Եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարություն գոյություն ունենա, պետք է հայցեն Սփյուռքի օգնությունը

  • 19:56 15.11.2023

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Տիկի՜ն Չոբոյան, Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են փակել Արցախի քաղաքական հարցը, Սփյուռքում ի՞նչ դիրքորոշում կա այս հարցով։

– Այո՜, ինչպես ուրիշ քաղաքական հարցերում, Հայաստանի իշխանություններն այսօր տեսլական չեն ցուցաբերում նաեւ Արցախի հարցում։ Օրեցօր նոր որոշումներ են ընդունում, օրինակ, այն որոշումը, որ Արցախից տեղահանված մարդիկ պետք է կա՜մ փախստականի, տեղահանվածի կարգավիճակ ունենան, կա՜մ Հայաստանի քաղաքացի դառնան։ Իսկապես մեծ հնարավորություններ կան միջանկյալ կարգավիճակներ ու ձեւեր գտնելու՝ մեր հայրենակիցների փախստականի կարգավիճակը պահպանելու եւ իրենց բոլոր հնարավորությունները տալու, որպեսզի օգտվեն Հայաստանի քաղաքացու իրավունքներից։ Սա չի արվել, ըստ իս՝ դա Հայաստանի իշխանության կողմից մեծ սխալ է, նույնիսկ կարող եմ ասել, որ հանցանք է ապագայի համար։ Հնարավորություններ կան, եւ այս հարցերով մեծ մասնագետներ կան Սփյուռքում։ Հնարավորություններ կան, ապագայում վերադարձի իրավունքի գործադրման համար ձեւեր կան, պետք է այդ ուղղությամբ քաղաքականություն վարել, որը Հայաստանի իշխանությունները չեն ընդունում։

Ես կարծում եմ, որ Արցախի պատասխանատուները, չասեմ միայն Արցախի իշխանությունները, նաեւ Արցախում ու Հայաստանում մտահոգ շրջանակները պետք է միանան Սփյուռքի այն շրջանակների հետ, որոնք ուզում են, որ այս իրավունքը չկասեցվի, այսինքն՝ վերադարձի իրավունքը՝ իր բոլոր ածանցյալ իրավունքներով չկասեցվի։ Ես կարծում եմ, որ այս հարցի շուրջ Հայաստանում պետք է քաղաքացիական շարժում սկսվի։ Ճիշտ է, ժամանակը կարճ է, տեղահանվածները շատ հուսահատ վիճակում են, ուզում են իրենց դժվարություններին  ու տառապանքներին վերջ տալ, շատերը կընդունեն Հայաստանի քաղաքացիություն եւ կհրաժարվեն փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակից, բայց կարծում եմ, որ այս հարցը հասարակական շարժման կարիք ունի։

Դուք ի՞նչ եք նկատում՝ Հայաստանի իշխանությունը փորձում է այսպիսով փակե՞լ Արցախի տեղահանված բնակչության վերադարձի հարցը։

-Ես իրական քաղաքականության ու վերջնանպատակների մասին լավ տեղեկացված չեմ։ Բայց կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից հեշտ տարբերակ գտնելու մղում կա։ Իմ կարծիքով՝ ապագայի մասին չեն մտածում, իսկ վերադարձի իրավունքն ապագայի մասին է։ Հայաստանի իշխանությունները մինչեւ հիմա չեն փայլել իրենց հեռատեսությամբ եւ երկարատեւ ծրագիր ու քաղաքականություն մշակելու գործի մեջ։ Եթե այսպես են որոշել, ես կարծում եմ, որ իրենց համար ամենահեշտ ու պարզունակ ձեւը սա է։ Իսկ քաղաքականությունը պարզունակություն չի սիրում, քաղաքականությունը ենթադրում է, որ մենք հեռատես պետք է լինենք, ազգային տեսլական պետք է ունենանք՝ բոլոր իր ածանցյալ իրավունքներով եւ այլն։ Չեմ ուզում այդքան հեռու գնալ ու ասել, որ Հայաստանի իշխանություններն ուզում են Արցախի վրա խաչ քաշել,  բայց ուզում եմ ասել, որ սա անհեռատես քաղաքականություն է։ Մարդկանց նոր կարգավիճակ տալով, իրենց ուղեղներում ու հոգեբանության մեջ այս գաղափարը արմատացնելով, որ՝ դուք այստեղ եք ու պետք է բնակվեք այստեղ, սահմանի մյուս կողմը պետք է մոռանաք, սա Հայաստանի իշխանության մեծ թերությունն է։

Եթե անդրադառնանք Սփյուռքին, ի՞նչ դիրքորոշում ունի Սփյուռքը Արցախի հարցի մասին, քաղաքական պահանջներ դրվո՞ւմ են այս փուլում։

-Սփյուռքը շատ բազմաշերտ է, պետություն չէ, ապակենտրոնացած մեկ մարմին է, որի մեջ տարբեր ուղղություններ ու գաղափարներ կան։ Բայց Սփյուռքի մեջ վերջին 30 տարիներին արմատացած է Արցախի իրականությունը։ Եվ եթե այսօր Արցախի իրականության մղումը Հայաստանի հասարակության ու արցախցիների կողմից գոյություն ունենա, Սփյուռքը միշտ դրա կողքին կկանգնի ու կսատարի։ Եթե Սփյուռքը դիտարկենք որպես հայկական ինքնության մեկ բաղադրիչ,  այդ գիտակից բաժինն անպայման Արցախի կողքին պետք է լինի եւ պետք է սատարի։ Ոչ թե պետք է առաջնորդի, այլ սատարի Արցախ վերադարձի ծրագրի իրագործմանը։ Չի կարելի մարդկանց այսպես կոտրել, 30 տարի ներդրումներ են արել, Սփյուռքում մարդիկ՝ շատերը, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրեցին այս հարցին, այսօր արդեն իսկ շատ կոտրված են։ Անշուշտ, Հայաստանի անկախության հարցին են իրենց նվիրել մարդիկ, բայց դրան զուգահեռ Սփյուռքը մեծ հույսեր էր կապել Արցախի վերածնունդի շարժմանը։ Նաեւ ներդրումներ են արել, նաեւ կյանքեր են տրամադրել այս գործին, չասեմ զոհել։ Եվ շատ մարդիկ այսօր շատ կոտրված են զգում, նրանք ամենաշատը նվիրված մարդիկ են։ Այսօր այս թեւաթափ վիճակին պետք է վերջ տալ եւ նախաձեռնությամբ հանդես գալ։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ֆինանսավորում չեն հատկացնելու Արցախի պետական մարմինների գործունեության համար։ Արցախի սուբյեկտայնությունը պահելու համար կարեւոր է նաեւ պետական մարմինների գործունեությունը, Սփյուռքը կարո՞ղ է ֆինանսավորում հատկացնել այս ուղղությամբ։

Այս ամենը ծրագիր է ենթադրում։ Որպեսզի Սփյուռքը ֆինանսավորի այս կամ այն բանը, ծրագրեր պետք է լինեն։ Պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք պետք է աշխատեն Սփյուռքում առկա կառույցների հետ։ Եվ ամեն ինչ հնարավոր է, անհնար ոչինչ չկա։ Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալու, որ Արցախի վտարանդի կառավարությունն իր կառույցներով գոյություն ունենա, պետք է կառույցներ ստեղծվեն ու հայցեն Սփյուռքի օգնությունը։

Ռոզա Հովհաննիսյան