բերբոքը։
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան կարևոր է համարել, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հստակ հաստատի իր աջակցությունը Հայաստանին, այսինքն՝ իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա ընդգծել է, որ ցանկություն կա ընդլայնելու ԵՄ առաքելության մանդատն ու միջոցները, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: «Կարծում եմ, որ սա ուղերձ է, որը տեղին կլիներ մեր խորհրդի կողմից այսօր հստակ և հաստատակամորեն փոխանցել: Ժամանակն է դա անելու: Մենք արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսում ենք այս մասին»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Լատվիայի արտգործնախարար Կրիշյանիս Կարիշը եւս իր խոսքում նշել է, որ Եվրոպան պետք է իր ներդրումն ունենա , որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը վերջապես գան խաղաղ լուծման: «Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Հատկապես եթե դրա հետեւում Եվրոպական Միություն կշիռն է», – ասել է Կարիշը։
Իսպանիայի արտգործնախարար Ալբարես Բուենոն եւս հակիրճ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, նշել, որ Եվրոպան պետք է ջանք չխնայի իրավիճակը կայունացնելու համար Հարավային Կովկասում խաղաղություն երաշխավորելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված լուրջ իրավիճակից հետո Հայաստանին աջակցություն և կայունություն առաջարկելու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: