Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։
Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասաց Զառա Ամատունին։
Նա նշեց, որ հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։
Նրա խոսքով, տեսակցություններն անցնում են առանձնազրույցի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր անձի հետ քննարկվում են իրեն վերաբերող հարցերը, խնդիրները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինում բոլոր անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները։ Այդ ամենը դիտարկվում են ինչպես առանձնազրույցների, այնպես էլ բոլոր հնարավոր տարածքներով շրջայցերի միջոցով։
«Ինչ վերաբերում է այդ նկատառումներին և, թե ինչպես ենք մենք հետևողական դրանց, ապա սա արդեն փակ տեղեկություններ են և անմիջապես քննարկվում են տեղի իշխանությունների հետ։ Տեսակցությունների նպատակն այն է, որ կարողանանք տեսնել, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչի կարիք ունեն և եթե կարող ենք նաև մենք աջակցել, որ այդ կարիքները հնարավոր լինի պատշաճ կերպով հասցեագրել։ Նշեմ, որ մենք չենք բարձրաձայնում դրա մասին հանրային հարթակում։ Դա մեզ թույլ է տալիս առավելապես բաց կերպով քննարկել այդ հարցերն այն պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»,-ասաց Զառա Ամատունին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: