Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանի կառավարությանը, այդ թվում՝ ռազմական, հորդորել է Վաշինգտոնին՝ կանգնել այն դաշնակիցների կողքին, որոնք պայքարում են մարդու իրավունքների համար և հետևում են պատերազմի օրենքներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կանխի ցեղասպանությունները, էթնիկ զտումները և վայրագությունները:
«Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական համայնքը հեռացել է ադրբեջանական դաժան ռեժիմի պատճառով: Ադրբեջանը ցանկանում է ջնջել նրանց աշխարհի երեսից: Ամիսներ շարունակ հետևել ենք՝ ինչպես է հումանիտար ճգնաժամ ծավալվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում մահացության յուրաքանչյուր 3 դեպքից 1-ը թերսնումից է եղել: Ճգնաժամը ընթացել է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, որոնք, ենթադրվում էր, պետք է հետևեին հրադադարի պահպանմանը: Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղում տառապանքի արշավ է իրականացրել, Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ՝ հենց Լաչինի միջանցքում կալանավորել մարդկանց, որոնք տեղափոխվում էին բուժման համար։
Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը սատանայական դավադրության մի մասն էր միայն՝ էթնիկ հայկական անկլավին ստիպելու ենթարկվել:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ և ուժի սպառնալիքով տեղի իշխանություններին ստիպեց կապիտուլյացիայի գնալ:
Ավելի քան 100 000 բնակիչ լքել է նախնիների տները: Հայաստան գնալու ճանապարհին ոմանք զոհվել են: Ի՞նչ է սա, եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարման վկայություն: Այդ փախստականները մեր օգնության կարիքն ունեն: Մասնավորապես, հարկավոր է երկարաժամկետ աջակցություն տրամադրել՝ հաշվի առնելով Երևանում բնակարանային ծանրաբեռնվածությունը: Շատերն ասում են, որ Մերձավոր Արևելքում սուր իրավիճակ է: Բայց արդյոք մենք իրավունք ունե՞նք ընտրելու՝ մարդասիրական որ ճգնաժամին առաջինը արձագանքել: Իհարկե՝ ոչ: Հարկավոր է բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դժբախտության մասին։ Այս ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Հարկավոր է արձագանքել ադրբեջանական սպառնալիքին, նախքան նրանք կօգտվեն իրենց ունեցած առավելությունից։
Վերջին բանը, որ մեզ պետք է այս տարածաշրջանում, հակամարտությունն է երկու պետությունների միջև, որոնք սահմաններ ունեն Իրանի և Թուրքիայի հետ:
Մենք պետք է պայքարենք այն սպառնալիքների դեմ, որոնց Հայաստանը շարունակում է դիմակայել»,- ասել է Մենենդեսը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: