Փախստական լրագրողի կյանքը, ով կորցրեց ընտանեկան հիշողությունները պատերազմի հորձանուտում

  • 23:03 13.11.2023

Մարդ, ով հոգնել է կորցնելուց և պարզապես երազում է ամենասովորական կյանքով ապրել: Այսպես է իրեն բնութագրում Ստեփանակերտի բնակչուհի, լրագրող Տաթևիկ Խաչատրյանը:

44-ամյա պատերազմում եղբորը ՝ Հայկին, կորցնելուց հետո ուժ գտավ և որոշեց լրագրության միջոցով տեղ հասցնել իր ձայնը, ասելիքը: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար Հայկը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

«Հրաշալի մանկություն ենք ապրել, հատկապես, երբ գյուղ էինք գնում գիշերակացներով: Ինչեր ասես, որ չենք արել, խենթություններ՝ որքան ուզեք: Հայրս ամբողջ կյանքը ծառայել էր ու թոշակի անցել: Առողջական խնդիրներ ուներ: Ամեն ինչ փոխվեց, երբ հայրիկս մահացավ․․․Մենք 4 երեխա էինք: Հայկը տան մեծն էր և իր վրա զգում էր պատասխանատվության այնպիսի չափաբաժին, որն իր տարիքի տղայի համար չափից ավելի էր․ ընդամենը 13 տարեկանում սկսեց աշխատել ավտոլվացման կետում և ֆինանսապես օգնել մայրիկին»,-պատմում է Տաթևը՝ խոստովանելով, որ Հայկից հետո կյանքը կանգ է առել, իսկ հաջորդ օրը, լսելով կապիտուլյացիայի լուրը, ընտանիքով կարծես միանգամից ծերացել են:

Ամենացավալին այն էր, որ չկարողացան տղային հուղարկավորել հոր կողքին՝ հայրենի գյուղում: «Ես իրոք հերոս եղբայր եմ ունեցել, նա հասցրել է խոցել ոչ միայն թշնամու տարբեր տեսակի զինտեխնիկա, այլ նաև թշնամական հրամանատարական կետ: Հանուն ընկերոջ իր կյանքը չխնայեց․․․»:

Լեյտենանտ Հայկ Խաչատրյանի նկարները, պատվոգրերը, մեդալները Ստեփանակերտի իրենց տան մի անկյունում էր պահում զինվորական մայրը՝ Անուշ Խաչատրյանը: Այդքան փայփայած հուշերը չկարողացավ իր հետ բերել Երևան՝ վախենալով, որ անցակետում խնդիրներ կառաջանան: Իր, ամուսնու, Հայկի զինվորական լուսանկարները, գրքույկները և այն ամենը, ինչ կապված է ծառայության հետ, վառել է վերջին օրերին՝ տեղահանումից առաջ:

Երևանում ապրում են վարձով՝ 7 հոգով երկու սենյականոց բնակարանում: «Ամեն ինչ սառն ու օտար է թվում այստեղ: Ամեն անգամ քեզ անհրաժեշտ իրը չգտնելիս հիշում ես տունդ, փնտրածդ իրը մտովի գտնում խոհանոցիդ համապատասխան դարակից: Ես երբեմն հանդգնում եմ մտովի փախչել հետ ու թաքուն հատել Հակարիի կամուրջը, վազել երկար, շնչակտուր դեպի իմ տուն․․․»,-ասում է Տաթևը՝ նշելով, որ տան դուռը գաղթելուց առաջ բաց է թողել ՝ բանալիներն էլ թողել սողանցքում, որպեսզի դուռը կոտրելով չբացեն․․․

Հակամարտությունների ընթացքում ցուցաբերած ուժը, հերոսությունը, դժվար կայացրած որոշումները և զոհաբերություններն արդեն ընտանեկան գիծ են դարձել, բայց նոր միջավայրում դժվարանում են հարմարվել․«Վարձով տանը ամեն գիշեր շարունակում են աղաջրվել բարձերը: Եթե սկզբի օրերին կարելի էր լացել անդադար և անթաքույց, հիմա՝ միայն ծածուկ ու անձայն», -ասում է Տաթևը՝ խոստովանելով, որ տղան՝ Դենին, խնդրում է իրեն այլևս չլացել:

Ամենատհաճ պահն ապրել է անցակետում, երբ ադրբեջանցի զինվորականը ժպտացել է Դենիին: Հիմա փորձում է ամեն ինչ թողնել անցյալում և նոր կյանք սկսել՝ Արցախի մասին հիշողությունները բաց չթողնելով: Արցախի մարդկանց մասին պատմելու է Արցախի բարբառով ՝ փոդքասթի միջոցով:

Տաթև Ազիզյան

f