«Բոխչա». Հադրութի Մարիամաձորից՝ Նորաբաց

  • 23:22 14.11.2023

2020 թվականի սեպտեմբերի 29-ը Հեղուշ Թարխանյանի վերջին օրն էր հարազատ Մարիամաձորում (Հադրութի շրջան)։

44-օրյա պատերազմից հետո Հեղուշը իր վիրավոր ամուսնու և 2 զավակների հետ տեղափոխվեց Երևան, սակայն նրա դուստրը` Հերմինեն,  չկարողանալով հարմարվել` վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ ամուսնացավ, ունեցավ իր առաջնեկին, որի դուրսգրման օրը` սեպտեմբերի 19-ին սկսվեց երրորդ Արցախյան պատերազմը։

Հիմա 7 հոգուց բաղկացած մեծ ընտանիքով նրանք ապրում են Նորաբաց գյուղում, որտեղ ունեն փոքրիկ ընտանեկան բիզնես։

Հեղուշը համեղ ուտեստներ է պատրաստում (ժենգյալով հաց, բոխչա, չախոխբիլի, լազանյա, լցոնած ճագար, գաթա)։ Նրա ամուսինը` Նորայրը առաքում է այդ ուտեստները, իսկ Ռուզաննան` նրանց բարեկամը,  զբաղվում է ֆեյսբուքյան էջի մարքետինգով։

«Հադրութում մենք փոքրիկ խանութ ունեինք, ամուսինս համայնքապետն էր, ունենիք մեր փոքրիկ այգին, աշխատում էինք և կյանքից չէինք բողոքում։ Երևան տեղափոխվելուց հետո որպես խոհարար աշխատում էի հայտնի ճաշարաններից մեկում։ Այդ ժամանակ հասկացա, որ ինձ խոհարարությունն է հետաքրքրում և ուրիշ գործ անել չեմ կարող», – ասում է Հեղուշը։

Մինչև հունիսի 24-ը Երևանում էին ապրում, սակայն Նորայրը պետական տանը չկարողացավ հարմարվել։ Ասում էր, որ գյուղի տուն է ուզում, գյուղական տան բակ է ուզում, որից հետո հաստատվեցին Նորաբացում։ Ունեն այգի, որտեղ աճում են ժենգյալով հացի համար նախատեսված գրեթե բոլոր կանաչիները, իսկ որն էլ չի աճում` պլանավորում են ցանել։

«Բոխչայից» համով ուտելիք պատվիրելու համար կարող եք գրել նրանց ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/profile.php?id=61552124465693

Հայկ Հարությունյան

f