Էրդողանը երկարաձգում է ռուսների հետ համատեղ ռազմական ներկայությունը օկուպացված Արցախում

  • 09:08 14.11.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Արցախի օկուպացված Ակնայում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օրենսդիրների կողմից հաստատվելու դեպքում օկուպացիոն զորքի ներկայությունը մեկ տարով կերկարաձգվի՝ 2023-ի նոյեմբերի 17-ից:

Էրդողանի ուղարկած փաստաթղթում ասվում է, որ «միասնական կենտրոնը, որտեղ ծառայում են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները, հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, և Թուրքիան իր ներդրումն է ունենում տարածաշրջանի անվտանգության և կողմերի միջև վստահության ամրապնդման գործում»:

Օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը ռուսական, թուրքական եւ ազերբայդժանական կողմերի համար այն ծառայում է որպես ընդհանուր հետախուզման եւ մարտական կառավարման կենտրոն՝ հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, հարյուրավոր կիլոմետր ճակատով եւ օպերատիվ խորությամբ: Այսինքն, Հայաստանի ռազմական կարողությանը անարգել եւ միանգամայն «օրինական» հիմքի վրա լրտեսում են միաժամանակ Ռուսաստանը, Թուրքիան եւ այսպես կոչված ազերբայդժանը:

Կենտրոնի ստեղծումը նոյեմբեր 9-ի հայտարարությամբ նախատեսված չէ: Այն գործարկվել է ՌԴ եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների 2020 նոյեմբեր 11-ին ստորագրած սեպարատ հուշագրի հիման վրա: Ակնայի ռուս-թուրքական կենտրոնըՀայաստանի դեմ ուղիղ ագրեսիայի օպերատիվ-շտաբային միավոր է եւ կազմում է Հայաստանին հակադիր կողմերի վաղօրոք համաձայնեցված ռազմաքաղաքական ծրագրի բաղադրիչ մաս:

Երեւանը ոչ միայն չպահանջեց փակել այդ կենտրոնը, որտեղից կառավարվում էին ազերբայդժանական օդուժի հարվածները Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի դեմ, այլեւ հերքում էր այդ իրողությունը։ Ռուսական ու թուրքական օկուպացիոն ստորաբաժանումները մնում են օկուպացված Արցախում՝ ի երաշխավորումն Նիկոլ-քպ-ի խաղաղ օրակարգի։

Lragir

f