Նկարներում Ստեփանակերտի Բեկզադյան թաղամասն է, կամ ինչպես ժողովուրդն է ասում` «հանգիստարանների թաղ»-ն է: Այս թաղամասում գտնվում էր Ստեփանակերտի գերեզմանատունը:
Թաղամասով անցնում էր միակ հանրային տրանսպորտը՝ «16 մարշուտկան», որին մինչ բլոկադան անհամբեր սպասում էին փողոցի բնակիչները: Նաև տեղի բնակիչներին միշտ հարցնում էին, թե ինչու չեն բողոքում, որ գերեզմանատան մոտ են ապրում, բնակիչներից մեկն էլ անկեղծ պատասխանում էր՝ «մեռածներան վախելչն, սաղերան կվախին» (մահացած մարդկանցից վախենալ պետք չէ, կենդանի մարդկանցից պետք է վախենալ):
Թաղամասում ապրում էին աշխատավոր, օրվա հացը իրենց քրտինքով վաստակող մարդիկ, որոնք առևտուր էին անում «Ալինին մագազինան» (Ալինայի խանութից), իսկ Ալինայի խանութի մոտակայքում ծաղկի խանութներ էին, որոնց մոտ աստիճաններով կարճ ճանապարհ էր բացված դեպի Գ.Նժդեհ փողոց:
Երեխաների հիմնական խաղալու տեղը թաղի վերևի «պլաշադկա»-ն էր, որտեղից երևում էր ողջ Ստեփանակերտը:
Շրջափակման ժամանակ մարդիկ ավելի էին մտերմացել, միասին գնում էին հերթերի, զանգում էին իրար, երբ հանկարծ թաղի խանութը ապրանք էր ստանում:
Թաղում տարիքով տատի կար, շրջափակման ժամանակ հենց հարևաններն էին նրան օգնում: Բնակիչները նաև ներքևի հացի փռի տիրոջն են հիշում, որը հեծանիվով հաց էր բերում իրանց թաղամաս: Նաև հիշում էին տիկին Ստելլային, ով վերջին շրջանում՝ ի հեճուկս դժվարություններին հյուրասիրություն էր կազմակերպում հարևանների համար:
Հարցին, թե ինչ հայտնի մարդիկ կան իրենց թաղամասում, բնակիչներից մեկը կատակում է «վեր մեր թաղում հայտնի մարդ ինար, թաղը ասֆալտ կինար» (եթե թաղում հայտնի մարդ լիներ, ասֆալտ էր կլիներ):
Հիմա մտածում են իրենց տների մասին, իրենց տան մոտ գտնող գերեզմանատան մասին և այն մասին, որ գոնե գերեզմանատունը չքանդվի:
Այսպիսինն են Ստեփանակերտի Բեկզադյան փողոցի մարդիկ՝ աշխատասեր, կատակասեր, մեկը մյուսի ցավով տառապող, օրվա հացը վաստակող և կիսող:
Քրիստինա Ալահվերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: