ԼՂ–ում ռազմական գործողությունների ու բռնի տեղահանման օրերին
վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 87 մարդ այս պահին շարունակում է բուժում ստանալ ՀՀ տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«87 բուժառուից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը` ծայրահեղ ծանր: Սեպտեմբերի 24-ից մինչ օրս ունեցել ենք 44 մահ, նրանց մեծ մասը`պայթյունի հետևանքով»,– ասաց նա։
Ծատրյանի փոխանցմամբ` 19 պացիենտ այս պահին շարունակում է բուժում ստանալ արտասահմանում։
Վերջին շաբաթների ընթացքում 160-ից ավելի բուժառու դուրս է գրվել, բայց շարունակում է գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ:
Մարիամ Ծատրյանը նշեց նաև, որ ԼՂ–ից տեղահանված ընտանիքներում այս ընթացքում ծնվել է 160 երեխա, պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում գրանցվել է 57.200 անձ, բժշկական տարբեր կենտրոններում աշխատանքի է անցել 100 բուժաշխատող: